- «Հետաքննող լրագրողներ» ՀԿ (Հետք)․ «Արդյունավետ դատական պաշտպանություն» ծրագիր
Ծրագրի նպատակն է նպաստել դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Ծրագրի շրջանակներում կվերանայվի դատական գործերի բաշխման ցուցակներից հանված դատավորների ծանրաբեռնվածությունը, կպարզվի դատավորի մոտ ընթացիկ դատական գործերի միջին տևողությունը: Բացի այդ, կպարզվի վաղեմության ժամկետի ավարտի պատճառով կարճված քրեական գործերի թիվը: Ծրագրի շրջանակներում դուրս բերված արդյունքները կներկայացվեն հանրությանը: Որոշումներ կայացնողները կունենան տեղեկատվություն, որի հիման վրա հնարավոր կլինի իրականացնել ոլորտային բարեփոխումներ, ինչպես նաև կբացահայտվեն պոտենցիալ կոռուպցիոն բնույթի խնդիրները:
- «ՄԵԴԻԱԱԿՈՒՄԲ» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ․ «Լոռու և Տավուշի մարզերում Վարչական մարմնում բողոքարկման մեխանիզմների բարեփոխումների աջակցություն և մոնիթորինգ»
Ծրագրի գլխավոր նպատակը դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության աստիճանական բարձրացմանը նպաստելն է, բողոքարկման իրավունքից օգտվելը։ Տավուշի և Լոռու մարզերում կիրականացվի դատական նիստերի մոնիտորինգ, լրագրողները հոդվածներ կպատրաստեն` դատական նիստերի հանրային իրազեկմանն ու թափանցիկությանը նպաստելու համար: Փաստաբանի աջակցությունը կտրամադրվի քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց` բողոքարկման իրենց իրավունքից օգտվելիս: Մշտադիտարկման աշխատանքների արդյունքները կվերլուծվեն և կներկայացվեն հանրությանը: Կիրականացվի հարցում պարզելու բողոքարկման իրավունքից օգտվելու ընթացքում ծագած հիմնական խնդիրներն ու պատճառները, վարչական և դատական կարգով բողոքարկման մեխանիզմների տարբերությունները, վարչական և դատական միջոցների առավելություններն ու թերությունները:
- «Իրավունքի Գերակայություն» իրավապաշտպան ՀԿ․ «Հաշմանդամություն ունեցող անձանց արդարադատության մատչելիությունը Հայաստանում» ծրագիր
ՀՀ կառավարության 2019թ․ հոկտեմբերի 10-ի N1441-Լ որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանում առկա են հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը դատարան ապահովելու, դատարանների շենքային պայմաններով պայմանավորված` արդարադատության մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ, խոցելի անձանց մասնակցությամբ գործերի քննության հատուկ պայմանների բացակայություն։ Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետությանը և հասանելիությանը։ Ծրագիրն ունի երեք հիմնական խնդիր՝ բացահայտել դատարաններում հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները և դրանց պատճառները, մասնավորապես՝ ֆիզիկական մատչելիության և հաղորդակցային խոչընդոտները, պարզել՝ արդյո՞ք Հայաստանը պատշաճ կերպով է կատարում դատարանի մատչելիությունը ապահովելու մասին Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայով (մասնավորապես՝ կոնվենցիայի 9-րդ հոդված), սահմանված պարտականությունները, պարզել խնդիրների լուծման հասցեատերերին, առաջարկել լուծման ճանապարհներ, ներկայացնել օրենսդրական և նորմատիվ ակտերի փոփոխությունների առաջարկություններ, բարձրացնել հանրային մասնակցությունը և վերահսկողությունը։
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ․ «Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում Արմավիրում» ծրագիր
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Արմավիրի մարզի դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ պաշտպանելով քաղաքացու՝ դատարան դիմելու մատչելիության և արդար դատաքննության իրավունքները: Կվերանայվեն datalex.am հարթակում տեղադրված քաղաքացիական գործերով ընդհանուր իրավասության դատարանի վճիռները, ինչպես նաև կիրականացվի դատական մոնիթորինգ: Հավաքած տեղեկությունը կվերլուծվի, վերջինիս հիման վրա կմշակվեն առաջարկություններ և կներկայացվեն հանրությանը:
- «Սոցիալական արդարություն» ՀԿ․ «Կյանքը փոխվում է կրթությամբ» ծրագիր
Ծրագրի նպատակն է Պրոբացիայի Ծառայության շահառուների համար հասցեական վերասոցիալականցման ծրագրերի ընդլայնմանը նպաստելը։ Ծրագրի շրջանակներում շահառուների և պոտենցիալ գործատուների պրոֆիլավորում կիրականացվի`շահառուների հնարավորությունների և մոտիվացիաների համապատասխանությունը աշխատաշուկայի առաջարկի հետ բացահայտելու համար: Միջին մասնագիտական կրթական հաստատությունների քարտեզագրումը կիրականացվի տեղեկատվություն հավաքելու և պրոբացիոն ծառայության ոլորտում նրանց հնարավոր ներգրավվածությունը վերլուծելու համար: Զեկույցը կօգնի դուրս բերել շահառուների, պոտենցիալ գործատուների և մասնագիտական կրթություն տրամադրող հաստատությունների միջև համագործակցության ուղիները: Շահառուների համար կմշակվի և կկազմակերպվի փորձնական դասընթաց:
- Նարինե Ալեքսանյան և Նարինե Սոլոմոնյան․ «Վարչական մարմինների ակտերի վարչական բողոքարկման վիճակի գնահատում»
Դատարանների ծանրաբեռնվածությունը՝ վարչական մարմինների ակտերի, գործողությունների և անգործության դեմ ներկայացված դիմումների, հայցադիմումների մեծ քանակի առումով, բացասաբար է ազդում դատարանների գործունեության արդյունավետության վրա, և դրանով պայմանավորված՝ նաև անձի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի պատշաճ իրացման վրա։ Համաձայն www.court.am կայքում ներկայացված պաշտոնական վիճակագրության՝ 2020թ․ ընթացքում պետական մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու հետ կապված վարչական դատարան է ներկայացվել 5883 հայցադիմում և դիմում, իսկ պետական մարմինների ու նրանց պաշտոնատար անձանց գործողությունները/անգործությունը վիճարկելու վերաբերյալ՝ 900 դիմում։ Այս վիճակագրությունը ստեղծում է պետական մարմինների և նրանց պաշտոնատար անձանց գործողությունների և անգործության դեմ վարչական բողոքների կիրառման և դրանց կատարման կարգավիճակի գնահատման անհրաժեշտություն: Ծրագրի շրջանակներում կգնահատվի վարչական բողոքների վերաբերյալ օրենսդրությունը, կբացահայտվեն հիմնական բացթողումները, կգնահատվի նաև վարչական բողոքներ ներկայացնելու պրակտիկան և վարչական բողոքարկման մեխանիզմների արդյունավետությունը:
- Զարուհի Մեջլումյան․ «Խոցելի խմբեր. դատապարտյալներն ու բռնության զոհ կանայք դատարաններում» ծրագիր
Ծրագրի նպատակն է վեր հանել Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության ընդունումից ի վեր շուրջ 2 տարվա ընթացքում հասարակության խոցելի երկու խմբերի՝ դատապարտյալների ու ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց գործերով արդյունավետ դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքների իրացման հետ կապված խնդիրները և նախանշել դրանց լուծման մեխանիզմները: Արդյունքում դուրս կբերվեն ոլորտի խնդիրները և կմշակվեն առաջարկություններ՝ փոփոխությունները ջատագովելու և համապատասխան մարմիններին ներկայացնելու համար: