Աջակցություն քաղաքացիական հասարակությանը ծրագրի շրջանակներում տրամադրված դրամաշնորհներ

SIDA-EPF

2020 թվականի նոյեմբերի 1-ից 2023 թվականի մարտի 31-ը Եվրասիա hամագործակցություն հիմնադրամը, Երևանում Շվեդիայի դեսպանատունը և ՍԻԴԱ-ն իրականացրել են «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» (ՔՀ աջակցություն) ծրագիրը, որի նպատակն էր օժանդակել Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

ՔՀ աջակցություն ծրագիրը բաղկացած էր երեք հիմնական բաղադրիչներից, որոնցից մեկը «Բաց դռների» դրամաշնորհային մրցույթն էր։ Ծրագրի իրականացման ընթացքում ԵՀՀ-ն ստացել է տարբեր թեմաներին վերաբերող 120-ից ավելի ծրագրային հայտեր Երևանում և մարզերում հիմնված կազմակերպություններից։ Ընդհանուր առմամբ 46 ծրագիր է իրականացվել, ներառյալ 36 «Բաց դռների» դրամաշնորհային ծրագրեր և տասը Ինֆոտների հրավիրված դրամաշնորհային ծրագրեր: Ինֆոտների ծրագրերին կարող եք ծանոթանալ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակներում հրավիրված դրամաշնորհային ծրագրեր բաժնում։

Գնահատման կոմիտեն և ԵՀՀ ծրագրային թիմը համագործակցել են կարճ ցուցակում ներառված դիմորդների հետ` զարգացնելու համար նրանց ծրագրային գաղափարները ամբողջական հայտագրման փուլի համար։ Բոլոր ենթադրամաշնորհներ ստացած կազմակերպություններին և անհատներին ԵՀՀ ծրագրային թիմը աջակցել է ծրագրի իրականացման ողջ ընթացքում՝ նպատակ ունենալով զարգացնել ծրագրի իրականացման գործընթացը, բարելավել այդ կազմակերպությունների ինստիտուցիոնալ համակարգերը և խրախուսել կապերի ստեղծումը։

Դրամաշնորհները վերաբերում էին մարդու իրավունքներին, գենդերային հավասարությանը, ճգնաժամային իրավիճակներին, քաղաքային, տնտեսական և սոցիալական, համայնքային և շրջակա միջավայրի քաղաքականությունների մշակմանը, կրթությանը, մշակույթին, մեդիային, անհատ ձեռնարկատիրությանը և այլն:

Ներքևում կարող եք ծանոթանալ ծրագրերի նկարագրություններին: Ծրագրերում կատարված գործողությունները և զարգացումը մանրամասն ներկայացված են կցված փաստթղթում:

«Հանրային օրակարգ» ՀԿ

Խաղաղության ուղերձների խեղաթյուրման մեխանիկան և դրա դեմ պայքարի միջոցները

Բյուջե: 5,780,000 դրամ

Տևողություն: Հունիս 2021 - Հոկտեմբեր 2021

Արցախյան երրորդ պատերազմի արդյունքում պարզ դարձավ, որ համազգային հարցերի շուրջ կառուցվող հանրային քննարկումները երբեմն չեն անցկացվում քաղաքակիրթ և առողջ մթնոլորտում։ Այսպիսի քննարկումներում տեղ են գտնում «հերոսներ» և «դավաճաններ» անվանարկումները, ռացիոնալ մտքերը և գաղափարները հաճախ չեն ընդունվում և խաղաղության մասին հայտարարությունները տեղում չեզոքացվում են։

Այս ծրագրի հիմնական նպատակը խաղաղության ուղերձների խեղաթյուրման դեմ միջոցները հանրային քննարկման առարկա դարձնելը և խնդրո առարկայի շուրջ հանրային օրակարգի ձևավորմանն ու հանրային համաձայնության ձեռքբերմանը նպաստելն էր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել ներքին քարոզչական պայքարում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ունեցած դերին և «ֆեյք-նյուզ» երևույթին, ուսումնասիրվել են ներքին տեղեկատվական պատերազմը և դրա պատճառահետևանքային կապերը: Հետազոտական ծրագիրը նպատակ ուներ պատասխանել հետևյալ հարցերին`

