Աջակցություն քաղաքացիական հասարակությանը ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհներ

SIDA-EPF

2020 թվականի նոյեմբերի 1-ից Եվրասիա Համագործակցություն հիմնադրամը, Երևանում Շվեդիայի դեսպանատունը և ՍԻԴԱ-ն սկսել են նոր ծրագիր, որ կոչվում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» (ՔՀ աջակցություն): Նպատակն է օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

ՔՀ աջակցություն ծրագիրը բաղկացած է երեք հիմնական բաղադրիչներից, որոնցից մեկը «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթն է։ Մարտի 18-ին հայտարարված մրցույթի շրջանակներում ԵՀՀ-ն ստացել է բազմաթիվ ծրագրերի առաջարկներ, որոնցից երեսունվեցն արդեն իրականացման փուլում են։ Այդ ծրագրերի կարճ նկարագրությունը ներկայացնում ենք ստորև։

 

Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն ունենում հաշմանդամության քաղաքականության մշակմանը, իրականացմանը և մոնիթորինգին մասնակցելու հնարավորություն տարբեր վերաբերմունքային, ֆիզիկական, իրավական և հաղորդակցական արգելքների պատճառով։ Այդ արգելքներն ավելի զգալի են դարձել և նոր դրսևորումներ ստացել Քովիդ-19-ի բերած առողջապահական, սոցիալ-տնտեսական և հաղորդակցության խոչընդոտների և 2020 թվականին տեղի ունեցած պատերազմին հաջորդած՝ կյանքի տարբեր ոլորտներում առկա խորը ճգնաժամի հետևանքով։ Այդ երկու գործոնների փոխազդեցությունը հանգեցրել է նաև պետական կառավարման համակարգի մարմինների ու հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների միջև կապի խզմանը, ինչը վտանգում է հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը։ Այս ծրագրի նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագրի մասնակցային մշակման և իրականացման մոնիթորինգի ու գնահատման միջոցով։ Արդյունքում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ կմշակվի հետազոտությունների վրա հիմնված և հաշմանդամության մարդու իրավունքների մոտեցումներով նոր համալիր ծրագրի նախագիծ։

 

Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Չնայած ազատազրկված անձանց կրթության իրավունքի՝ քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ ամրագրված լինելուն, այն արդյունավետ կերպով չի իրականացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ: Այս ծրագրի նպատակն է խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը: Նախատեսվում է ուսումնասիրել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման օրենսդրական և պրակտիկ խոչընդոտները և դրանց ազդեցությունն անհատական մակարդակում, բացահայտված հիմնախնդիրների շուրջ իրականացնել հանրային իրազեկում, ուսումնասիրության արդյունքների հիման վրա մշակել իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ և իրականացնել բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջատագովություն:

 

Կանխարգելենք բռնությունը դպրոցներում՝ ի նպաստ առողջ հասարակության»

«Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ

Դպրոցի միջավայրը չափազանց կարևոր է բոլոր աշակերտների համար և այն մեծ ազդեցություն է թողնում նրանց հետագա կյանքի վրա: Ուսումնասիրությունները փաստում են, որ դպրոցում առկա բռնությունը բացասական ազդեցություն է թողնում բոլոր երեխաների վրա՝ թե՛ բռնության ենթարկվողի ու թե՛ բռնություն գործադրողի վրա: Այնուամենայնիվ, հայկական դպրոցներում տեղի ունեցող բռնությունները կանխարգելելու լուծման տարբերակները դեռևս այդքան էլ արդյունավետ չեն ։«Կանխարգելենք բռնությունը դպրոցներում՝ ի նպաստ առողջ հասարակության» ծրագրի նպատակն է նպաստել Շիրակի մարզի դպրոցներում բուլինգի  կանխարգելմանը, երևույթի նկատմամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ տրամադրելով հոգեբանական աջակցություն բուլինգից տուժած բոլոր անձանց։»: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վեր հանել Շիրակի մարզի դպրոցներում բուլինգի դրսևորման պատճառները և հավաքագրել դպրոցներում կատարվող բռնության մասին տվյալները՝ ապահովելով դպրոցներում բռնության կանխարգելման և խնդրի համապատասխան լուծման մեթոդների առկայությունը։

