Դրամաշնորհային ծրագրերի մրցույթ. Աջակցություն քաղաքացիական հասարակությանը (փակված է)
*Աջակցություն քաղաքացիական հասարակությանը բաց դրամաշնորհների մրցույթի այս փուլի դիմումներն ընդունվելու են մինչև օգոստոսի 10-ը ներառյալ։
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության հետ իր գործընկերության շրջանակներում, հայտարարում է «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրով «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթ քաղաքացիական հասարակության համար:
Հետհեղափոխական իրավիճակը, համաճարակն ու պատերազմն էական ազդեցություն են գործել Հայաստանի քաղաքացիական հասարակության վրա՝ առաջ քաշելով նոր խնդիրներ, կարիքներ և առաջնահերթություններ, ինչպես նաև ի հայտ բերելով գործունեության նոր ոլորտներ և գործիքներ։ Նոր իրավիճակում արագ և արդյունավետ վերակազմակերպվելու, թարմ ծրագրային գաղափարներ գեներացնելու և իրականացնելու համար քաղաքացիական հասարակությունը ֆինանսական ռեսուրսների և կարողությունների զարգացման կարիք ունի։
«Բաց դռների» մրցույթը ենթադրում է գործունեության հնարավորին լայն թեմատիկ շրջանակ և գործիքակազմ։ ԵՀՀ-ն ողջունում է մարդու իրավունքները, գենդերային հավասարությունը հասցեագրող, խտրականության և բռնության բացառմանը, բնապահպանությանը, քաղաքային պլանավորմանը և զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, շահերի բախման կառավարմանն ուղղված նախագծերը և այլ նախագծեր, որոնք աջակցում են բարեփոխումներին և թիրախավորում այսօրվա կարիքները: Կարևոր են այնպիսի գործունեության տեսակներ, որոնք ընդգրկում են հանրային իրազեկում, մասնակցության ապահովում, քաղաքականությունների մշակում և ջատագովություն, մասնակցային պլանավորում և մշտադիտարկում: Սակայն ամենակարևորը նոր գաղափարների մշակումը և փորձարկումն է: Վերը նշված թեմատիկ առաջնահերթությունները և գործունեության տեսակները պետք է դիտարկվեն որպես պայմանական հուշող օրինակներ։ ԵՀՀ-ն պատրաստ է աջակցել նաև այլ ոլորտային ուղղվածություն և գործիքակազմ ունեցող ծրագրերի, եթե դրանք նպաստեն հետհեղափոխական, համաճարակային և հետպատերազմական իրավիճակում քաղաքացիական հասարակության կողմից արդյունավետ գործունեության իրականացմանը։
Անկախ ծրագրային առաջարկի ոլորտից և թեմատիկ ուղղվածությունից, նախագծի մեթոդաբանությունը պիտի հաշվի առնի արժեքային մոտեցումները՝ հարգանք մարդու իրավունքների հանդեպ, գենդերային հավասարություն, զգայունություն շրջակա միջավայրի նկատմամբ:
Մրցույթին դիմելու պայմանները և անհրաժեշտ փաստաթղթերը
- Մրցույթին կարող են դիմել ՀՀ ում գրանցված և գործող ՔՀԿ-ները
- Կազմակերպություններին տրամադրվող մեկ դրամաշնորհի չափը կկազմի 5,000,000-10,000,000 ՀՀ դրամ
- Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 10% համաֆինանսավորում ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։
- Դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար նախատեսված ժամկետը մինչև 8 ամիս է։ Ծրագրի իրականացման ընթացքում ԵՀՀ աշխատակիցներըը կտրամադրեն հընթացս խորհրդատվություն բովանդակային և տեխնիկական հարցերով։
- «Բաց դռների» մրցույթը չունի վերջնաժամկետ և բաց է հետաքրքրված հայտատուների համար մինչև մրցույթի ավարտի մասին հավելյալ տեղեկատվության հրապարակումը։
Հայտերի գնահատման չափանիշները
Ներկայացված հայտերն ընդունվում են պարզեցված տարբերակով: Անկախ հանձնաժողովը դրանք կգնահատի ըստ հետևյալ չափանիշների.
№ |
Չափանիշ |
Միավոր |
1 |
Նախագծի արդիականությունը |
30 |
2 |
Նորարարությունը |
25 |
3 |
Համապատասխանությունը «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի նպատակներին և առաջնահերթություններին |
20 |
4 |
Բյուջեի համապատասխանությունը ծրագրի բովանդակությանը |
25 |
Հաստատված նախագծերի համար ԵՀՀ-ի հետ համաստեղծման գործընթաց կիրականացվի՝ վերջնական նախագծային փաթեթը կառուցելու նպատակով:
Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն կարճ հայտադիմում (տե՛ս կից) և կցեն հայտադիմումում նշված փաստաթղթերի պատճենները, փաթեթն ուղարկելով ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով, [email protected] էլ․ հասցեով՝ իմակի տուփիկում (subject line) նշելով “CS support_open door” և կարճ՝ ծրագրի վերնագիրը:
Մանրամասների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանին՝ զանգահարելով՝ +37491 374320, կամ գրելով՝ [email protected] հասցեին։
Մրցույթն անցկացվում է Շվեդիայի կառավարության կողմից իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի շրջանակում։
Տեքստի սետեղծման ամսաթիվը՝ մարտ 18, 2021
Տեքստը խմբագրվել է՝ հուլիս 30, 2021