Հեղափոխությունից հետո նոր կառավարության գործունեությունը թույլ տվեց ԵՀՀ-ին է՛լ ավելի թափով ընդգրկվել բարեփոխումների օրակարգում. հավասարության մասին օրենքը դեռևս չէր ընդունվել, կարիք կար շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ավարտի էր գալիս ԵՀՀ «Դեպո» ծրագիրը՝ քաղաքացիական հասարակության զարգացմանն ուղղված: Անհրաժեշտ էր մշակել նոր ծրագիր՝ ըստ նոր առաջնահերթությունների: ԱՄՆ ՄԶԳ-ն առաջարկեց ԵՀՀ-ին նոր մեթոդ՝ համաստեղծում. այդպիսով նոր՝ ԴԱՏԱ ծրագիրը մշակվեց ԵՀՀ-ի, նրա գործընկերների և ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցությամբ: Այս ծրագրի շեշտը քաղաքացիական հսարակության կարողությունների բարձրացումն է այնպես, որպեսզի այն կարողանա պետությանը ճիշտ և հաջող կերպով ջատագովություն անել: Մյուս շեշտը գիտելիքն է՝ փաստահեն և գիտելիքահեն, ապացույցահեն քաղաքականությունների մշակումը:
Զուգահեռաբար, նոր հնարավորություններից մեկը, որ բացվեց շնորհիվ հեղափոխության՝ Հայաստանում բռնության դրսևորումների խորքային հասցեագրումն էր, ինչը ԵՀՀ-ն ձեռնարկեց իր «Բռնության մշակույթը Հայաստանում» հետազոտությունների նախագծով, Սևծովյան համագործակցության հիմնադրամի աջակցությամբ: Հետազոտությունները նվիրված էին բռնության դրսևորումների սոցիալ-պատմական հիմքերին (խորհրդային շրջան, «գուլագային մշակույթ»), բռնության դրսևորումներին դպրոցում, բանակում և ընտանիքում: Այս հետազոտությունը եկավ համալրելու ԵՀՀ հետազոտական և մեթոդական գործունեությունը, որի կարևոր մասերից էր «Քննադատական մտածողություն. տրամաբանական սխալներ և հռետորաբանական շեղող կիրառուկներ» գրքույկի լույս ընծայումը, մի հրապարակում, որն առաջինն է Հայաստանում և հայերեն՝ քննադատական մտածողության վերաբերյալ:
Բարեփոխումների ընդհանուր կոնտեքստում մեծ նշանակություն ուներ նաև այն, որ ԵՀՀ-ի կազմակերպած միջազգային կոնֆերանսին՝ կրոնական հանդուրժողականության վերաբերյալ, բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի վարչապետը: Առաջին անգամ էր, որ երկրի ղեկավարը մասնակցում էր ԵՀՀ որևէ միջոցառման: Կարևագույն իրադարձություններից էր նաև ԵՀՀ Մարդու Իրավունքների ծրագրի ընդլայնումը՝ ընդգրկելով դրա մեջ դատաիրավական սեկտորի բարեփոխումների բավական ծավալուն գործունեություն, ինչպես, օրինակ՝ վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների արմատավորման շուրջ աշխատանքը: ԵՀՀ թիմը շարունակեց խորհրդատվական գործունեությունը մի շարք գերատեսչություններում՝ կրթական, մշակութային, ոստիկանությունում և այլն:
Նյութի վերջին խմբագրումը․ 26 հունիս, 2021