CRTS

Erit.am կայքը անդրադարձել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագրին

Աղբյուրը՝ https://erit.am

Փետրվարի 1-ից մեկնարկել է «ԵՄ-ն հանուն երիտասարդների. ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը, որը ֆինանսավորում է Եվրոպական միությունը։ Նախագիծն իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամի և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի հետ համագործակցությամբ: Ծրագրի տևողությունը 36 ամիս է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 500,000 եվրո։

Ծրագրի նպատակների, դրա բաղադրիչների և ակնկալվող արդյունքի շուրջ Erit.am-ը զրուցել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի տնօրեն Միքայել Հովհաննիսյանի հետ:

Վերջինիս խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի պաշտպանել երիտասարդների իրավունքները, ինչպես նաև ուժեղացնել ուսանողների և ուսանողական կազմակերպությունների կարողությունները՝ խրախուսելով նրանց հանրային ներգրավվածությունը: «Ծրագիրն անդրադառնում է մարտահրավերների լայն շրջանակի, որոնց այսօր բախվում են մեր երկրի երիտասարդները։ Այդ մարտահրավերների շրջանակը ներառում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ, ուսանողական ինքնակազմակերպման մոդելների բազմազանեցման և ներդրման հարցերը, ուսանողների՝ որպես կրթական գործընթացի առաջնային շահառուների մասնակցությունը բուհական կառավարմանը, երիտասարդների ներգրավումը անմիջականորեն իրենց անդրադարձող քաղաքականությունների մշակման գործընթացին և այլն։ Մեր ծրագրի միջոցով փորձելու ենք օգնել երիտասարդներին՝ զարգացնելու նրանց հետազոտական, կազմակերպչական և հաղորդակցական  կարողությունները, աջակցելու ենք տարբեր ուսանողական նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև խթանելու ենք նրանց ներգրավվածությունը պետական և բուհական մակարդակում քաղաքականությունների մշակման գործում»,- մեզ հետ զրույցում ասում է Միքայելը Հովհաննիսյանը և հավելում, որ ծրագրի նպատակները կիրականացվեն ուսանողների, երիտասարդների և ուսանողական կազմակերպություների անմիջական ներգրավվածությամբ ու մասնակցությամբ։

«ԵՄ-ն հանուն երիտասարդների. ուսանողական ժողովրդավարություն հիմա» ծրագիրը բաղկացած է երեք հիմնական գործողություններից՝ կարողությունների զարգացում, ենթադրամաշնորհներ և ջատագովություն:

Կրթություն/կարողությունների զարգացում

Ըստ մեր զրուցակցի՝ այս բաղադրիչի շրջանակում ուսանողների, ուսանողական կազմակերպություների, ոչ ֆորմալ խմբերի և նախաձեռնություների համար մշակվել են կարողություների զարգացման մի շարք գործողություններ, որոնցից առաջինը «ՌեՖորում» ուսանողական բաց աշխատարանն է: Այն միտված է քաղաքացիական ակտիվության, իրավունքների պաշտպանության, երիտասարդական քաղաքականության և կրթական բարեփոխումներ իրականացնելու հմտությունների զարգացմանը: Երկրորդ գործողությունը «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարն է, որի նպատակն է խթանել հայաստանյան երիտասարդների ստեղծագործական ներուժը: Հաջորդ գործողության շրջանակում կիրականացվի քննադատական մտածողության դպրոցների նախագիծ՝ գոյություն ունեցող կարծրատիպերի հաղթահարման և քննադատական մտածողության հմտությունների զարգացման համար:

«Կիրականացվեն նաև մի շարք դասընթացներ՝ ուսանողական ակտիվիզմի և իրավունքների պաշտպանության, իրավունքահեն մոտեցման, հետազոտական մեթոդաբանության, հաղորդակցության, ջատագովության և այլ թեմաների վերաբերյալ։ Ավելին, կկազմակերպվի երկու ուսուցողական այց դեպի Տարտու (Էստոնիա) և Գրոնինգեն (Նիդեռլանդներ), որի մասնակիցները ժողովրդավարության և ուսանողակենտրոն կրթության ոլորտներում կիրականացնեն երկու ուսումնասիրություն՝ հիմնվելով միջազգային փորձի վրա»,-ծրագրի մանրամասներն է ներկայացնում «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի ծրագրի տնօրենը։

