ԵՀՀ ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը Պեչա-Կուչա Երևան երեկոյի ընթացքում խոսել է ապատեղեկատվության մասին
Սեպտեմբերի 16-ին ՀԲԸՄ-ում տեղի ունեցավ Պեչա-Կուչա Երևան երեկոն, որի ընթացքում ութ մեդիափորձագետներ և լրագրողներ ներկայացրին ապատեղեկատվության հետ կապված իրենց փորձառությունները և առաջարկեցին դրա դեմ պայքարի իրենց մոտեցումները։ Խոսնակներից էր նաև ԵՀՀ ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանը։ Իր խոսքում նա ընդգծեց ապատեղեկատվությունը որսալու և դրանից պաշտպանվելու գործում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անհատների կարևորության մասին։ Քաղաքացիական հասարակությունը թեև հավաքական, բայց և տարասեռ և ճկուն ինքնություն է, այն թույլ է տալիս տարբեր միջոցներով (օրինակ՝ քննադատական մտածողության հիման վրա զարգացրած գրականություն, փաստերի ստուգում, քաղաքացիական ոչ ֆորմալ կրթություն և այլն) վեր հանել մեդիա հոսքերում այս կամ այն կերպ արտահայտած ապատեղեկատվությունը և նվազագույնի հասցնել դրանցից բխող վտանգները։ Միքայելը նշեց, որ քաղաքացիական հասարակությունն ինքը ենթակա է նման ապատեղեկատվությունների և բացասական վերաբերմունքի, ուստի քննադատական մտածողությունը շատ կարևոր է ապատեղեկատվության ծագումը, թիրախը և նպատակը հասկանալու համար։ «Տեղեկատվական դիմադրողականություն» վերնագիրը կրող այս միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից։ Երեկոյին ներկա էին ապագա լրագրողներ և քաղաքացիական հասարակության երիտասարդ ներկայացուցիչներ։
ԵՀՀ ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանի ներկայացումը հասանելի է այստեղ։