Հայաստանում առաջին անգամ անցկացվեց պատերազմի և խաղաղության մասին «Դիալոգոս» Չփառատոնը
2016 թ. փետրվարի 22-25-ը Երևանում կայացավ «Դիալոգոս» պատերազմի և խաղաղության Չփառատոնը։ Այն իրականացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսավորմամբ։ Կոնֆլիկտների մասին վավերագրական ֆիլմերի Չփառատոնն առաջին անգամ էր անցկացվում Հայաստանում։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը փառատոնի բացման խոսքում նշեց, թե ինչու են ընտրել «Չփառատոն» բառը փառատոնի փոխարեն․ «Ցուցադրվող ֆիլմերի թեման մեր տարածաշրջանի հակամարտություններն են։ Դժվար է տոն անվանել մի միջոցառում, որտեղ ցուցադրվում են ֆիլմեր բավականին ծանր, տխուր և չլուծված խնդիրների շուրջ»։
«Դիալոգոս» չփառատոնի համակարգող Աննա Բարսեղյանն էլ հավելեց, որ ֆիլմերը, որոնք ցուցադրվեցին այդ օրերին, չեն ստեղծվել փառատոնների համար, և շատ հաճախ հեղինակները մասնագետներ չեն։ Այդ ֆիլմերը ստեղծվել են որպես երկխոսության գործիք, համատեղ ծրագրերի արդյունք։
Աննայի խոսքով «Դիալոգոս» չփառատոնը ֆիլմերի դասական փառատոն չէ նաև այն պատճառով, որ այստեղ չկա ժյուրի, մրցանակներ։ Չփառատոնը կոչվում է Դիալոգոս՝ քանի որ հին հունարենից թարգմանաբար նշանակում է երկխոսություն։ «Մենք ուզում ենք, որ այս ֆիլմերի միջոցով մարդիկ այստեղ խոսեն, հաղորդակցվեն ինչ-որ կոնսենսուսի գան»։
Փառատոնի ընթացքում ցուցադրվեցին ֆիլմեր, որոնք ֆինանսավորվել են Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում։ Ցուցադրվեցին հայտնի և հասարակության համար ավելի պակաս հայտնի ռեժիսիորների, սցենարիստների ֆիլմեր։
«Դիալոգոս» չփառատոնի ընթացքում ներկայացվեցին նաև Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հայ-ադրբեջանական երկխոսությանն ուղղված ծրագրերի շրջանակներում նկարահանված վավերագրական և անիմացիոն ֆիլմեր։ Դրանք են 2009 թվականին Քրիստինե Վարդանյանի, Դավիթ Էնֆեջյանի, Ջավանշիր Աղամալիևի և Ֆրաման Նաբիևի կողմից նկարահանված «Ուղևոր» ֆիլմը, Վահե Ներսիսյանի և Մահերամ Զեյնալովի կողմից 2012թ. նկարահանված «Անանուն մարդը», «Մարդկության պատմության կարճ տարբերակը» անիմացիոն կարճ ֆիլմերը։ «Ուղևոր» ֆիլմի ընթացքում Երևանում և Բաքվում ֆիլմի վարորդները լսում են ադրբեջանական և հայկական երաժշտություն։ Ֆիլմի հեղինակներն էլ հետևում են ուղևորների արձագանքներին և վարորդի հետ զրույցին։ «Անանուն մարդը» անիմացիոն ֆիլմի հեղինակները ներկայացնում են հերթական անանուն միգրանտին, ով միայնակ հայտնվում է մեգապոլիսում։ Միգրանտը երազում է գտնել իր տեղն ու փող վաստակել։ Եվ, ինչպես հաճախ է պատահում, նա մնում է ոչ միայն օտար, այլև իր վրա զգում է «կովկասյան ազգության դեմք» պիտակի ճնշումը։
ԵՀՀ ծրագրերի տնօրեն Իզաբելլա Սարգսյանն ասում է․ «Այս ֆիլմերը մաս են կազմում մեր ավելի մեծ ծրագրի, որն ուղղված է հայերի և ադրբեջանցիների միջև կապեր ու փոխըմբռնում հաստատելուն։ Այս բոլոր ֆիլմերը նկարականվել են երկողմանի ջանքերի շնորհիվ, ինչը ապացուցում է, որ երկխոսությունն ու համագործակցությունը հնարավոր է»։
Ստեփանակերտցի Մարութ Վանյանի կարծիքով կարևոր է նման ֆիլմերի ցուցադրությունը, որովհետև մարդը մոտիկից է պատկերացնում կոնֆլիկտի էությունը, ծանոթանում խնդիրների այնպիսի նրբությունների, որ մինչ այժմ չէր պատկերացնում։ «Անգամ Ստեփանակերտում ապրողն այդքան մոտիկից չի զգում կոնֆլիկտը, որքան հենց սահմանում ապրող քաղաքացին։ Օրինակ Արա Շիրինյանի և Տիգրան Պասկևիչյանի «Պատերազմ պատերազմից հետո» ֆիլմը Տավուշի մարզի սահմանակից գյուղերի մասին է։ Ես լսել էի, բայց չէի պատկերացնում, թե ինչ է կատարվում Տավուշի սահմանամերձ գյուղերում»,- նշում է Մարութ Վանյանը, հավելելով, որ ցուցադրված ֆիլմերից յուրաքանչյուրն իր կարևորությունն ունի։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, հնարավորության դեպքում, մտադիր է շարունակելու ամենամյա Չփառատոնը՝ պարտադիր պահպանելով կոնֆլիկտների թեմատիկան։
Անուշիկ Ավետյան