Ենթադրամաշնորհային ծրագրեր

Այս բաղադրիչի շրջանակում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ուսանողական ՔՀԿ-ներին, նախաձեռնություններին և ոչ ֆորմալ խմբերին։ Միքայել Հովհաննիսյանի խոսքով՝ մրցակցային ենթադրամաշնորհային ֆոնդով կֆինանսավորվի առնվազն քսան ծրագիր, որոնք կիրականացվեն Երևանում գտնվող առնվազն երեք համալսարաններում և մարզային երկու բուհում։ «Իրավունքների պաշտպանությունը, փաստերի հիման վրա քաղաքականության մշակումը, կոռուպցիայի դեմ պայքարը և ուսանողական ինքնակազմակերպումը կլինեն մրցույթի առաջնահերթությունները։ Ի հավելումն այս ամենի՝ «ՌեՖորում» բաց աշխատարանից հետո ուսանողական նախաձեռնությունները կստանան ֆինանսական աջակցություն, որը, բացի պրակտիկ արդյունքներից, նաև մասնակիցների միջև կստեղծի համագործակցություն և կապեր»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ «Մարդամեջ» սոցիալ-նորարական ճամբարի արդյունքում կֆինանսավորվեն նորարարական էլեկտրոնային գործիքների զարգացմանն ուղղված հինգ ծրագրեր։

Ջատագովություն

Վերոնշյալ բաղադրիչի շրջանակում ծրագրի շահառուները կներգրավվեն կրթության քաղաքականության մշակման և օրենքների բարելավման փաթեթների գործընթացին՝ հիմնվելով Հայաստանում իրականացվող դասընթացների, ենթադրամաշնորհների և ուսանողական այցելությունների վրա։ Կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն ընտրված թեմաների շուրջ և կմշակեն ոլորտային քաղաքականության և օրենքի բարելավմանն ուղղված առաջարկություններ։ Ծրագրի հեղինակները կմշակեն առնվազն երեք քաղաքականության/օրենքի բարելավման առաջարկություններ, որում ակտիվորեն կներգրավվեն ծրագրի շահառուները՝ ընդգրկելով 100 որոշում կայացնողների, ներառյալ ԿԳՍՄ նախարարության, Ազգային ժողովի և երեք երևանյան, երկու մարզային համալսարանների, ինչպես նաև  մասնավոր հատվածի ներկայացուցիչների, արհմիությունների և գործարար միավորումների։

Ակնկալվող արդյունքներ

Միքայել Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ ծրագրի արդյունքում կարձանագրվի ուսանողների, ուսանողական կազմակերպությունների և երիտասարդական ՔՀԿ-ների կարողությունների բարձրացում՝ քննադատական մտածողության, կազմակերպչական և սոցիալական հմտությունների, ինչպես նաև  ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների ոլորտներում: «Ավելի քան 400 երիտասարդներ՝ ներառյալ ուսանողներ և ուսանողական կազմակերպություներ, կընդլայնեն իրենց գիտելիքներն ու հմտությունները ջատագովության, իրավունքի պաշտպանության, համալսարանի մասնակցային կառավարման և ուսանողակենտրոն կրթության մշակման ոլորտներում։ 60 երիտասարդներ Հայաստանի բոլոր մարզերից կսովորեն՝ ինչպես զարգացնել առցանց և օֆլայն գործիքներ, որոնք կխթանեն ուսանողական ինքնակազմակերպման նորարարական ձևերի զարգացումը։ Բայց այդ՝ կմշակվեն 3-5 նորարարական էլեկտրոնային գործիքներ՝ համալսարանների թափանցիկության, հաշվետվողականության և ուսանողների՝ ջատագովության քաղաքականությունների մշակման և համալսարանական կառավարման մասնակցության համար»,-նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ մարզային համալսարանների 150-200 ուսանողներ, երիտասարդ ակտիվիստներ և ուսանողական, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ կզարգացնեն քննադատական մտածողության և վերլուծական կարողությունները։

Ըստ Միքայել Հովհաննիսյանի՝ ծրագրի արդյունքում կբարելավվի նաև ուսանողների, ուսանողական կազմակերպությունների և երիտասարդական ՔՀԿ-ների մասնակցությունը երիտասարդներին և ուսանողներին վերաբերող քաղաքականության մշակմանը։ Ուսանողական նախաձեռնությունների միջոցով կվերհանվեն և կհասցեագրվեն ուսանողակենտրոն կրթությանը վերաբերող 10 առաջնահերթ  թեմաներ։ «Ուսանողական ժողովրդավարության, ուսանողակենտրոն կրթության ոլորտի վերաբերյալ ուսանողները կիրականացեն 2 ուսումնասիրություն և առաջարկություն՝ հիմնված միջազգային փորձի վրա, ինչպես նաև կտրամադրվեն առնվազն 20 ենթադրամաշնորհներ՝ ուսանողական ժողովրդավարության, բուհերի և աշխատաշուկայի միջև կապի, իրավական վերլուծության, ուսանողների իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններ զարգացնելու համար»,-ծրագրի ակնկալվող արդյունքներ է ներկայացնում Միքայելը Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ կմշակվեն և  օրենսդիր ու գործադիր մարմինների պատասխանատուներին կներկայացվեն նաև երիտասարդներին վերաբերող քաղաքականության բարելավմանն ուղղված առնվազն երեք օրենսդրական առաջարկություններ։

Նյութը պատրաստեց՝ Հեղինե Հովհանիսյանը

Ավելին