  • Ինչու՞ էր Հայաստանում ժողովրդավարական ճանապարհով ձևավորված նոր կառավարությունը նախկին կառավարությունների պես հրաժարվում հասարակության հետ քննարկել խաղաղության հեռանկարը և ձևավորել նոր խոսույթ` փոխարենը խստացնելով իր հռետորաբանությունը և դիրքերը բանակցություններում:
  • Ի՞նչ գործոններ էին ազդում խաղաղության գաղափարի վրա և ի՞նչ կառուցակարգեր են օգտագործվել դրանք չեքոքացնելու համար:
  • Ովքե՞ր էին խաղաղության պատումի դեմ գործողությունների նախաձեռնողները և հիմնական իրականացնողները:
  • Բնակչության ո՞ր հատվածն էր այս կառուցակարգերի հիմնական թիրախը և ի՞նչ գործիքներ են կիրառվել:
  • Ծրագրի իրականացման պահին հնարավո՞ր էր արդյոք վերափոխել հանրային քննարկումների միջավայրը, ստեղծել նոր հանրային օրակարգ, որը կարող էր փոխարինել «մասնավոր կլանային խմբերի» օրակարգին և չեզոքացնել այն որպես հանրային ներկայացնելու փորձերը:

 

Հետպատերազմյան հետճշմարտություններ

4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն ՀԿ

Բյուջե: 10,220,000 դրամ

Տևողություն: Սեպտեմբեր 2021 - Ապրիլ 2022

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո հանրությունը տեղեկացավ բավականին ցավոտ իրականության մասին․ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ և գերեվարվածներ, հազարավոր տեղահանվածներ և ընդհանուր անորոշություն: Այս ծրագրի նպատակն էր վիզուալ պատումների միջոցով վավերագրել և վեր հանել հակամարտության հետևանքները, հետպատերազմյան քողարկված խնդիրներն ու իրականության չբարձրաձայնվող կողմը: 4Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոնը էթիկապես գրագետ և հետևողականորեն խմբագրված նյութերը տարածել է թե՛ սոցիալական մեդիայի և թե՛ հանրային քննարկումների միջոցով` նպատակ ունենալով ներգրավել հասարակության լայն շերտերին պատերազմի և խաղաղության իրական խնդիրների շուրջ երկխոսության մեջ:

 

ԴՈԿ ու ԹԱՏՐՈՆ / Ժամանակակից տեքստը վավերապատմող բեմահարթակ

«Արվեստի Բաց Հարթակ» ՀԿ

Բյուջե: 9,994,366 դրամ

Տևողություն: Օգոստոս 2021 - Ապրիլ 2022

Հետհեղափոխական, հետհամաճարակային և հետպատերազմական Հայաստանն ապրում է իր ժամանակակից պատմության ամենածանր օրերը: Տեղի ունեցած և շարունակվող իրադարձությունների անսպասելի հերթափոխը հանրությանը մղում է վերանայումների, քաղաքացիական դիրքի, մարդկային առաջնահերթությունների ու ապագայի հանդեպ մտապատկերի փոփոխման:

«Դոկ ու թատրոն» ծրագիրը Հայաստանում վավերագրական թատրոն ստեղծելու փորձ էր: Այս ծրագրի նպատակն էր ստեղծել կատարողական արվեստի և վավերագրական խաղի թատերահարթակ (ֆորում), որտեղ կատարողական արվեստի գործերի (դրամատիկական ներկայացում, վիդեոպերֆորմանս) միջոցով արվեստագետների համար հնարավորություն էր ստեղծվել անդրադառնալ վերջին երեք տարիներին տեղի ունեցած շրջադարձային իրադարձություններին՝ հեղափոխություն, համաճարակ, պատերազմ: Ծրագրի ընթացքում բեմադրվել են առնվազն վեց ներկայացումներ, որոնք անդրադառնում էին վերջին զարգացումներին: Բեմադրությունները նպատակ ունեին անցյալը և ապագան վերլուծելու և վերագնահատելու հնարավորություն ընձեռել մարդկանց: Ծրագիրը փորձ էր առցանց հարթակներում տեղի ունեցող խոսույթը տեղափոխել իրական դաշտ, ստեղծել միջավայր հաղորդակցության համար և խթանել ավելի կառուցողական հանրային խոսույթի ձևավորումը և բանավեճերի իրականացումը:

 