 

Գետառ. Գետի հավաքական հիշողության միջոցով պատմվող քաղաքային վերափոխումների, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի մասին

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» սոցիալական և մշակութային ՀԿ

Անցած տասնամյակների ընթացքում պատմական շենքերը, բնական օբյեկտները և Երևան քաղաքն ինքնին անընդհատ ենթարկվել են փոփոխությունների: Հատկապես ջրային ռեսուրսների աղտոտումը, դրանց անօրինական շահագործումը հանգեցրին բնապահպանական և քաղաքաշինական ճգնաժամի: Ռեսուրսների և գիտելիքների պակասի պատճառով քաղաքացիական հասարակությունը և անհատները չկարողացան համակարգված և ամբողջական լուծում տալ այս խնդիրներին: Այս ծրագիրն անդրադառնում է շրջակա միջավայրի, քաղաքաշինության, կոռուպցիայի և մարդու իրավունքների հարցերին Գետառի՝ Երևան քաղաքով անցնող միակ գետի ուսումնասիրության միջոցով։

Ծրագրի հիմնական նպատակն է ուսումնասիրել գետի արդի խնդիրները և հիշողությունը քաղաքային միջավայրի զարգացման համատեքստում, ամրապնդել հասարակության քաղաքացիական դիրքը քաղաքաշինության և շրջակա միջավայրի փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև հասարակությանը տեղեկացնել քաղաքային տարածքների և դրանցում առկա բնական ռեսուրսների վերաբերյալ ժողովրդավարական որոշումների կայացման կարևորության մասին:

 

Խաղաղության ուղերձների խեղաթյուրման մեխանիկան և դրա դեմ պայքարի միջոցները

«Հանրային օրակարգ» ՀԿ

Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ համազգային հարցերի շուրջ կառուցվող հանրային քննարկումների համար երբեմն դժվար է ապահովել քաղաքակիրթ մթնոլորտ, որի արդյունքում խաղաղության մասին որևէ հայտարարություն տեղում չեզոքացվում է։ Այս ծրագրի հիմնական նպատակը խաղաղության ուղերձների խեղաթյուրման դեմ հակամիջոցները հանրային քննարկման առարկա դարձնելը և խնդրո առարկայի շուրջ հանրային օրակարգի ձևավորմանն ու հանրային կոնսենսուսի ձեռքբերմանը նպաստելն է։ Առանձնակի ուշադրություն է դարձվելու ներքին քարոզչական պայքարում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ունեցած դերին և «ֆեյք-նյուզ» երևույթին։

 

Հայաստանում որսորդության անցումը դեպի պատասխանատու և կայուն ձևաչափերի

«Բրդլինքս Հայաստան» բնապահպանական ՀԿ

Հայաստանում որսորդները չեն կարողանում ճանաչել որսորդական թռչուններին և նրանց չեն տարբերում արտաքնապես նման այլ վտանգված թռչնատեսակներից: Առաջին պատճառը պետական լիցենզավորման և քննական ընթացակարգերի բացակայությունն է, որի միջոցով հնարավոր կլիներ ստուգել որսորդների՝ թռչուններին ճանաչելու կարողությունները: Երկրորդ պատճառն այն է, որ որսորդները հաճախ իրենց որսն իրականացնում են այնպիսի վայրերում, որտեղ հանդիպում են մի շարք վտանգված տեսակներ և միտումնավոր կամ պատահմամբ սպանում են նրանց: Ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել որսորդների լիցենզավորման պայմանները և վերափոխել հանրային որսորդական տարածքների սահմանները՝ վտանգված թռչունների տեսակների պաշտպանության համար:

 

