«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»․ դրամաշնորհային ծրագրին առաջարկներ ներկայացնելու հրավեր (փակված է)

 

ATNP-3 logo pic

Համառոտ նկարագրություն

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի ութ քաղաքացիական հասարակության կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Կոնսորցիումի անդամներն են. Հայաստանում` Սիվիլիթաս հիմնադրամը (ՍՀ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ), Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Թուրքիայում` Անադոլու Քյուլթյուրը, Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամը (ՏԵՊԱՎ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան (ՀՔԱ) և Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ)։

Ծրագիրը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ջանքերին՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև ժողովրդավարական բազմակարծության ամրապնդմանը: Ծրագրի ընդհանուր նպատակն է պարարտ հող նախապատրաստել բազմակողմանի քաղաքական զարգացումների և լայնածավալ միջամտությունների համար, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացմանն և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Ծրագրի հատուկ նպատակները երկու մասից են բաղկացած, դրանք են՝

  • ընդլայնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և հարաբերությունների կարգավորման աջակիցների շարքերը հիմնվելով երկարաժամկետ գործընկերների հետ համագործակցության շարունակականության և նոր դերակատարների ներգրավման վրա: 
  • ուսումնասիրել և քարտեզագրել Հայաստան-Թուրքիա կարգավորմանը  նպաստող բազմակողմանի գործողություները՝ Հայաստանում և Թուրքիայում պետական և ոչ պետական շահառուների, ինչպես նաև միջազգային դերակատարների արդյունավետ ներգրավվածության միջոցով։

Ծրագրի կարևորագույն հիմնաքարերից է ներառականությունը, այն է` երկխոսության գործընթացում ներգրավել և աջակցել նոր դերակատարներին: Այդ նպատակով կոնսորցիումը ստեղծել է դրամաշնորհային աջակցության ծրագիր, որի շրջանակներում անհատներն ու կազմակերպությունները (բացի կոնսորցիումի անդամ-կազմակերպություններից) հնարավորություն կունենան առաջարկելու և իրականացնելու իրենց սեփական գաղափարներ` այդ կերպ նպաստելով Ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և համատեղ վերջնարդյունքների ազդեցության բազմապատկմանը:

Ինչպես «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի նախորդ փուլերի շրջանակներում, կոնսորցիումը պատրաստ է հաշվի առնել և աջակցել ծրագրերի, որոնք ուղղված են տարատեսակ թեմաներով երկխոսություն ստեղծելուն։ Սակայն, այս փուլի շրջանակներում կոնսորցիումն որոշակի առավելություն կտա այն ծրագրերին, որոնք նպատակ ունեն՝

  • Խթանել Հայաստան-Թուրքիա տնտեսական և բիզնես համագործակցության հնարավորությունները։
  • Հաստատել/խթանել համագործակցությունն այն կազմակերպությունների և փորձագետների/անհատների միջև, որոնք ներկայացնում են խոցելի կարգավիճակում ապրող կամ հաշմանդամություն ունեցող մարդկանց, ինչպես նաև  հասարակության մեջ նման խմբերի իրավունքներն են խթանում։
  • Խթանել Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը՝ բնապահպանության և կլիմայի փոփոխությանն վերաբերող հարցերում։
  • Խթանել համագործակցությունը կրթական հարցերով զբաղվող կազմակերպությունների և հաստատությունների միջև, ներառյալ համալսարանները, կրթական կենտրոնները և think tank-երը։
  • Ուսումնասիրել այս երկու երկրների ներսում և միջև տեղի ունեցող շարժունակության և միգրացիայի խնդիրները և/կամ դիսկուրսները։

Սակայն, այն գաղափարները, որոնք վերը նշված ուղղությունների շրջանակներից կամ գործունեության ոլորտներից  դուրս են գտնվում, նույնպես հաշվի կառնվեն և կգնահատվեն ըստ կոնսորցիումի և այլ շահառուների կողմից առաջարկած չափանիշների։

Դրամաշնորհային ծրագիրը կարող է ֆինանսապես աջակցել ներկայացրած առաջարկություններին առանց համաֆինանսավորման պահանջի։ Սակայն, դրամաշնորհային ծրագիրը կարող է նաև համաֆինանսավորել նախագծեր, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են, կամ ծրագրեր, որոնք շուտով սկսվելու են Եվրոպական միությունից զատ այլ դոնորների հովանավորությամբ։ Այն դեպքում, եթե առաջարկությունը պահանջում է համաֆինանսավորում մի ծրագրի համար, որը դեռևս չի սկսվել, համաֆինանսավորումը հնարավոր կլինի եթե