Մեդիա ոլորտի զգայունացում պատերազմական և հետպատերազմական ճգնաժամային իրավիճակներում

«Հավերժ» ՀԿ

Բյուջե: 8,871,000 դրամ

Տևողություն: Դեկտեմբեր 2021 - Մայիս 2022

Հետպատերազմական իրավիճակում առավել կարևոր է դարձել մեդիա ընկերությունների աշխատանքը, և հրամայական է մեդիա նյութերի որակի ու դրանց ազդեցության, ստեղծման ընթացքում վարքագծային կանոնների կիրառման, ինչպես նաև հանրության համար զգայուն թեմաների և կոնֆլիկտների լուսաբանման մշտադիտակումը։
Ծրագրի նպատակն էր բարելավել պատերազմական և հետպատերազմական ճգնաժամային իրավիճակը լուսաբանող մեդիայի որակը, խթանել ԶԼՄ-ների ազատ ու անկողմնակալ աշխատանքը, զգայունացնել մեդիա ոլորտը պատերազմական և հետպատերազմական ճգնաժամային իրավիճակներում: Ծրագիրը նաև նպատակ ուներ մշակել մեթոդաբանություն պատերազմական և հետպատերազմական ճգնաժամը լուսաբանելուն վերաբերող մեդիա ոլորտի խնդիրները գնահատելու համար, ստեղծել ձեռնարկ վերոնշյալ հարցերը լուսաբանելիս մեդիայի զգայունությունը բարձրացնելու վերաբերյալ, նաև մշակել ուղենիշներ  հակամարտությունից տուժած անձանց հետ աշխատելու համար:

 

«Հետպատերազմյան պատումներ»

«Վիզուալ ինովացիոն ստուդիա» ՀԿ

Բյուջե: 7,999,250 դրամ

Տևողություն: Փետևվար 2022 - Հունիս 2022

Ծրագրի նպատակն էր 44-օրյա պատերազմից հետո հնարավորություն տալ պատերազմի միջով անցածներին, հատկապես երիտասարդներին պատմել իրենց պատմությունները: Սա թերապեվտիկ նշանակություն ունեցավ նրանց համար, ինչպես նաև որոշ չափով պահապանեց պատերազմական իրադարձությունների հիշողությունը: Ծրագրի շրջանակներում հայտարարվել է կարճ վավերագրական ֆիլմերի և վիդեո պատմությունների նախագծերի մրցույթ Հայաստանի մարզերի, Երևանի և Արցախի սկսնակ ստեղծագործողների համար: Արդյունքում ստեղծվել են տեսաարտադրանքներ, որոնք անդրադարձել են պատերազմից մոտ մեկուկես տարի անց դեռևս լուսանցքում մնացած մարդկային պատմություններին երիտասարդների հայացքով, կամ արդեն հայտնի պատմություններին՝ նոր մոտեցումներով: 

 

Աղասի Թադևոսյան․ Բանավոր պատմություններ Արցախյան երկրորդ պատերազմի մասին․ մարդաբանական հետազոտություն

Բյուջե: 4,996,000 դրամ

Տևողություն: Մայիս 2021 - Հունվար 2022

Ղարաբաղյան վերջին պատերազմն առանձնանում էր կարճ ժամանակամիջոցում զոհերի մեծ թվով, տեխնիկայի դիմաց մարդու անզորությամբ և անկարևորությամբ, ահ ու սարսափ առաջացնող ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, մարդու ոչնչացման դաժանությամբ,  և մի շարք այլ հատկանիշներով, որոնք շատ ծանր և տրավմատիկ հետք են թողել շատերի վրա։ Ճգնաժամի արձագանքման միջոցառումները ընդհանուր առմամբ գնահատում են փախստականների կարիքները և ապահովում են մարդասիրական օգնություն, սակայն կարևոր է պատերազմին մասնակցած անձանց և ընդհանրապես ամբողջ հասարակության առողջացման և վերականգնման երկարատև աջակցության խնդիրը, որը քիչ ուշադրություն է ստացել: Պատերազմի սարսափների միջով անցած, այդ դաժան փորձության բեռը կրող զինվորները հավաքել են տեղեկություններ և փորձ, որոնք արձանագրվելու դեպքում մեծ ազդեցություն կունենան վերականգնման, ինչպես նաև պատերազմի հետևանքները հասկանալու գործընթացի վրա: Պատերազմի վավերագրման, դրա հետևանքների հետազոտման, մարդկանց աշխարհընկալման, արժեքների, պատերազմի և խաղաղության հանդեպ տեսանկյունների վրա ազդող գործոնների խնդիրները բավականաչափ ուսումնասիրված չեն: Պատերազմին մասնակցած մարդկանց, նրանց ընտանիքների անդամների և բարեկամների արժեհամակարգերում տեղի ունեցող փոփոխությունների, դրանք ձևավորող գործոնների ուսումնասիրությունը նույնպես խիստ կարևոր է։