Երիտասարդական գրախոսականների մրցույթ

«Գրական կայարան» ՀԿ

Գրքի ընթերցման մշակույթին նվիրված միջոցառումները փաստում են, որ թեև վերլուծելը ընթերցանության կարևոր բաղադրիչներից մեկն է, սակայն մեր հասարակության, ու հատկապես երիտասարդների շրջանում չափազանց կաղում են վերլուծական միտքն ու հմտությունները։ Հատկապես մարզերում բնակվող պատանիները և երիտասարդները թեև գեղարվեստական գրականություն ընթերցում են, սակայն, հիմնականում գերադասում են ոչ ժամանակակից հայ գրողների կամ արտասահմանյան գրականություն: Այս ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վերաբերյալ գրախոսականներ գրելու միջոցով։ Ծրագրի հիմնախնդիրներն են՝ երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից գրողների ստեղծագործություններին, սովորեցնել գրագետ ընթերցանության հմտություններ, տալ գրաքննադատական տեքստեր գրելու հմտություններ, խրախուսել երիտասարդներին գրելու ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վերաբերյալ գրախոսականներ և հոդվածներ։

 

Հայաստանում Քովիդ-19-ին ուղղված բիզնես ոլորտի հաջողված արձագանքները. Որո՞նք են օժանդակող գործոնները

«Գիտելիք և ազդեցություն» ՍՊԸ

Քովիդ-19 համավարակի տարածումը և 44 օր տևած Արցախյան երրորդ պատերազմը աննախադեպ ճգնաժամ առաջացրեցին Հայաստանի տնտեսության համար։ Այս ամենը հաշվի առնելով, ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Հայաստանում նորարարական բիզնես մոտեցումների խորը ուսումնասիրություն՝ ի պատասխան Քովիդ-19 համավարակի և Արցախյան երրորդ պատերազմի, որը կօգնի հասկանալ ճգնաժամը հաղթահարած և փոփոխություններին ադապտացող ընկերությունների հաջողությունների մեխանիզմները:

 

Քաղաքացիների իրազեկության բարձրացում և մասնակցության խթանում ընտրական և հետընտրական շրջանում

Սիվիլիթաս Հիմնադրամ

Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին ՝ հաշվի առնելով թեկնածուների քանակը և հետընտրական կանխատեսելիության անորոշությունը: Նման քաոսային իրավիճակներում ընտրական գործընթացների վերաբերյալ լրատվական ճշգրիտ լուսաբանումը հատկապես կարևոր է: Ծրագրի շրջանակներում լուսաբանվելու են նախընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերը և իրենց որդեգրած քաղաքականությունները: Հետընտրական շրջանում դիտարկվելու են Կառավարության մարմինների ձևավորման գործընթացները և նախընտրական խոստումների բովանդակությունը, ուսումնասիրվելու են քաղաքական կուսակցությունների քաղաքական վարքագծի ձևերը, վեր են հանվեու իրենց որդեգրած քաղաքականություններում և ելույթներում եղած փոփոխությունները:

 

Վահրամ Մարտիրոսյան․ Գրի վարպետություն

Գրական տեքստեր մշակելիս հայ հեղինակները հաճախ փոխառում են այլ լեզուների բառեր և տերմիններ՝ փորձելով դրանք հայաֆիկացնել, որը դարձնում է տեքստերը անհասկանալի: Այս խնդիրների լուծման համար ծրագիրը նպատակ ունի հանրային տեքստեր մշակող անձանց համար կազմակերպել դասընթացներ, որոնք միտված կլինեն հանրային ոչ գեղարվեստական տեքստեր գրելու հմտությունների կատարելագործմանը, արտացոլելով ոլորտային քաղաքականություններ, հանրամատչելի հոդվածներ և հետազոտությունների վերլուծություններ: Դասընթացի ավարտից հետո ծրագրի շահառուները կկարողանան ընդհանուր լսարանի համար ստեղծել տրամաբանական, գրագետ և հետաքրքիր տեքստեր, որոնք կստիպեն ընթերցողին ներգրավվել պատմված տեքստերի մեջ։

