Հետազոտական ակնարկների հայտարարություն

Photo

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) իրականացնում է ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումներին ուղղված ծրագիր`դատարանների արդյունավետության բարելավմանը, հանրային վերահսկողության ապահովմանը և համագործակցության հարթակների ստեղծմանը աջակցելու համար։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է նպաստել վեճերի լուծման արտադատական մեխանիզմների զարգացմանը, դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը, դատաիրավական բարեփոխումների շրջանակում կառավարության և քաղաքացիական հասարակության միջև համագործակցության ամրապնդմանը։

Որպես ծրագրի մաս՝ ԵՀՀ-ն պլանավորում է իր շահառուներին՝ քաղաքացիական հասարակությանը և երիտասարդությանը, տրամադրել գիտելիք և խորհելու նյութ պետության և իրավունքի ընդհանուր սկզբունքների, իշխանության տեսության, ինչպես նաև Հայաստանի արդի կառավարման համակարգի հիմունքների վերաբերյալ: Այդ նպատակով հայցում ենք դիմումներ հետևյալ թեմաներով.

Թեմա 1. Իշխանության բնույթն ու զարգացումը, իշխանության կոնցեպտը,

Թեմա 2. Պետական իշխանության և կառավարման մոդելները,

Թեմա 3. Հայաստանի պետական կառավարման արդի մոդելը,

Թեմա 4. Ի՞նչ է պարտադիր իմանալ շարքային քաղաքացուն Հայաստանի օրենսդրական և իրավական համակարգի մասին,  

Թեմա 5․ Մարդու իրավունքների պաշտպանության պատմություն։

Թեմաները ներկայացնելիս՝ խրախուսվում է քննադատական և նորարարական մոտեցումը։  

Թեմա 1. Իշխանության բնույթն ու զարգացումը, իշխանության կոնցեպտը

Հետազոտության/ակնարկի նպատակն է՝ 20-30 էջերի սահմաններում պարզ և գրավիչ լեզվով ներկայացնել, թե ինչպես են արևմտյան աշխարհում, հատկապես գաղափարների այն  հայտնի հանդիպադրման հիմքի վրա, որը կարճ բնութագրելի է որպես Հոբբս-Լոքք  հակադրություն, զարգացել պետական իշխանության վերաբերյալ պատկերացումները, անցում կատարելով մարդու նկատմամբ իշխանություն կիրառելու գաղափարից դեպի մարդու իրավունքների վրա հիմնված ժամանակակից իշխանական մոդելները: ԵՀՀ-ն ցանկանում է քննադատական քննարկում ծավալել այն մոդելների միջև, որոնցում մարդը դիտարկվում է որպես «դժվար կառավարելի հպատակ» ի հակադրություն նրանց, որոնցում մարդուն համարում են բարձրագույն արժեք և սեփական կամքով օժտված անհատականություն/գործիչ։ Իշխանական մոդելների «բրգաձև» տարբերակի հարաբերակցությունը «ցանցային» տարբերակի հետ պիտի ընկած լինի աշխատանքի հիմքում: Ցանկալի է, որ աշխատանքն անդրադառնա «իշխանություն» հասկացության սահմանմանը: ԵՀՀ-ն առաջարկել է «իշխ» հասկացությունը (power), որը, սակայն, առայժմ լայնորեն ընդունված չէ: Դիմորդները կարող են առաջարկել այդ եզրի օգտագործումը կամ երևույթի բացատրությունն առանց այդ եզրի: Որոշումների ընդունման և լեգիտիմացման կարճ ներկայացումը նույնպես պիտի տեղ գտնի աշխատանքում (միանձնյա հրաման, քվեարկություն, կոնսենսուս, որոշումների կոլեկտիվ ընդունման այլ տարբերակներ):

Նշված թեմայի մեջ իշխանության ծագման ձևերը՝ ուղղակի-պարտադրականից մինչև ազդեցություն, կառուցվածքային իշխանություն (սոցիալ-տնտեսական) կամ մշակութային ճառագում, պիտի գտնեն իրենց բացատրությունը:

Դիմորդները կարող են առաջարկել նաև ձևավորման, նյութի ներկայացման նորարար սկզբունքներ, որոնք ԵՀՀ-ն հաշվի կառնի աշխատանքը հրապարակման պատրաստելիս։