Ծրագրի շրջանակներում իրականացվող հետազոտության նպատակն էր ուսումնասիրել Արցախյան երրորդ պատերազմի ազդեցությունն ու հետևանքները դրա մասնակիցների վրա՝ ինչպես դրա թողած տրավմատիկ հետքերի, այնպես էլ արժեքային ու աշխարհայացքային ընկալումներում տեղի ունեցած փոխակերպումների առումներով: Իրականացվել է որակական հետազոտություն խորին հարցազրույցների միջոցով, որը նպատակ ուներ անձանագրել բանավոր պատմություններ և ուսումնասիրել վերոգրյալ խնդիրները որակական նյութերի միջոցով:

 

Քաղաքացիների իրազեկության բարձրացում և մասնակցության խթանում ընտրական և հետընտրական շրջանում

Սիվիլիթաս Հիմնադրամ

Բյուջե: 9,910,900 դրամ

Տևողություն: Հունիս 2021 - Նոյեմբեր 2021

Հայաստանում 2021 թվականի հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին ՝ հաշվի առնելով թեկնածուների քանակը և հետընտրական կանխատեսելիության անորոշությունը: Նման քաոսային իրավիճակներում ընտրական գործընթացների վերաբերյալ լրատվական ճշգրիտ լուսաբանումը հատկապես կարևոր է: Ծրագիրը արագ արձագանք էր տեղի ունենալիք ընտրություններին, և դրա նպատակն էր բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունը քաղաքական գործընթացների վերաբերյալ, որպեսզի նրանք մասնակցեին ընտրություններին` հաշվի առնելով թեկնածուների ծրագրերի բովանդակությունը: Ծրագրի ընթացքում լուսաբանվել են նախընտրական շրջանում քաղաքական կուսակցությունների կողմից հրապարակված նախընտրական ծրագրերը և իրենց որդեգրած քաղաքականությունները, դիտարկվել են Կառավարության մարմինների ձևավորման գործընթացները, ուսումնասիրվել են կուսակցությունների քաղաքական վարքագծի ձևերը, վեր են հանվել իրենց որդեգրած քաղաքականություններում և ելույթներում տեղի ունեցող փոփոխությունները:

 

Քաղաքականություն և քաղաքականություններ․ Բուն զրույցներ

«:Բուն» գիտամշակութային հիմնադրամ

Բյուջե: 20,460,000 դրամ

Տևողություն: Օգոստոս 2021 - Մարտ 2022

Հայաստանում հանրային բանավեճերը և երկխոսությունները հաճախ հանգում են ավանդապես ընդունված կաղապարների շրջանակում ստեղծված ձևակերպումների՝ հաճախ այն պատճառով, որ քննարկման մասնակիցները խուսափում են բաց, ազատ, անկաշկանդ, առանց պիտակավորման և մարգինալացման վտանգի հանրայնորեն ձևակերպել իրենց մտքերը։ Մյուս կողմից հանրային բանավեճերը կարծես զուգահեռ մենախոսություններ լինեն և միտված են սեփական տեսակետը վերահաստատելուն, ոչ թե լավագույն լուծումը որոնելուն։ Ծրագրի նպատակն էր հանրային կարևորություն ունեցող երևույթների շուրջ կառուցողական երկխոսության ձևավորել քաղաքացիական հասարակության և իշխանության ներկայացուցիչների միջև, որը կհանգեցներ առավել արդյունավետ հանրային քաղաքականությունների մշակմանը՝ դիտարկելով դրանք միջոլորտային համատեքստում։ Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ քայերը. երկխոսության անկախ, ներառական և բովանդակությունը կարևորող միջավայրի ապահովում, նոր գաղափարներ ստեղծելուն աջակցություն, ընթացիկ հանրային քաղաքականությունների և խոսույթների վերաբերյալ հանրության իրազեկվածության բարձրացում:

 

Արդյունավետ դատական արտադրության ապահովում

Ժուռնալիստների «Ասպարեզ» Ակումբ ՀԿ

Բյուջե: 9,980,000 դրամ

Տևողություն: Սեպտեմբեր 2021 - Ապրիլ 2022

2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո հանրության և նոր իշխանությունների համար օրակարգային դարձան դատաիրավական բարեփոխումների ծրագրերը: Այս ծրագիրը ևս նպատակ ուներ Հայաստանում բարձրացնել դատական համակարգի գործունեության արդյունավետությունը, օժանդակել քաղաքացիների կողմից արդար դատաքննության իրավունքի անխոչընդոտ իրացմանը և դատարանների նկատմամբ վստահության աճին: Նախատեսվում էր դատական համակարգի աշխատանքի մշտադիտարկում, ինչը կնպաստեր բացահայտել դատական հաստատությունների, փաստաբանական հանրույթի անարդյունավետ գործունեության սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները:

Վեց մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Արմավիր, Վայոց ձոր, Սյունիք) առնվազն 13 դատարաններում և Երևանի դատարաններում իրականացվել է դատական նիստերի ժամանակացույցի, դատարանների շենքերի պայմանների, կահույքի, սարքավորումների, ծրագրային ապահովման, աշխատանքային պայմանների, դատավորների և նրանց աշխատակազմերի կարիքների և կարողությունների մշտադիտարկում: Ի հավելումն դատարանների մշտադիտարկմանը՝ Արդարադատության նախարարության խնդրանքով իրականացվել է նաև Հանրային պաշտպանի գրասենյակի ինստիտուտի արդյունավետության, կարիքների և կարողությունների գնահատում: Դատարանների աշխատանքի ուսումնասիրությունը շնորհիվ բացահայտվել են արդարադատության իրականացման գործընթացի արդյունավետ կազմակերպման մի շարք խոչընդոտներ: Բացահայտված խնդիրների վերաբերյալ առաջարկություններ են մշակվել և ներկայացվել շահագրգիռ անձանց: Կատարված վերլուծությունը և ներկայացված առաջարկությունները կարող են օգտագործվել ինչպես դատական համակարգի աշխատանքի համար պատասխանատու մասնագետների` ԱԺ պատգամավորների, Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի, Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից քաղաքականության փոփոխությունների իրականացման և որոշումների կայացման համար, այնպես էլ ՀԿ-ների կողմից` ջատագովություն իրականացնելու համար:

 

Քաղաքական նկատառումներով դատապարտված անձանց դատավճիռների բողոքարկում

Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ

Բյուջե: 5,680,000 դրամ

Տևողություն: Նոյեմբեր 2021 – Հունիս 2022

Ծրագրի նպատակն էր նպաստել քրեական արդարադատության համակարգի բարելավմանը՝ արդարացման նախադեպեր ստեղծելու և հետագայում քաղաքական հայացքների համար անձանց քրեական հետապնդումների ենթարկելու հավանականությունը նվազեցնելու միջոցով։ Ծրագրի խնդիրներից էին նպաստելը՝

1)     2008 թվականից հետո ՀՀ-ում քաղաքական հայացքների համար քրեական հետապնդումների ենթարկված անձանց արդարացմանը,

2)     խախտված հիմնարար իրավունքների ճանաչմանը,

3)     արդարության վերականգմանը:

Ծրագիրը անդրադարձել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, երբ կեղծված ընտրությունների դեմ hանրային ընդվզման ժամանակ տասը մարդ է զոհվել, արտակարգ դրություն է հայտարարվել, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են և ենթարկվել են քրեական հետապնդման: Արդարությունը դեռ վերականգնված չէ, չնայած 2018 թվականի հեղափոխություն իրականացնողները խոստանում էին վերագնահատել այդ իրադարձությունները:

Իրավաբանական և հոգեբանական աջակցություն ԼԳԲՏՔԻ համայնքին

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Բյուջե: 2,160,000 դրամ

Տևողություն: Օգոստոս 2022 – Նոյեմբեր 2022

Ծրագրի նպատակն էր նպաստել ԼԳԲՏՔԻ համայնքի իրավաբանական և հոգեբանական պաշտպանվածությանը՝ տրամադրելով ԼԳԲՏՔԻ անձանց իրավաբանական և հոգեբանական աջակցություն, ինչպես նաև նվազեցնել ԼԳԲՏՔԻ համայնքի նկատմամբ ատելության խոսքի և խտրականության դեպքերը` հաղթանակներ գրանցելով դատարաններում։