 

Աղասի Թադևոսյան․ Բանավոր պատմություններ Արցախյան երկրորդ պատերազմի մասին․ մարդաբանական հետազոտություն

Ղարաբաղյան վերջին պատերազմն առանձնանում էր կարճ ժամանակամիջոցում զոհերի մեծ թվով, տեխնիկայի դիմաց մարդու անզորության և մի շարք այլ այնպիսի հատկանիշներով, որոնք շատ ծանր հետք են թողել դրա շատերի վրա։ Անցած պատերազմի վավերագրումը, դրա ազդեցության ու հետևանքների ուսումնասիրությունը պատերազմին մասնակցած մարդկանց, նրանց ընտանիքների անդամների աշխարհընկալման, արժեքների, պատերազմի ու խաղաղության հանդեպ տեսանկյունների և ընդհանուր արժեհամակարգերում տեղի ունեցող փոփոխությունների ուսումնասիրությունը խիստ կարևոր է։ Ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակն է ուսումնասիրել Արցախյան երրորդ պատերազմի ազդեցությունն ու հետևանքները դրա մասնակիցների վրա՝ ինչպես դրա թողած հետևանքների, այնպես էլ արժեքային ու աշխարհայացքային ընկալումներում տեղի ունեցած փոխակերպումների առումներով:

 

Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամ

Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ 44-օրյա պատերազմը, Քովիդ-19 համավարակը, քաղաքական և տնտեսական անկայուն վիճակն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ընթանում են տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին զուգահեռ և տեխնոլոգիական աշխարհի համատեքստում, էլեկտրոնային գրագիտությունն ու թվային միջավայրում անվտանգության ապահովումը դառնում են օրակարգային հարցեր։

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն այս ծրագրի շրջանակներում նախատեսում է կազմակերպել էլեկտրոնային գրագիտությանն ու թվային անվտանգության խթանմանն ուղղված դպրոց Շիրակի մարզի երիտասարդների համար։ Դպրոցի շրջանակներում կիրականացվեն շաբաթական դասընթացներ` թվային անվտանգության և ապահով գործիքներից օգտվելու վերաբերյալ։

 

Քաղաքականություն և քաղաքականություններ․ Բուն զրույցներ

«:Բուն» գիտամշակութային հիմնադրամ

Հայաստանում հանրային բանավեճերը և երկխոսությունները միշտ հանգում են ավանդապես ընդունված կաղապարների շրջանակում ձևակերպումների՝ հաճախ այն պատճառով, որ քննարկման մասնակիցները խուսափում են բաց, ազատ, անկաշկանդ, առանց պիտակավորման և մարգինալացման վտանգի հանրայնորեն ձևակերպել իրենց մտքերը։ Մյուս կողմից՝ հանրային բանավեճերը կարծես զուգահեռ մենախոսություններ լինեն և միտված են սեփական տեսակետը վերահաստատելուն, այլ ոչ թե՝ լավագույն լուծումը որոնելուն։ Առաջարկվող ծրագրի նպատակն է հանրային կարևորություն ունեցող երևույթների շուրջ կառուցողական երկխոսության ձևավորել, որը կհանգեցնի առավել արդյունավետ հանրային քաղաքականությունների մշակմանը՝ դիտարկելով դրանք միջոլորտային համատեքստում։

 

Արդյունավետ դատական արտադրության ապահովում

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանության և հանրության համար օրակարգային դարձավ դատաիրավական բարեփոխումների ծրագրերը: Հետևաբար, այս ծրագիրը նպատակ ունի Հայաստանում բարձրացնել դատական համակարգի գործունեության արդյունավետությունը, օժանդակել քաղաքացիների արդարադատության իրավունքի անխոչընդոտ իրացմանը և դատարանների նկատմամբ վստահության աճին: Նախատեսվում է դատական համակարգի աշխատանքի մշտադիտարկում, ինչը կնպաստի բացահայտել դատական հաստատությունների, փաստաբանական հանրույթի անարդյունավետ գործունեության սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները:

