Gevorg_Ter-Gabrielyan_science_fiction_part_3

Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. մաս 3. 60-ականների վերելքը և տաղանդի ծաղկում | Գևորգ Տեր-Գաբրիելյան

Բուն TV-ն մեկնարկում է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը։ Այն սկսում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ մենախոսական ձևաչափով։ 

Ստրուգացկի եղբայրների ստեղծագործության հաջորդ փուլը հեղափոխության հեղափոխություն է, որովհետև, այնուամենայնիվ, նախորդ փուլը մնում էր կոմունիստական, ուտոպիստական ապագայի խաղի կանոնների սահմաններում: Իսկ հաջորդն արդեն ուրիշ է:

«Դժվար է աստված լինել» գործը գրվել է գրեթե զուգահեռաբար նախորդ շրջանի գործերին, սակայն իր գրական արժանիքներով, նշանակությամբ և գաղափարի խորությամբ մտել է համաշխարհային գրականության ոսկե հավաքածուի մեջ: Այն առաջին անգամ հրապարակվել է 1963 թվականին և մի քանի անգամ էկրանավորվել է, վերջին անգամ՝ ավագ Ալեքսեյ Գերմանի կողմից: Նկարահանումները տևել են 20 տարի, և ռեժիսորը մահացել է՝ առանց իր աշխատանքն ավարտելու. ֆիլմը հավաքվել է նրա մահից հետո:

«Դժվար է աստված լինել» գրքում քննարկվում է միջնադարյան քաղաքակրթություն՝ համապատասխան բարքերով, որտեղ ներկա են կոմունիստական երկրագնդից եկած մարդիկ, որոնք փորձում են օգնել փոխել այդ բարքերը: Այստեղ միանգամից հարցերի մի հսկայական կծիկ է դրվում. մարդու պայքարը գոյություն ունեցող շրջապատի շատ տարբեր մակարդակի հետ: Շրջապատը չունի բարոյական արժեքների հիմք, կամ այն ամբողջությամբ այլ է, և կա մեկը, ով հետևում է որոշակի արժեքների. նա ուժեղ է, սակայն մենակ:

Գրքում բարձրացված խնդրի մյուս կողմն ընդհանրապես այդ արժեքների բացակայության պայմաններում գոյություն ունեցող բարքերն են, ինչպես նաև մարդկային հարաբերությունների ու բարքերի՝ դաժանության ու բռնության հակվածության պատճառները:

Ֆանտաստիկ առումով խնդիրն այլ կերպ է ձևակերպվում. արդյո՞ք երկրագնդի այդ զարգացած անձնավորությունները պրոգրեսոր լինելու իրավունք ունեն: Ստրուգացկի եղբայրների գլխավոր տերմիններից մեկը՝ «պրոգրեսոր» տերմինը, առաջին անգամ այս գործում է ձևակերպվում: Պրոգրեսորն այն մարդն է, որն օտար քաղաքակարթության մեջ փորձում է այնպես ուղղել գործունեությունը, որպեսզի այնտեղ պրոգրես սկսի տեղի ունենալ:

 

Ավելին