 

«Երիտասարդները հանուն հավասարության․ ներառականության մշակույթի խթանումը Հայաստանի մարզերի երիտասարդների շրջանում»

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիա

Բյուջե: 9,562,000 դրամ

Տևողություն: Նոյեմբեր 2021 – Նոյեմբեր 2022

Ծրագրի հիմնական նպատակն էր ընդլայնել հակախտրական պրակտիկայի շրջանակներն ու ազդեցության աշխարհագրությունը՝ խտրականության դեմ պայքարում ներգրավելով նաև մարզային երիտասարդությանը: Ենթանպատակներից մեկն էր բարձրացնել մարզերի երիտասարդների շրջանում տարբեր հիմքերով խտրականության, խտրականության տարբեր ձևերի (ուղղակի և անուղղակի, կրկնակի կամ բազմակի) վերաբերյալ իրազեկվածության մակարդակը, նպաստել իրենց համայքներում հավասարության և ներառականության մշակույթի ձևավորմանը` ներառյալ տեղեկատվական աղբյուրներում, մեդիայում, լեզվում, և այլ ոլորտներում դրական փոփոխությունների միջոցով։

 

Արդյունավետ և լիարժեք մասնակցություն քաղաքականության մշակմանը և մոնիթորինգին

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

Բյուջե: 9,732,000 դրամ

Տևողություն: Հուլիս 2021 - Փետրվար 2022

Հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն ունենում հաշմանդամության ոլորտի քաղաքականության մշակմանը, իրականացմանը և մշտադիտարկմանը մասնակցելու հնարավորություն տարբեր վերաբերմունքային, ֆիզիկական, իրավական և հաղորդակցական արգելքների պատճառով։ Այդ արգելքներն ավելի զգալի են դարձել և նոր դրսևորումներ ստացել Քովիդ-19-ի բերած առողջապահական, սոցիալ-տնտեսական և հաղորդակցության խոչընդոտների և 2020 թվականին տեղի ունեցած պատերազմին հաջորդած՝ կյանքի տարբեր ոլորտները ընդգրկող խոր ճգնաժամի հետևանքով։ Այդ երկու գործոնների փոխազդեցությունը հանգեցրել է նաև պետական կառավարման համակարգի մարմինների ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջև կապի խզմանը, ինչը նվազեցնում է ոլորտային որոշումների կայացմանը հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության հնարավորությունը։ Այս ծրագրի նպատակն էր աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանը՝ «Հաշմանդամություն ունեցող անձնանց սոցիալական ներառման թվականների ազգային համալիր ծրագրի» մշակմանը և իրականացմանը հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության և այդ ծրագրի մշակման և իրականացման մշտադիտակման ու գնահատման միջոցով։ Ծրագրի խնդիրներն էին՝

1) գնահատել «Հաշմանդամություն ունեցող անձնանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների ազգային համալիր ծրագիրը» և բարելավման առաջարկություններ անել,

2) աջակցել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը իրականացնելու 2021-2026 թվականների համալիր ծրագրի մասնակցային մշակում,

3) զարգացնել կազմակերպության մշտադիտակման և ջատագովության համակարգային կարողություննները՝ ներառյալ գործիքների և ձևաչափերի մշակմամբ, և մեծացնել կազմակերպության տեսանելիությունը:

Արդյունքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ մշակվել է հետազոտությունների վրա հիմնված և մարդու իրավունքների վերաբերյալ նոր մոտեցումներով մշակված նոր համալիր ծրագրի նախագիծ։

 

Նպաստելով ազատազրկված անձանց կրթության իրավունքի արդյունավետ իրացմանը

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Բյուջե: 6,867,000 դրամ

Տևողություն: Հունիս 2021 - Նոյեմբեր 2021

Չնայած ազատազրկված անձանց կրթության իրավունքի՝ քրեակատարողական ոլորտը կանոնակարգող օրենսդրությամբ ամրագրված լինելուն, այն արդյունավետ կերպով չի իրականացվում, ինչը կապված է օրենսդրական, պրակտիկ և մի շարք այլ խնդիրների հետ:

Այս ծրագրի նպատակն էր խթանել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման հարցում պետության ստանձնած պարտավորությունների և որդեգրած սկզբունքների պատշաճ կատարումը: Այս նպատակին հասնելու համար առանձնացվել են հետևյալ խնդիրները.