 

Հետպատերազմյան հետճշմարտություններ

4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն ՀԿ

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո հանրությունը տեղեկացավ բավականին ցավոտ իրականության մասին․հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ և գերեվարվածներ, հազարավոր տեղահանվածներ և ընդհանուր անորոշություն: Այս ծրագրի նպատակն է վիզուալ պատումների միջոցով վավերագրել և վեր հանել հակամարտության հետևանքները, հետպատերազմյան քողարկված խնդիրներն ու իրականության չբարձրաձայնվող կողմը: Էթիկապես գրագետ և հետևողականորեն խմբագրված նյութերի տարածումը թե սոցիալական մեդիայում, և թե հանրային քննարկումների միջոցով, ակնկալվում է հասարակության լայն շերտերին ներգրավել պատերազմի և խաղաղության իրական խնդիրների շուրջ երկխոսության մեջ:

 

ՀՀ-ում խոսքի ազատության ապահովման իրավական մեխանիզմների խթանում

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

2018-ից ի վեր Հայաստանը ճգնաժամային կառավարման ու նոր մարտահրավերների շրջափուլում է․ հետհեղափոխական շրջանը ենթադրում էր բարեփոխումների ակտիվ գործընթաց և պետություն-քաղհասարակություն առավել բազմաշերտ համագործակցություն։ Հանրային վերահսկողության և բարեփոխումների շուրջ քննարկումներն առավել անհնարին դարձան Քովիդ 19-ի համավարակի և պատերազմի համատեքստում։ Ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուղեկցվեց ժողովրդավարական հետընթացներով ու բազմաթիվ իրավունքների սահմանափակմամբ։

Ծրագրի նպատակը խոսքի ազատության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտների խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծումների ուղենշումն է քաղաքական գործիչների, ոլորտի փորձագետների ու շահառու տարբեր խմբերի համար կարծիքների փոխանակման, քննարկումների ու կառուցողական բանավեճերի ընդհանուր հարթակ ստեղծելու միջոցով։

 

ԴՈԿ ու ԹԱՏՐՈՆ / Ժամանակակից տեքստը վավերապատմող բեմահարթակ

«Արվեստի Բաց Հարթակ» ՀԿ

Հետհեղափոխական, հետհամաճարակային և հետպատերազմական Հայաստանն

ապրում է իր ժամանակակից պատմության ամենածանր օրերը: Տեղի ունեցած և շարունակվող իրադարձությունների անսպասելի հերթափոխը հանրությանը մղում է վերանայումների, քաղաքացիական դիրքի, մարդկային առաջնահերթությունների ու ապագայի հանդեպ մտապատկերի փոփոխման:

Այս ծրագրի նպատակն է ստեղծել կատարողական արվեստի և դոկումենտալ խաղի թատերահարթակ (ֆորում), որտեղ կատարողական արվեստի գործերի (դրամատիկական ներկայացում, վիդեոպերֆորմանս) միջոցով, արվեստագետների համար հնարավորություն կստեղծվի անդրադառնալ վերջին երեք տարիներին տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններին՝ հեղափոխություն, համաճարակ, պատերազմ:

 

Դպրոցը՝ որպես համայնքային զարգացման կենտրոն

«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Դպրոցը և համայնքը փոխկապակցված կառույցներ են, բայց այսօր դրանք օտարվել են իրարից և գործում են անջատ։ Մեր խնդիրն է նորից հիշեցնել, որ դպրոցը պետք է ծառայի համայնքին։  Ծրագրի նպատակն է ստեղծել դպրոցի և համայնքի սերտ համագործակցություն, հանրությանը նորից հիշեցնել, որ դպրոցը պետք է ծառայի համայնքին և իրազեկվածության բարձրացման միջոցով ստեղծել կապեր մարդկանց և աշխատաշուկայի միջև։


