Հաջողության պատմություն․ «Խոցելի խմբեր. դատապարտյալներն ու ընտանեկան բռնության ենթարկված կանայք ու դատարաններում» մշտադիտարկման արդյունքները
«Քո պաշտպանը» փաստաբանական գրասենյակը Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում իրականացրել է «Խոցելի խմբեր. դատապարտյալներն ու ընտանեկան բռնության ենթարկված կանայք ու դատարաններում» մշտադիտարկումը։ Այս մշտադիտարկումն անդրադառնում է, մի կողմից, ընտանեկան բռնության ենթարկված անձանց, իսկ մյուս կողմից, դատապարտյալների իրավունքների պաշտպանությանը։
Մշտադիտարկման մեթոդաբանությունը ներառում էր 2019-2021 թվականներին քննված և/կամ քննվող շուրջ 209 դատական գործեր, որոնցից 35-ը վերաբերում էին դատապարտյալների իրավունքներին, իսկ 174-ը՝ ընտանեկան բռնության դեպքերին։
Մոնիթորինգի ու պրակտիկ դատական գործերի միջոցով վերհանված խնդիրները համակարգելուց և վերլուծելուց հետո կազմվել են առաջարկությունների փաթեթ, որոնք ներկայացվել են Ազգային ժողովին և Կառավարությանը։ Ուրախությամբ նշում ենք, որ առաջարկությունների մեծ մասը տեղ են գտել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթում, իսկ քրեակատարողական օրենսգրքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվախում ներկայացված որոշ փոփոխություններ ընդունվել և տեղ են գտել քրեակատարողական օրենսգրքում։
Ընտանեկան բռնության դեպքեր
Հարկ է նշել, որ ընտանեկան բռնությանն առնչվող փոփոխությունների և/կամ լրացումների առաջարկները հավանության են արժանացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Մշտադիտարկման արդյունքների վերլուծության հիման վրա ձևակերպվել են հետևյալ առաջարկությունները՝
- Առաջարկվում է փոփոխության ենթարկել օրենքի համապատասխան դրույթը, և հնարավորություն տալ միջամտություն կատարել նաև այն անձի նկատմամբ, ով, անկախ իր բնակության վայրից, համարվում է ընտանիքի անդամ։ Ներկայումս գործող օրենքում միջամտություն չի կատարվում բռնության ենթարկված անձի ընտանիքի այն անդամների նկատմամբ, որոնք բռնության ենթարկվածի հետ չեն ապրում միևնույն հարկի տակ։
- Քանի որ փորձը ցույց է տալիս, որ ոչ բոլոր դեպքերում էբռնության ենթարկված անձն ունենում է միջամտության կիրառման որոշման օրինակը, առաջարկվել է այդ որոշման պատճենն առձեռն հանձնել բռնության ենթարկված անձին։ Իսկ եթե բռնության կիրառման վայրից անձը բացակայում է, ապա պատճենը կուղարկվի հաշվառման վայրի հասցեով պատվիրված փոստի միջոցով կամ կարող է ուղարկվել էլ․ փոստով։
- Քանի որ քիչ չեն ընտանեկան բռնության միջոցով անձին ինքնասպանության հակելու դեպքերը, առաջարկվում է լրացնել Քրեական օրենսգրքում ինքնասպանության հասցնելու, հակելու և նպաստելու հոդվածները։ Այս լրացումը թույլ կտա անձին ինքնասպանության հակելու և դրան նպաստելու հանցանքներում ծանրացնող հիմք ընդունել հանցանքը մերձավոր ազգականի կողմից կատարած լինելու փաստը։
- Առաջարկվում է նաև փոփոխել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ սպանության գենդերային խտրականության հիմքը համարելով որպես ծանրացուցիչ հանգամանք։
Դատապարտյալների իրավունքների պաշտպանության դեպքեր
Քրեակատարողական օրենսգրքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցումն ընկած ժամանակահատվածում ներկայացված որոշ փոփոխություններ ընդունվել և տեղ են գտել Քրեակատարողական օրենսգրքում։
Մասնավորապես,
- Քրեակատարողական օրենսգրքի պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ դատախազական վերահսկողությանը վերաբերող դրույթում առաջարկվել է սահմանել հստակ ժամկետներ ու կարգ։ Օրենսդրությանը հակասող իրավական ակտ հայտնաբերելիս դատախազը պետք է միջնորդի այն վերանայելու համար, իսկ այն դեպքերում, երբ, դատախազի կարծիքով, հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, ապա նա իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունն ու միջնորդագիր ներկայացնել ակտն ընդունած վերադաս մարմնին կամ պաշտոնատար անձին։ Ըստ առաջարկած փոփոխության՝ դատախազը վերահսկողությունը կատարում է ակտի ստացման պահից մեկ ամսվա ընթացքում, և այն կարելի է իրականացնել միայն մեկ անգամ։
- Առաջարկվել են դատապարտյալի իրավական պաշտպանության կարգի հստակեցման մեխանիզմներ։ Օրինակ, հստակ չէր, թե ինչպես պիտի բողոքարկվեն դատապարտյալին վերաբերող այն որոշումները, որոնք կայացվել են դատապարտյալների պահման ռեժիմները փոփոխման համար պատասխանատու մարմինները։ Ուստի, առաջարկությամբ կանոնակարգվել է դատապարտյալի բողոքարկման իրավունքը՝ միաժամանակ հստակեցնելով, որ դատապարտյալը կարող է բողոքարկել նաև դատախազական հսկողության շրջանակներում ընդունվող որոշումները։
- Որպես շարունակություն՝ առաջարկվել է նաև բողոքարկման իրավունքն իրացնելիս ապացուցողական բեռը դատապարտյալի վրա թողնելու փոխարեն ընտրել փոխզիջումային տարբերակը։ Այսինքն՝ եթե դատապարտյալի համար գոյություն ունեն բարենպաստ փաստական հանգամանքներ, ապա ապացուցման պարտականությունը կրում է դատապարտյալը։ Եվ եթե դատապարտյալի համար առկա չէ բարենպաստ փաստական հանգամանքներ, ապա ապացուցման պարտականությունը կրում է ստորադաս վարչական մարմինը։
- Առաջարկվել է դատապարտյալի բողոքարկման ժամկետի սահմանափակման դրույթը հանել Քրեակատարողական օրենսգրքի 4-րդ մասից։ Նախկինում սահմանված էր, որ բողոքարկման ժամկետի լրանալուց մեկ տարի անց դատապարտյալն այլևս չէր կարող բողոքարկման ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու հիմնավորմամբ նոր բողոք ներկայացնել, ինչն էլ իր հերթին չէր բխում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի տրամաբանությունից։