ՀԿ կառավարման դպրոց

CSO Management School

2015թ սեպտեմբերի 24-26 Եվրասիա համագործակցություն հիմնադրամն (այսուհետ՝ ԵՀՀ)  իրականացրեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար նախատեսված կառավարման եռօրյա դպրոցը, որը «ՀԿ Դեպո» ծրագրի՝ հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասն է:  Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Դասընթացին մասնակցեց Արագածոտնի, Շիրակի, Սյունիքի մարզերից և Երևան քաղաքից 19 հասարակական կազմակերպությունների 24 անդամ:

ԵՀՀ-ի փոխտնօրեն Վազգեն Կարապետյանը, խոսելով «ՀԿ Դեպո» ծրագրի մասին, նշեց, որ  այն յուրահատուկ մի ծրագիր էորը թույլ է տալիս ԵՀՀ-ին Հայաստանում 20 տարիների գործունեության ընթացքում կուտակած փորձը փոխանցել մեր երկրում ակտիվ գործող այլ ՀԿ-ներին:

Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ դրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ «Մոտ մեկ ու կես տարի է՝ սկսել ենք իրականացնել «ՀԿ Դեպո» ծրագիրը, որն ուղղված է հայաստանյան քաղաքացիական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը: Ծրագրի տևողությունը 5 տարի է: Մեկ տարվա ընթացքում մենք արդեն կարողացել ենք գործընկեր կոնսորցիումի անդամ կազմակերպությունների հետ ստեղծել մի քանի հիմնական գործիքներ, մշակել  ծրագրի մեթոդոլոգիան, որը կիրառվելու է մնացած չորս տարիների ընթացքում»,- հավելեց Վազգեն Կարապետյանը՝  հույս հայտնելով, որ նախատեսվում է մոտ 150-160 փոքր և միջին ՀԿ-ներին ընդգրկել շահառուների ցանկի մեջ։

Դասընթացի ընթացքում անդրադարձ կատարվեց ՀԿ-ների համար էական մի շարք առանցքային հարցերին, այդ թվում՝  կազմակերպական համակարգերի զարգացում և կառավարում, ֆինանսական կայունությանը նպաստող գործոններն ու չափանիշները, ինչպես նաև հաղորդակցություն և ֆոնդահայթայթում։ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի մասնագետներ Գեղամ Վարդանյանը և Նարինե Սաֆարյանը մասնակիցներին ներկայացրեցին մեդիայի հետ աշխատելու սկզբունքները ՀԿ-ների գործունեության տեսանելիությունը բարձրացնելու համար։

Դասընթացի մասնակից Էրիկ Ղազարյանը, ով  ներկայացնում էր «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն,  խոսելով ծրագրի արդյունավետության և իրենց կազմակերպության թույլ կողմերի մասին, նշեց, որ թեև ՀԿ-ն գործում է արդեն հինգ տարի, սակայն այս տարիների ընթացքում նրանց թույլ կողմերից մեկն եղել է հաղորդակցությունը: «Կարևոր էր հաղորդակցության մասին քննարկումը, որն անմիջապես կապ ունի մեր թույլ կողմերից մեկի հետ, ինչպես նաև կարևորում եմ դրամաշնորհներ ներկայացնելու մասին գիտելիքները»,- հավելեց Էրիկը։

«Հայկական բիզնես ինկուբատոր» ՀԿ-ի ներկայացուցիչ Կարեն Հովհաննիսյանի խոսքով յոթ տարուց ավել է, ինչ ՀԿ ոլորտում գործունեություն են ծավալում, սակայն ՀԿ-ի հիմնական խնդիրը արտաքին ռեսուրսի պակասն է:  «ֆոնդահայթաթման  այս դասը մեզ բավականին կօգնի ֆինանսական կայունություն ապահովելու համար»,- նշեց Կարենը:

Դպրոցի մեթոդաբանության հիմքում այն թեզն է, որ ՀԿ կազմակերպական համակարգերի կառուցումն ու ստեղծագործ զարգացումը կօգնի ՀԿ-ների կայունության ամրապնդմանը։ Այլ սկզբունքներից են մասնակցայնությունը, ստեղծագործ մտածելակերպը, փոխադարձ և համատեղ սովորելու հնարավորությունը, ոչ-դասական բովանդակության և գործընթացի ձևավորումը՝ համապատասխանեցված տվյալ լսարանի կարիքներին:

Սա երկրորդ նմանատիպ դասընթացն էր, և մասնակիցները հնարավորություն են ստանալու հետագայում օգտվելու «ՀԿ Դեպո» ծրագրի կողմից առաջարկվող այլ ծառայություններից ևս, ինչպիսիք են օրինակ` ՀԿ տեղեկատվական պորտալը, որի մեկնարկը շուտով կհայտարարվի և կազմակերպական կարողությունների բարելավման գործիքը։

«ՀԿ ԴեպոՀասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրն» իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Ծրագրի նպատակն է Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները զարգացնել այնպես, որ նրանք դառնան երկրում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն գործիչներ։

Ավելին