Մրցունակ երիտասարդն աշխատաշուկայում՝ հանուն բիզնեսի զարգացման

««Ախուրյան» համայնքային զարգացման ասոցիացիա»
հասարակական կազմակերպություն

Պաշտոնական վիճակագրական տվյալներով՝ 2019 թվականին Շիրակի մարզը գործազրկության ցուցանիշով ՀՀ-ում առաջին հորիզոնականում էր: Պատճառները տարբեր են․գործազուրկների մասնագիտական որակի և աշխատաշուկայի անհամապատասխանություն, գործատուների սահմանած խիստ պահանջներ, աշխատանքի ընդունելիս երիտասարդներին նախապատվություն տալը, Քովիդ-19ի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակը և այլն։ Այս ծրագրի նպատակն է նպաստել աշխատաշուկայի զարգացմանը Հայաստանի գործազրկության ամենաբարձր ցուցանիշն ունեցող մարզում՝ Շիրակում։


Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում

«Դիլիջանի Երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ

Հանրային վայրերի ընդհանուր մակերեսը Հայաստանում գնալով միայն փոքրանում
է. տարբեր համայնքներում սեփականաշնորհվել կամ տրվել են վարձակալության
նույնիսկ կենտրոնական հրապարակների տարածքները և քաղաքային այգիներն ու
պուրակները, որոնք միշտ չեն օգտագործվում իրենց նպատակին և հաճախ հասանելի
չեն հանրության համար:
Ծրագիրը նախատեսում է վեր հանել հանրային տարածքների օգտագործման խնդիրներն ու ստանալ քաղաքային պլանավորման իրական պատկերը՝ տվյալների վերլուծության, Խորհրդի մոնիթորինգի, հարցազրույցների և քաղաքաշինական (ուրբանիստական) հետազոտությունների միջոցով, ինչպես նաև հանրային տարրաբնույթ գործողությունների միջոցով բարձրացնել հանրային իրազեկումն ու մասնակցությունը քաղաքային պլանավորման և որոշումների կայացման գործընթացներում։


Հայաստանում փախստական և տեղահանված անձանց արխիվային փաստաթղթերի թվայնացում

«Առաքելություն Հայաստան» ՀԿ


Ծրագրի նպատակն է ավարտին հասցնել 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած անձանց արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը՝ թվայնացնելով շուրջ 30,000 գործ և մշակելով էլեկտրոնային շտեմարանում առկա շուրջ 73,000 գործ՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությանը կազմակերպական և կադրային աջակցություն տրամադրելու միջոցով։ 


Անարգելք կրթություն․ նոր հնարավորություններ

«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ

Քրեական ենթամշակույթը հասարակության զարգացման լրջագույն խոչընդոտ է, այն ներթափանցել է հասարակական հարաբերությունների գրեթե բոլոր շերտերը։ Իհարկե, քրեական ենթամշակույթի «սնուցման» ակունքը շարունակում են մնալ քրեակատարողական հաստատությունները։ Ծրագրի նպատակն է նպաստել քրեական ենթամշակույթի ազդեցության նվազեցմանը՝ բարելավելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալների կրթության իրավունքի իրացման պայմանները, դատապարտյալների համար ստեղծելով նոր մասնագիտացում և հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ։


Մեդիա ոլորտի զգայունացում պատերազմական և հետպատերազմական ճգնաժամային իրավիճակներում

«Հավերժ» ՀԿ

Հետպատերազմական իրավիճակում առավել կարևոր է դարձել մեդիա ընկերությունների աշխատանքը և առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել մեդիա նյութերի որակին ու դրանց ազդեցությանը, ստեղծման ընթացքում վարքագծային կանոնների կիրառմանը, ինչպես նաև հանրության համար զգայուն թեմաների և կոնֆլիկտների լուսաբանմանը։ Ծրագրի նպատակն է զգայունացնել մեդիա ոլորտը պատերազմական և հետպատերազմական ճգնաժամային իրավիճակներում, խթանել ԶԼՄ-ների ազատ ու անկողմնակալ աշխատանքը։


Արարատյան դաշտի անապատացման վտանգի կանխում

ԱԼՏ Հեռուստախմբագրություն

Արարատյան դաշտը հայտնվել է էկոլոգիական աղետի առջև։ Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման պատճառով դաշտավայրի կիսաանապատային լանդշաֆտն անցում է կատարում անապատայինի։ Ծրագրի նպատակը հասարակական կարծիք ձևավորելու միջոցով Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի անկումը և Արարատյան դաշտի անապատացումը կանխելն է։

 

Բակ - համայնք - էկո համակարգ

«Արևը բոլորին է» ՀԿ

Ծրագրի հիմնական նպատակը փողոցային կենդանիների հանդեպ խնամքի համայնքային մշակույթի ձևավորումն է կամավորների ցանցի ստեղծման միջոցով։ Արդյունքում՝ կստեղծվի օրենսդիր-իրավական մակարդակում փողոցային կենդանիների հետ կապված խնդիրները կարգավորող անհրաժեշտ օրենսդրական առաջարկությունների փաթեթ։

 

Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Ծրագրի նպատակն է կազմել քրեական և ժարգոնային առավել տարածված հասկացությունների ու արտահայտությունների բացատրական բառարան, ինչը կարող է նպաստել դեռահասների ու երիտասարդների միջավայրում քրեական կամ դրանց նմանությամբ ստեղծված ստորակարգությունների ազդեցության նվազեցմանը։

 

Աքսորյալ հայրենադարձներ։ Բռնության տեքստը

«Ֆակտում» ՀԿ

Ծրագրի նպատակն է ստեղծել 1949 թվականի աքսորի, մասնավորապես՝ աքսորված հայրենադարձների մասին «հանրագիտարան», որն իր մեջ կներառի ծավալուն փաստական նյութ՝ արխիվային փաստաթղթեր (անձնական գործեր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ղեկավարությանն ուղղված նամակներ, դիմումներ, անձնական փաստաթղթեր և ընտանեկան լուսանկարներ, բանավոր պատմություններ, հուշագրություններ), որոնք թվայնացվել և արխիվավորվել են։

 

«Երիտասարդները հանուն հավասարության․ ներառականության մշակույթի խթանումը Հայաստանի մարզերի երիտասարդների շրջանում»

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա

Ծրագրի հիմնական նպատակն է ընդլայնել հակախտրական պրակտիկայի շրջանակներն ու ազդեցության աշխարհագրությունը՝ խտրականության դեմ պայքարում ներգրավելով նաև մարզային երիտասարդությանը, ինչպես նաև բարձրացնել մարզերի երիտասարդների շրջանում խտրականության տարբեր դրսևորումների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև նպաստել իրենց համայքներում հավասարության և ներառականության մշակույթի ձևավորմանը։

 

Խթանելով ներառումը ՀՀ երիտասարդների շրջանում

«Ուղի դեպի» ՀԿ

Տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում հաճախ հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի չէ, երբեմն նույնիսկ այն դեպքերում, երբ որոշումն անմիջապես իրենց է վերաբերում։ Այս ծրագրի նպատակն է բարձրացնել հաշմանդամություն ունեցող և չունեցող երիտասարդների ներառման մակարդակը ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացում։

 

Քաղաքական նկատառումներով դատապարտված անձանց դատավճիռների բողոքարկում

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ

Ծրագրի նպատակն է նպաստել քրեական արդարադատության համակարգի բարելավմանը և հետագայում քաղաքական հայացքների համար անձանց քրեական հետապնդումների ենթարկելու հնարավորության կանխարգելմանը ու նման հավանականության նվազեցմանը՝ արդարացման նախադեպեր ստեղծելու միջոցով։

 

«Հետպատերազմյան պատումներ»