Թեմա 2. Պետական իշխանության և կառավարման մոդելները

Աշխատանքի/ակնարկի նպատակն է՝ 20-30 էջերի սահմաններում պարզ և գրավիչ լեզվով ներկայացնել, թե ինչպես են ձևավորվել և զարգացել իշխանական ճյուղերի փոխկապակցվածությունը և բաժանումը, օրինակ, ԱՄՆ մոդելի հիման վրա, և բացատրել գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների զսպումների և հակակշիռների տեսությունը, դրա կիրառումը և կարևորությունը: Աշխատանքում պիտի քննարկվեն նաև իշխանության այլ մակարդակներն ու ձևերը՝ տեղական ինքնակառավարումը, ԶԼՄ իշխանությունը, բիզնեսի և կորպորացիաների, քաղաքացիական հասարակության իշխանությունը և այլն: Դիմորդները կարող են առաջարկել նաև ձևավորման, նյութի ներկայացման նորարար սկզբունքներ, որոնք ԵՀՀ-ն հաշվի կառնի աշխատանքը հրապարակման պատրաստելիս։

Թեմա 3. Հայաստանի պետական կառավարման արդի մոդելը

Այս աշխատանքի նպատակն է 50 էջերի սահմաններում ներկայացնել Հայաստանի կառավարման արդի մոդելն իր ակունքներով։ Հետազոտությունը կարող է ընդգրկել հետևյալ բաղադրիչները.

  1. Խորհրդային Հայաստանի կառավարման մոդելից անցում դեպի անկախ Հայաստանի կառավարման մոդել, անդրադառնալով առաջինի թերություններին և դրա ազդացությանը արդի կառավարման մոդելի վրա։ Կարճ պատմական էքսկուրսի ժամանակաշրջանը`1953 թ.-ից ի վեր[1], անդրադառնալով հատկապես 1960-1970-ականների համակարգին. Խորհրդային Հայաստանի կառավարման երկու բաղադրիչների` ձևական (Գերագույն Խորհուրդ) և իրական (կոմունիստական կուսակցություն) հարաբերակցությանը, ինչպես նաև` 1988 -1990 թթ. «երկիշխանության» իրադրությանը, պայմանավորված Ղարաբաղ կոմիտեի գործունեությամբ։ 
  2. Անկախ Հայաստանի պետական կառավարման համակարգն անկախանալուց մինչև այսօր, ներառյալ անկախ Հայաստանի կառավարման համակարգի ձևավորումը, առաջին կարևորագույն օրենքների ընդունումը, ինչպես նաև`1998-2018 թթ. ընթացքում կառավարման համակարգի առանցքային փոփոխությունները։ 
  3. Հայաստանի կառավարման համակարգն այս պահին (հետազոտության պահին): Ի լրումն հիմնական համակարգի ներկայացմանը, այս բաժնում կարելի է ուրվագծել իշխանության համակարգի, հատկապես գործադիր իշխանության ներքին գործելակարգի կանոնները, սկզբունքներն ու ավանդույթները, հիմնավորված մի քանի օրինակներով և նշել հավելյալ տեղեկատվության աղբյուրներ: Կարելի է անդրադառնալ նաև Սահմանադրական (սպասվող) փոփոխությունների գործընթացին, իշխանական ուժերի կողմից դրանց մեկնաբանությանը` կայուն ժողովրդավարություն ունենալու տեսանկյունից։
  4. Հայաստանի օրենսդրական և իրավական համակարգի հիմքերը. ո՞ր մեթոդաբանության հիման վրա են ստեղծվում օրենքները, ի՞նչ է ընկած օրենքներ ստեղծող մարդկանց կրթության և մասնագիտական մեթոդաբանությունների, կանխենթադրույթների հիմքում, ո՞ր արժեքները, մոդելները և օրինակներն են հիմք հանդիսանում այսօրվա Հայաստանում օրենքների ստեղծման, ինչպես նաև՝ դրանց հիման վրա որոշումներ կայացնելու (ներառյալ՝ դատական որոշումներ) համար:

Այս բոլոր թեմաները պիտի իրենց ձևակերպման մեթոդաբանության մեջ չմոռանան առաջին թեմայի մեջ ձևակերպված հակադրությունը. պետությունը որպես մարդուն հպատակեցնող՝ ի հակադրություն պետությանը՝ որպես ազատ և արժանապատիվ մարդկանց միավորում, մարդու իրավունքների սկզբունքների վրա հիմնված: Պիտի ցույց տրվի՝ ինչպե՞ս են կոնկրետ օրենքը, որոշումը կամ ընթացակարգը, դրա հիմքում ընկած մտածելակերպն ազդում պետության այս կամ այն մոդելի ամրապնդման կամ թուլացման վրա:

Թեմա 4. Ի՞նչ է պարտադիր իմանալ շարքային քաղաքացուն Հայաստանի օրենսդրական և իրավական համակարգի մասին։ 20-30 էջերի սահմաններում անդրադառնալ արդի Հայաստանի օրենսդրական և իրավական համակարգերին, ներկայացել առանձին ոլորտներում կիրառվող օրենսդրական շրջանակը, իրավական ակտերի միջև տարբերությունը /ստորադասությունը/։ Անդրադառնալ հետևյալ հարցերին՝ ինչպե՞ս ՀՀ քաղաքացին կարող է տեղեկանալ օրենսդրական առաջարկվող փոփոխություններից, որտե՞ղ են հասանելի օրենքները (Սահմանադրություն, քրեական օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք), ինչպե՞ս դիմել դատարան, ի՞նչ դատարաններ են գործում Հայաստանում, ինչպե՞ս առնչվել պետական մարմիններին, և այլն: Այս մասի նպատակն է քաղաքացուն տրամադրել տեղեկություն, որ նա լինի օրենսդրական և իրավական դաշտում կողմնորոշվող և իր իրավունքները ճանաչող անձ:

Թեմա 5․ Մարդու իրավունքների պաշտպանության պատմության հակիրճ նկարագրություն՝ օգտագործելով մարդկության պատմության այն դրվագները, որոնք կարևոր են այսօրվա Հայաստանի քաղաքացու համար, ներառյալ իրավունքների միջազգային պաշտպանության համակարգի ձևավորումը, մարդու իրավունքների համար պայքարող պատմական դերակատարների մասին տեղեկատվություն և խորհրդային ժամանակների այլախոհության փորձը: 20-30 էջ կազմող աշխատանքը պիտի սկսվի «մարդու իրավունքներ»-ի սահմանումից, գլխավոր փաստաթղթերի նշումից, և ավարտվի խորհուրդներով, թե ինչպես կարող է Հայաստանի քաղաքացին պաշտպանել իր իրավունքները:

Դիմելու կարգը և լրացուցիչ տեղեկություններ.

  • Դիմել կարող են անհատներ կամ հեղինակների խմբեր:
  • Դիմորդ(ները) կարող են հանդես գալ հայտարարության տեքստում ներկայացված ինչպես առանձին մասերի, այնպես էլ թեման ամբողջությամբ ներկայացնելու հայտերով:
  • Հնարավոր է, որ առանձին մասերի համար մրցույթը շահեն առանձին դիմորդներ (խմբեր), սակայն վերջնական աշխատանքը կազմելու համար ընտրված անհատները կամ խմբերը պիտի աշխատեն միավորված:
  • Վերջնական կազմված տեքստերը պետք է տեխնիկական մասով համապատասխանեն ԵՀՀ հրատարակչական ուղեցույցին, իսկ բովանդակային մասով՝ նաև ԵՀՀ կողմից առաջարկվող որոշ նյութերին։

Պահանջվող որակավորումներ.

  1. Բարձրագույն կրթություն հանրային քաղաքականության, իրավագիտության, պետականագիտության կամ այլ համապատասխան ոլորտում կամ աշխատանքային նշանակալի փորձ նման ոլորտում,
  2. Հետազոտական աշխատանքի փորձ,
  3. Վերլուծական գերազանց հմտություն,
  4. Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի որակյալ իմացություն,
  5. Բարձրորակ, գրագետ և հետաքրքիր հայերեն տեքստ գրելու վարպետություն:

Դիմորդների՝ արտասահմանում (հավելյալ) կրթություն ստացած լինելն առավելություն է:

Դիմելու համար պետք է ներկայացնել (հայերեն).

  • Ինքնակենսագրական (CV),
  • Սինոպսիս (հինգ էջի սահմաններում[2] ներկայացնել առաջարկվող մոտեցման հիմնական շեշտադրումները, առաջարկվող թեմատիկ ակնարկի ենթաբաժինների կառուցվածքը, օգտագործվելիք գրականության ցանկ),
  • Նման գրավոր աշխատանքի նմուշ:

Հայտերը ուղարկել Անահիտ Խաչատրյանին [email protected] էլ-հասցով մինչև 2020 թ. մայիսի 7-ը, ներառյալ, նամակի վերնագրում նշելով «Handbook_expert»: Հարցերի դեպքում զանգարել (+37495) 436415։

Աշխատանքներում օգտագործվող սխեմաները և դիագրամները, ինչպես նաև հղում կատարված աշխատությունների և այլ նյութերի ցանկերն էջերի քանակում ներառված չեն:

Աշխատանքների համար նախատեսվում է հոնորար, ինչպես նաև վերջնական տեքստերը կհրապարակվեն միասին կամ որպես առանձին շարք, առցանց և տպագիր:

 

[1] Կարող է նաև շատ կարճ նշվել մինչ այդ Հայկական ԽՍՀ մոդելի ձևավորումը խորհդային կարգերի ընթացքում՝ ԽՍՀՄ-ի կողմից թելադրված, գուցե մի քիչ տեղայնացված:

[2] Եթե հայտը բոլոր թեմաների համար է, սինոպսիսը կարող է լինել մինչև 10 էջ։

Ավելին