  • ուսումնասիրել ազատազրկված անձանց կրթության իրավունքի իրացման օրենսդրական և պրակտիկ խոչընդոտները և դրանց ազդեցությունն անհատական մակարդակում,
  • ուսումնասիրության արդյունքում բացահայտված հիմնախնդիրների շուրջ իրականացնել հանրային իրազեկում,
  • մշակել իրավիճակի բարելավմանն ուղղված առաջարկություններ,
  • իրականացնել բացահայտված հիմնախնդիրների լուծմանն ուղղված ջատագովություն:

 

Կանխարգելենք բռնությունը դպրոցներում՝ ի նպաստ առողջ հասարակության»

«Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ

Բյուջե: 9,717,400 դրամ

Տևողություն: Հուլիս 2021 – Փետևվար 2022

Դպրոցի միջավայրը չափազանց կարևոր է աշակերտների համար, և այն մեծ ազդեցություն է թողնում նրանց հետագա կյանքի վրա: Ուսումնասիրությունները փաստում են, որ դպրոցում առկա բռնությունը բացասական ազդեցություն է թողնում բոլոր երեխաների՝ թե՛ բռնության ենթարկվողի, թե՛ բռնություն գործադրողի վրա: Այնուամենայնիվ, հայկական դպրոցներում տեղի ունեցող բռնությունը կանխարգելելու միջոցները դեռևս այդքան էլ արդյունավետ չեն։

«Կանխարգելենք բռնությունը դպրոցներում՝ ի նպաստ առողջ հասարակության» ծրագրի նպատակն էր նպաստել Շիրակի մարզի դպրոցներում բուլինգի  կանխարգելմանը, երևույթի նկատմամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը Շիրակի մարզի 20 դպրոցների աշակերտների և ուսուցիչների շրջանում, տրամադրել հոգեբանական աջակցություն բուլինգից տուժած բոլոր աշակերտներին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր

  • վեր հանել Շիրակի մարզի դպրոցներում բուլինգի դրսևորման պատճառները և հավաքագրել տվյալներ դպրոցներում կատարվող բռնության մասին,
  • ապահովել դպրոցներում բռնության կանխարգելման մեթոդների առկայությունը,
  • աջակցել բռնության մասին բարձրաձայնող աշակերտներին, փորձել փոխել դասաժամերին կամ դպրոցական համայնքներում տեղի ունեցող բռնության հանդեպ հանդուժողականության մշակույթը,
  • դպրոցներում անվտանգության միջոցառումները և պրակտիկան դարձնել ավելի արդյունավետ և խիրախային:

 

ՀՀ-ում խոսքի ազատության ապահովման իրավական մեխանիզմների խթանում

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

Բյուջե: 9,985,000 դրամ

Տևողություն: Հոկտեմբեր 2021 - Նոյեմբեր 2022

2018-ից ի վեր Հայաստանը ճգնաժամային կառավարման ու նոր մարտահրավերների շրջափուլում է․ հետհեղափոխական շրջանը ենթադրում էր բարեփոխումների ակտիվ գործընթաց և պետություն-քաղհասարակություն առավել բազմաշերտ համագործակցություն։ Հանրային վերահսկողության և բարեփոխումների շուրջ քննարկումներն առավել դժվարին դարձան Քովիդ 19-ի համավարակի և պատերազմի համատեքստում։ Ինչպես շատ այլ երկրներում, այնպես էլ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուղեկցվեց ժողովրդավարական հետընթացներով ու բազմաթիվ իրավունքների սահմանափակմամբ։

Ծրագրի նպատակը խոսքի ազատության և ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտների խնդիրների բարձրաձայնումն ու դրանց լուծումների ուղենշումն էր` քաղաքական գործիչների, ոլորտի փորձագետների ու շահառու տարբեր խմբերի համար կարծիքների փոխանակման, քննարկումների ու կառուցողական բանավեճերի ընդհանուր հարթակ ստեղծելու միջոցով։ 

 