  • մյուս հաստատված կամ սպասվող ֆինանսավորումը դիմումում նշված է,
  • դրամաշնորհային ծրագրից հայցվող ֆինանսավորումը հստակորեն նշված է և հիմնավորված,
  • ԵՄ-ի և կոնսորցիումի տեսանելիությունն ապահովված է։

Համապատասխանություն

  • Դիմումներ կարող են ներկայացնել ինչպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (բացառությամբ կոնսորցիումի անդամների), այնպես էլ անհատները: Դրամաշնորհային ծրագրի շրջանակում դրամաշնորհներ կարող են տրամադրվել նաև շահույթ հետապնդող  կազմակերպություններին այն դեպքում, եթե առաջարկվող նախագիծը նպաստի ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը և դրամաշնորհային միջոցները չօգտագործվեն շահույթ ստանալու նպատակով: Դիմող կազմակերպությունները պետք է պաշտոնապես գրանցված լինեն Հայաստանում կամ Թուրքիայում: Դիմող անհատները պետք է լինեն Հայաստանի կամ Թուրքիայի քաղաքացիներ կամ ունենան այդ երկրներում մշտական բնակության թույլտվություն:
  • Պետական/հանրային գործակալությունները և քաղաքական սուբյեկտները չեն կարող դիմել։
  • Ընդունելի ծախսեր են համարվում անձնակազմի աշխատավարձ (օրինակ՝ ծրագրի ղեկավար, համակարգող, հաշվապահ և այլն),  փորձագետների համար հոնորար (տեղական և միջազգային), հաղորդակցության ծախսեր (հեռախոս,ինտերնետ և այլն), ճանապարահորդական ծախսեր (տրանսպորտ, կացություն, սնունդ, ճանապարհորդական ապահովագրություն), սահմանափակ քանակության սարքավորումների գնում, ծրագրային և գրենական պիտույքներ, որոնք անհրաժեշտ են ծրագիրն իրականացնելու համար, հարցման/հետազոտության և տպագրման ծախսեր, կոնֆերանսի հարմարությունների, թարգմանություների սարքավորումների վարձույթ և այլ ծախսեր, որոնք կապված են նախագծի իրականացման հետ։ Եթե դրամաշնորհային նախագծի շահառուն Թուրքիայում կամ Հայաստանում գրանցված կազմակերպություն է՝ նրան կտրվի ԱԱՀ-ից ազատման վկայական։
  • Առաջարկվող ծրագրի գործողությունները պետք է տեղի ունենան կամ Հայաստանում կամ Թուրքիայում, կամ երկու երկրներում։ Եթե լրացուցիչ/տարբեր վայրեր առաջարկվեն, դիմորդները պետք է բացատրեն դրա կարիքը դիմումում։

Ժամանակացույց

Հայաստանում գտնվող դիմորդները պետք է ներկայացնեն իրենց դիմումները Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան): Թուրքիայում գտնվող դիմորդները պետք է ներկայացնեն իրենց դիմումները Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա)։ Դիմումների լեզուն անգլերենն է։ Դրամաշնորհային դիմումների ներկայացման վերջնաժամկետն է մարտի 30, 2020։ Դիմորդները կոնսորցիումից արձագանք կստանան 2020-ի ապրիլ ամսվա ընթացքում։ Ծրագրերը կարող են սկսվել 2020-ի մայիսին և ավարտվել մինչև 2021-ի ապրիլի 30-ը։

Ընտրության չափանիշները և գործընթացը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան), որը 20 տարվա ծրագրերի կառավարման և դրամաշնորհների տրամադրման փորձ ունի, կկրի ենթադրամաշնորհային ծրագրի կառավարման պատասխանատվությունը։ Հրանտ Դինք հիմնադրամը (ՀԴՀ) (Թուրքիա) Թուրքիայում կլինի ենթադրամաշնորհային ծրագրի կառավարման առանցքային կոնտակտային կազմակերպությունը։ ԵՀՀ-ն՝ Հայաստանից և ՀԴՀ-ն՝ Թուրքիայից կհավաքագրեն նախագծային առաջարկները:   

Դիմումները կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից, որի կազմում կներառվեն կոնսորցիումի բոլոր անդամների կողմից նշանակված ներկայացուցիչներ։ Եվրոպական միության ներկայացուցիչները որպես դիտորդ կներգրավվեն Գնահատող հանձնաժողովի աշխատանքներում։ Դիմումների նախնական ուսումնասիրությունը վերաբերում է տեխնիկական չափանիշներին, որը կներառի ծրագրային առաջարկության լեզուն, դիմորդի ծրագրին դիմելու չափանիշների համապատասխանությունը, ծրագրի տևողությունը, վայրը և պահանջված ֆինանսավորման ծավալը։

Տեխնիկական չափանիշների համապատասխանության գնահատումից հետո, ընտրված դիմումները, հետագայում կուսումնասիրվեն Գնահատող հանձնաժողովի կողմից։

Դիմումներն ուսումնասիրելիս, Գնահատող հանձնաժողովը կղեկավարվի հետևյալ գնահատման չափանիշներով.

  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը նպաստում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի ընդհանուր նպատակի իրագործմանը:
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն արձագանքում է իր թիրախային խմբերի կոնկրետ կարիքների ապահովմանը և սահմանափակումների նվազեցմանը: 
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը ներառում է Հայաստանում և Թուրքիայում գործող կազմակերպությունների և (կամ) այդ երկրներում բնակվող անհատների միջև համագործակցություն կառուցելու բաղադրիչը:
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրն ապահովում է ծրագրի արդունքների կայունության նվազագույն աստիճան` ծրագրի ավարտից հետո:
  • Արդյո՞ք առաջարկվող ծրագիրը նորարար է և ապահովում է «հավելյալ արժեք»:
  • Արդյո՞ք բյուջեն իրատեսական է և համապատասխանում է առաջարկվող ծրագրային գործունեությանը:
  • Արդյո՞ք դիմորդն ունի բավարար կարողություններ առաջարկվող նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար:

Դիմումների ուսումնասիրության ընթացքում, Գնահատման հանձնաժողովը կարող է կապ հաստատել դիմորդի հետ՝ հավելյալ տեղեկության և/կամ պարզաբանման համար։

Միայն այն դիմումները, որոնք Գնահատման հանձնաժողովի բոլոր ութ անդամներից կստանան միաձայն աջակցություն, կառաջարկվեն ֆինանսավորման համար։ Եթե  հանձնաժողովը որևէ դիմումի վերաբերյալ անկարող է վերջնական որոշում կայացնել, հանձնաժողովը վերջնական որոշում ընդունելու նպատակով կարող է դիմորդից պահանջել, որպեսզի նա գործողությունների պլանում կամ բյուջեում փոփոխություններ կատարի։ Այս դեպքում, դիմորդին կտրվի տրամաբանական ժամկետ (մինչև երկու շաբաթ) դիմումը վերանայելու համար, որից հետո գնահատման հանձնաժողովը նորից կդիտարկի վերանայված դիմումը:  

Դրամաշնորհի շնորհում

Դրամաշնորհի շնորհման մասին ծանուցում ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում ենթադրամաշնորհառու կազմակերպություններն և/կամ անհատները կհրավիրվեն մասնակցելու Դրամաշնորհների կառավարման (ԴԿ) սեմինարին: ՀՀ-ում գտնվող դրամաշնորհառուների համար ԴԿ սեմինարը կանցկացվի ԵՀՀ-ում, իսկ Թուրքիայում գտնվող դրամաշնորհառուների համար՝ ՀԴՀ-ում՝ ԵՀՀ-ի Դրամաշնորհային ղեկավարի անմիջական մասնակցությամբ: Հայաստանի և Թուրքիայի դրամաշնորհառուների Հայաստանում/Թուրքիայում գտնվող գործընկերներին նույնպես կառաջարկվի իրենց երկրներում մասնակցել ԴԿ սեմինարներին` ծանոթանալու այն հիմնական կանոններին և ընթացակարգերին, որոնք ԵՀՀ-ն կկիրառի` իրենց նախագծերի ֆինանսական և ծրագրային պատշաճ կառավարումն ապահովելու համար:

ԴԿ սեմինարի ավարտից հետո յուրաքանչյուր ենթադրամաշնորհառու ԵՀՀ-ի հետ կստորագրի Դրամաշնորհային պայմանագիր:

Հրապարակայնություն

Կոնսորցիումը կաջակցի իրականացվող ծրագրերի հրապարակայնությանը և նրանց միջև համագործակցության հաստատմանը:

Ընդհանուր առմամբ, ենթադրամաշնորհառուները կպարտավորվեն հետևել ԵՄ մակնշման և բրենդինգի ընթացակարգերին, որոնք ներկայացվում են ԵՄ կապի և տեսանելիության ձեռնարկում: Դեպքերի մեծ մասում (բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան չի պահանջվել և հաստատվել Կոնսորցիումի և ԵՄ-ի կողմից), ենթադրամաշնորհառուները պետք է նշեն, որ իրենց ծրագրերը իրականացվում են «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ» ծրագրի դրամաշնորհային բաղադրիչի շրջանակում, և որ դրանք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից:

Ենթադրամաշնորհառուները ներառվելու են «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի Կոնսորցիումի կոնտակտային բազայում՝ ծրագրի վերաբերյալ նորություններ, Կոնսորցիումի միջոցառումների հրավերներ և այլ անհրաժեշտ  տեղեկություններ ստանալու նպատակով:

Այլ նկատառումներ

Կոնսորցիումն իրավունք ունի պահանջելու, որ ենթադրամաշնորհառուն իր նախագծի բյուջեում ներառի դրամաշնորհային միջոցների աուդիտը. այնուամենայնիվ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն (ներառյալ աուդիտի ծախսը) չի կարող գերազանցել 25,000 եվրոն:

Եթե Կոնսորցիումը չստանա բավարար քանակով որակյալ դիմումներ մինչև հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը` 2020 թ. մարտի 30-ը, Կոնսորցիումը իրավունք է վերապահում մնացած ֆինանսական միջոցները վերաբաշխել դրամաշնորհային բաղադրիչի շրջանակում հաստատված նախագծերին, որոնք լրացուցիչ ֆինանսավորման կարիք ունեն կամ ունեն պոտենցիալ` ընդլայնելու կամ շարունակելու իրենց գործունեությունը: Եթե այս տարբերակը հնարավոր չլինի, Կոնսորցիումը իրավունք ունի Եվրամիության համաձայնությամբ վերաբաշխել մնացած ֆինանսական միջոցները` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. 3-րդ փուլ» ծրագրի այլ բաղադրիչներին:

Հայտադիմումների ներկայացման կարգը

Դիմումները պետք է ներկայացվեն անգլերեն լեզվով և ներառեն սահմանված ձևաչափով կազմված հետևյալ փաստաթղթերը.

Եթե ​​դիմումատուն իրավաբանական անձ է, դիմումի փաթեթը պետք է ներառի դիմումի ձևի, բյուջեի և դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկի սկանավորված (PDF) պատճենները, որոնք բոլորը պետք է հաստատված լինեն հայտատու կազմակերպության ղեկավարի ստորագրությամբ և տվյալ կազմակերպության կնիքով: Եթե դիմումատուն անհատ է, դիմումի փաթեթը պետք է ներառի դիմումի ձևի և բյուջեի սկանավորված (PDF) պատճենները՝ երկուսն էլ հայտատու անհատի ստորագրությամբ: ԵՀՀ-ն և ՀԴՀ-ն երաշխավորում են ներկայացված փաստաթղթերի և տեղեկատվության գաղտնիությունը:

Հայաստանում գործող կազմակերպությունները և անհատները դիմումի փաթեթը պետք է էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (Հայաստան) հետևյալ հասցեով` [email protected]:

Թուրքիայում գործող կազմակերպությունները և անհատները դիմումի փաթեթը պետք է ներկայացնեն Հրանտ Դինք հիմնադրամին (Թուրքիա) ` [email protected]:

Հայաստանում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել Անի Թովմասյանին, հեռ. ` +374 10 25 15 75 (ներքին համար` 118) կամ +374 95 25 15 76, էլ.փոստ` [email protected]։

Թուրքիայում գործող կազմակերպությունները (անհատները) կարող են իրենց հարցերն ուղղել Չաղդաշ Օզբականին, հեռ․՝ +90 212 240 33 61 (ներքին համար՝ 227), էլ. փոստ` [email protected]:

Ավելին