Isabella in NA

Իզաբելլա Սարգսյանի ելույթն Ազգային ժողովում

Ապրիլի 5-ին «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ նաև ԵՀՀ-ից Իզաբելլա Սարգսյանը։ Ելույթի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Իզաբելլա Սարգսյան,

Եվրասիա համագործակցություն հիմնադրամ

5 ապրիլի, 2019 թ․

 

Շատ ուրախ եմ այստեղ լինել և շատ ուրախ եմ բազմաթիվ սիրելի և ծանոթ դեմքեր տեսնել այս դահլիճում: Հույս ունեմ, որ Ազգային ժողովի այլ պատգամավորները ևս հետևում են մեր այս քննարկմանը իրենց աշխատասենյակներից, կամ հնարավորություն կունենան լսելու այս ամենը, ինչի մասին խոսում ենք։ Որովհետև կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության խնդիրներից մեկը, որը մենք միշտ ունեցել ենք, յուրայիններին քարոզելն է: Մենք շատ հաճախ հարցեր ենք բարձրացնում մեր իսկ շրջանակներում՝ հնարավորություն չունենալով բանավիճելու նրանց հետ, ովքեր այլ տեսակետներ ունեն:

Նախ կուզեի մի երկու խոսք ասել խտրականության մասին: Ես արդեն լսել եմ, որ բավականին թյուր կարծիքներ են տարածվում, այդ թվում Ազգային ժողովում, այն հարցի շուրջ, թե ինչ բան է խտրականությունը, ինչու է պետք խտրականությունը արգելող օրենք, և հաճախ այդ հասկացությունը նենգափոխվում է։

Ինչպես պարոն Քոչարյանը արդեն նշեց՝ խտրականությունը արգելող օրենք ունենալը մեր նոր կառավարության ծրագրի մաս է, բացի դրանից, այս պարբերական դիտարկման երեսուներեք հանձնարարական ևս վերաբերվում են խտրականությանը:

Խտրականության տարբեր ձևակերպումներ կան, բայց կարծում եմ, Եվրոպական դատարանի այն ձևակերպումը, որ «խտրականությունը տարբերակված վերաբերմունք է հավասար, կամ գրեթե հավասար պայմաններում», երևի ամենակիրառականն է: Այսինքն խոսքը գնում է ցանկացած մարդու մասին, ուզում եմ նշել, որ սա չի վերաբերվում միայն փոքրամասնություններին, սա վերաբերվում է բոլորին՝ ամենատարբեր հիմքերով:

Ուզում եմ նաև «փոքրամասնություն» բառին մի փոքր անդրադառնալ: Քաղաքացական պայմանագիր կուսակցությունը նախորդ գումարման Ազգային ժողովում փոքրամասնություն էր, այսօր՝ մեծամասնություն է: Հանրապետական կուսակցությունը, որը մեծամասնություն էր, այսօր ընդհանրապես այստեղ ներկայացված չէ: Այսինքն, մեծամասնություն և փոքրամասնություն հասկացությունները, մեծ առումով, շատ պայմանական են:

Ես ուզում եմ տիկին Անդրեասյանի ասածին ևս անդրադառնալ, այն մասով, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց մի զգալի մասը այն ձեռք է բերել կյանքի ընթացքում։ Այսինքն այս պահին ես կարող է հաշմանդամության հիմքով խտրականության չենթարկվեմ, բայց չի բացառվում, որ վթարի կենթարկվեմ, կդառնամ հաշմանդամ և կենթարկվեմ խտրականության:

Խտրականությունը արգելող օրենքը բոլորի համար է։ Ավելին, մեր երկրի փորձը ցույց է տալիս, որ, օրինակ, քաղաքական հայացքների համար, գոնե նախորդ տասը տարիներին, բազմաթիվ մարդիկ ենթարկվել են խտրականության: Եվ դրանք շատ տարածված հիմքեր են՝ քաղաքական հայացքներ, սոցիալական իրավիճակ, հաշմանդամություն, արտաքին տեսք: Այստեղ ուզում եմ մեջբերել նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, որի շուրջ կառուցված է ամբողջ մարդու իրավունքների ճարտարապետությունը, որտեղ խոսվում է այն մասին, որ մարդը ծնվում է ազատ և հավասար իր իրավունքներով և արժանապատվությամբ: Այստեղ արժանապատվություն բառը շատ կարևոր է, մի բան, որի մասին հաճախ մոռացվում է: Այստեղ խոսքը այն մասին է, որ ցանկացած մարդ արժանապատվություն և իրավունքներ ունի, և պետությունը պարտավոր է պաշտպանել մարդուն:

Մեկ այլ թերացման կամ սխալ մեկնաբանության մասին ևս եմ ուզում ևս նշել. մեր ընդդիմախոսները հաճախ ասում են այս օրենքը սեռական փոքրամասնությունների համար է, կամ այս օրենքը կրոնական փոքրամասնությունների համար է, ուզում եմ ասել, այո, այս օրենքը բոլորիս համար է՝ ցանկացած մարդու: Եվ միջազգային իրավունքի համակարգը պաշտպանում է ոչ թե կրոնները, գաղափարները, ապրելակերպերը, միջազգային իրավունքը, մեր սահմանադրությունը, մեր օրենքները պաշտպանում են մարդուն այնպիսին, ինչպիսին որ նա կա, իրեն բնորոշ բոլոր հատկանիշներով:

Ուզում եմ անդրադառնալ նաև օրենքին և դրա անհրաժեշտությանը, քանի որ Ազգային ժողովում ենք, և կարծում եմ շատ կարևոր է դա մատնանշել: Հայաստանը չունի համապարփակ օրենսդրություն, հետևաբար չկա խտրականության ձևակերպում, հետևաբար որևէ դատարան չի կարող քաղաքացու հայտը բավարարել խտրականության հիմքով:

Բացի դրանից գոյություն չունի խտրականության տեսակների մասին որևէ ձևակերպում, ինչ է նշանակում խտրականության տեսակներ: Հաճախ ասում են լավ, եթե դու, օրինակ՝ կին ես, և քեզ աշխատանքի չեն վերցնում, որովհետև դու երիտասարդ ես ու կարող ես գնալ դեկրետ՝ դիմիր դատարան: Որևէ դատարան նման հայց չի նայելու, որովհետև այսօրվա գործող օրենսդրությամբ ապացուցման բեռը հայցողի վրա է: Այս օրենքի նախագծով ապացուցման բեռը պատասխանողի վրա է դրվելու: Այսինքն պատասխանողը պետք է ապացուցի, որ ինձ խտրականության չի ենթարկել տվյալ հատկանիշով: Դա շատ կարևոր փոփոխություն է, որն այս օրենքի նախագիծը առաջարկում է:

Երկրորդը առաջ է բերվում այդպիսի հասկացություն, ինչպիսին է ոչ ուղղակի խտրականությունը: Այսինքն ինձ աշխատանքից ազատում են ընդդիմության միտինգին մասնակցելու համար, բայց որևէ փաստաթղթում գրված չէ, որ քեզ ազատել ենք, որովհետև միտինգի ես գնացել: Գրում են երկու անգամ ուշացել ես, երեք անգամ թուղթ չես բերել հիվանդության մասին։ Դա ոչ ուղղակի խտրականություն է, որը շատ ավելի դժվար է բացահայտել և դատարանում ապացուցել: Առաջարկվում են նաև այլ ձևեր, օրինակ՝ ասոցացված խտրականություն, որպես օրինակ՝ միտինգի գնում է իմ ամուսինը, բայց աշխատանքից ազատում են ինձ: Այսինքն այն ասոցացված է մեկ այլ անձի հետ: Այս բոլոր բնորոշումները մենք առաջարկել ենք և այդ բոլոր բնորոշումները օրենքի նախագծի մեջ կան:

Մեկ այլ, շատ կարևոր հարց, որը ես ուզում եմ հենց Ազգային ժողովում բարձրացնել՝ այն նախագիծը, որը կա այս պահին և շրջանառվում է, որպես հավասարության մարմին, որը պետք է զբաղվի խտրականության հարցով, առաջարկվում է Մարդու իրավունքների պաշտպանը: Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան և մեր կազմակերպությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններ, որոնք զբաղվում են այս հարցերով, կարծում են, որ շատ ճիշտ կլինի, եթե այս մարմինը լինի անկախ մարմին, խորհրդարանական վերահսկողության ներքո:

Շատ կարճ բացատրեմ ինչու: Մենք շատ հարգում ենք, շատ գնահատում ենք Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, նրա մանդատը, անկախության երաշխիքները, բայց, ցավոք, ըստ գործող օրենքի, մասնավոր սեկտորը, բացի հանրային ծառայություն մատուցող կազմակերպություններից, մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններից դուրս է, իսկ խտրականության դեպքերի շատ մեծ մասը տեղի է ունենում հենց մասնավոր սեկտորում: Դա օրինակներից մեկն է, թե ինչու ենք մենք առաջարկում, որպեսզի անկախ մարմին ստեղծվի՝ գործող Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն:

Ամփոփելով, ուզում եմ երկու բան նշել տնտեսական հեղափոխության հետ կապված: Խտրականության դեմ օրենք ունենալը և խտրականության բացառումը տնտեսական զարգացման հիմքերից մեկն է: Երբ դու աշխատաշուկայից, և ոչ միայն աշխատաշուկայից, դուրս չես թողնում որևէ մարդու՝ հիմնված նրա որևէ հատկանիշի վրա: Դա ապացուցված է: Ապացուցված է նաև, որ տնտեսական զարգացումը և խտրականության բացառումը իրար հետ շատ սերտորեն կապված խնդիրներ են: Դրա համար, կարծում եմ, Հայաստանի համար և մեր կառավարության դեպի տնտեսական հեղափոխության ուղղված կուրսը շատ համապատասխանում են իրար:

Երկրորդը, ես կուզեի, որ այս օրենքը ընդունված չլիներ պարզապես միջազգային մարմինների կամ անգամ հասարակական կազմակերպություններին համար, ուղղակի նշում կատարելու և առաջ անցնելու համար, կամ զեկույցներոմ ասելու համար, որ սա արված է: Շատ կարևոր է, որ գործող հավասարության մարմին լինի, շատ կարևոր է, որ մարմինը վարչական ակտեր կայացնելու հնարավորոթյուն ունենա, մասնավոր սեկտոր մուտք ունենա: Շատ կարևոր է, որ մարդը ստիպված չլինի նորից գնալ դատարան, այլ հնարավորություն ստեղծվի, որ այս մարմնի միջոցով որոշակի հարցեր լուծվեն: Նման նախադեպեր կան այլ երկրներում, օրինակ Մոլդովայի տարբերակը մենք համարում ենք ավելի գործուն, քան, ասենք, Վրաստանի օրինակը՝ որտեղ մարդու իրավունքերի պաշտպանի գրասենյակում է դա գտնվում և շատ ավելի դժվար է աշխատում, քան խորհրդարանական վերահսկողության տակ եղած մարմինները:

Ամփոփելով, ուզում եմ ասել, որ եթե նախորդ կառավարության կարգախոսն ազգ-բանակն էր, իմ կարծիքով, այսօրվա կառավարության և մեր հեղափոխության արժեքը մարդն է. մարդը, նրա արժանապատվությունը, նրա իրավունքները և նրա երջանկությունը: Այդ գաղափարը բազմիցս հնչեցվել է այս ամբիոնից, և ես հավատացած եմ, որ խտրականության դեմ օրենքի և գործնական քայլերի կիրառմամբ, մենք մեկ ևս քայլ կանենք դեպի այդ մեր երազանքը, դեպի այդ մեր ցանկությունը, որը տարիներ շարունակ շատերս փափագել ենք և չենք հավատացել, որ մի օր դա իրականություն կդառնա։ Շնորհակալություն:

Ավելին