 «Վիզուալ ինովացիոն ստուդիա» ՀԿ

Ծրագրի շրջանակներում հայտարարվելու է կարճ վավերագրական ֆիլմերի և վիդեոպատմությունների նախագծերի մրցույթ Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի սկսնակ ստեղծագործողների համար: Արդյունքում կստեղծվեն տեսաարտադրանքներ, որոնք կանդրադառնան պատերազմից մոտ մեկուկես տարի անց դեռևս լուսանցքում մնացած մարդկային պատմություններին երիտասարդների հայացքով կամ արդեն հայտնի պատմություններին՝ նոր մոտեցումներով:

 

Ստորգետնյա ջրային աղբյուրների խնայողաբար օգտագործումը լեռնային փոքր բնակավայրերում

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ

Ծրագրի նպատակն է բարձրացնել լեռնային բնակավայրերում ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ նպաստելով սոցիալական և բնապահպանական խնդիրների կանոնակարգմանը։

 

Գրամոքումը՝ ի նպաստ հետպատերազմյան տրավմայի հաղթահարման

«ՓԵՆ» մշակութային ՀԿ

Քովիդ 19-ի համավարակի և առավելապես 44-օրյա պատերազմի ու վերջինիս հետևանքների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բազմաբաղադրիչ ճգնաժամային իրավիճակ: Վերոնշյալ մեծ և բազմաշերտ հիմնախնդիրը հիմնավոր, մտածված լուծումներ է պահանջում, որոնցից մեկը կարող է լինել արվեստի՝ մասնավորապես գրի և գրականության ներուժի օգտագործումը հանրային տրավմայի մասնակի հաղթահարման և մեղմացման գործում։ «Գրամոքումը» Հայաստանի «Փեն» կենտրոնի նախաձեռնությունն է, որը նպատակ ունի գրի և գրականության ներուժը ծառայեցնել հետպատերազմյան տրավմայի հաղթհարմանը:

 

Ժամանակակից հեքիաթը կախարդական ճամպրուկում

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն

 

Հաշվի առնելով ՀՀ համայնքներում մշակութային կյանքի պասիվությունը, ժամանակակից հեքիաթների ոչ պատշաճ ներկայացումը, ծրագիրը նպատակ ունի ինտերակտիվ ներկայացումների միջոցով մարզերում ապրող երեխաներին ներկայացնել բնապահպանական արդի լուրջ հիմնախնդիրները, ինչպես նաև թեմայի վերաբերյալ զարգացնել իրենց քննադատական մտածողության հմտությունները։

 

Հզորացնելով սահմանամերձ բնակչությանը - Այգեպարի համայնքային կենտրոն

«Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամ

 

Ծրագրի նպատակն է նպաստել Այգեպար գյուղում համայնքի վրա որոշումներ կայացնելու և եկամուտներ ստեղծելու մշակույթի զարգացմանը:

Ծրագրի խնդիրներն են՝

- համայնքում ստեղծել ֆիզիկական տարածք հավաքների և որոշումների կայացման համար;

- համայնքին բերել գիտելիքներ և փորձ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող սոցիալական հարցերի վերաբերյալ;

- համայնքում ստեղծել տարածք եկամուտների ստեղծման համար;

- համայնքին բերել գիտելիք և փորձ կայուն տնտեսական գործունեություն ստեղծելու վերաբերյալ։

 

Իրավաբանական և հոգեբանական աջակցություն ԼԳԲՏԻՔ համայնքին

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

 

Ծրագրի նպատակն է նպաստել ԼԳԲՏՔԻ համայնքի իրավաբանական և հոգեբանական պաշտպանվածությանը՝ տրամադրելով ԼԳԲՏՔԻ անձանց իրավաբանական և հոգեբանական աջակցություն, ինչպես նաև նվազեցնել ԼԳԲՏՔԻ համայնքի նկատմամբ ատելության խոսքի և խտրականության դեպքերը։

 

 

Բաց դրամաշնորհների ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի շրջանակում։

 

Տեքստի սետեղծման ամսաթիվը՝ հուլիս 1, 2021

Տեքստի վերջին խմբագրման ամսաթիվը՝ հուլիսի 27, 2022

Ավելին