Անարգելք կրթություն նոր հնարավորություններ

«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ

Բյուջե: 8,280,000 դրամ

ՏևողությունՀոկտեմբեր 2021 - Մայիս 2022

Քրեական ենթամշակույթը հասարակության զարգացման լուրջ խոչընդոտներից է, որը ներթափանցել է հասարակական հարաբերությունների գրեթե բոլոր շերտերը։ Իհարկե, քրեական ենթամշակույթի «սնուցման և վերարտադրման» ակունքը շարունակում են մնալ քրեակատարողական հաստատությունները։ Ծրագրի նպատակն էր նպաստել քրեական ենթամշակույթի ազդեցության նվազեցմանը՝ բարելավելով ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում դատապարտյալների կրթության իրավունքի իրացման պայմանները, դատապարտյալների համար ստեղծելով նոր մասնագիտացումներ և հմտություններ ձեռք բերելու հնարավորություններ։

 

Խթանելով ներառումը ՀՀ երիտասարդների շրջանում

«Ուղի դեպի» ՀԿ

Բյուջե: 7,500,000 դրամ

Տևողութուն: Նոյեմբեր 2021- Մայիս 2022

Տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում հաճախ հաշմանդամություն ունեցող անձանց ձայնը լսելի չէ, երբեմն նույնիսկ այն դեպքերում, երբ որոշումն անմիջապես իրենց է վերաբերում։ Այս ծրագրի նպատակն էր բարձրացնել հաշմանդամություն ունեցող և չունեցող երիտասարդների ներառման մակարդակը ՀՀ-ում մասնակցային կառավարման գործընթացներում։

 

Արարատյան դաշտի անապատացման վտանգի կանխում

ԱԼՏ Հեռուստախմբագրություն

Բյուջե: 6,694,500 դրամ

Տևողություն: Հոկտեմբեր 2021 - Մայիս 2022

Արարատյան դաշտը հայտնվել է էկոլոգիական աղետի առջև։ Ջրային ռեսուրսների ոչ ճիշտ կառավարման պատճառով դաշտավայրի կիսաանապատային լանդշաֆտն անցում է կատարում անապատայինի։ Ծրագրի նպատակը հասարակական կարծիք ձևավորելու միջոցով Արարատյան արտեզյան ավազանի մակարդակի անկումը և Արարատյան դաշտի անապատացումը կանխելն էր։

 

Ժամանակակից հեքիաթը կախարդական ճամպրուկում

«Հեքիաթերեն» շարժական ինտերակտիվ տիկնիկային թատրոն

Բյուջե: 4,970,000 դրամ

Տևողություն: Ապրիլ 2022 - Սեպտեմբեր 2022

Հաշվի առնելով ՀՀ համայնքներում մշակութային կյանքի պասիվությունը, ժամանակակից հեքիաթների հիման վրա բեմադրվող ներկայացումների սակավությունը` ծրագիրը նպատակ ուներ ինտերակտիվ ներկայացումների միջոցով մարզերում ապրող երեխաներին ներկայացնել բնապահպանական արդի լուրջ հիմնախնդիրները` զուգահեռաբար զարգացնելով նաև երեխաների քննադատական մտածողության հմտությունները։

 

Գետառ. Գետի հավաքական հիշողության միջոցով պատմվող քաղաքային վերափոխումների, մարդու իրավունքների և շրջակա միջավայրի մասին

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» սոցիալական և մշակութային ՀԿ

Բյուջե: 9,985,000 դրամ

Տևողություն: Մայիս 2021 - Հունվար 2022

Անցած տասնամյակների ընթացքում պատմական շենքերը, բնական օբյեկտները և Երևան քաղաքն ինքնին անընդհատ ենթարկվել են փոփոխությունների: Հատկապես ջրային ռեսուրսների աղտոտումը, դրանց անօրինական շահագործումը հանգեցրին բնապահպանական և քաղաքաշինական ճգնաժամի: Ռեսուրսների և գիտելիքների պակասի պատճառով քաղաքացիական հասարակությունը և անհատները չկարողացան համակարգված և ամբողջական լուծում տալ այս խնդիրներին: 

Այս ծրագիրը Գետառի՝ Երևան քաղաքով անցնող միակ գետի ուսումնասիրության միջոցով անդրադարձել է շրջակա միջավայրի, քաղաքաշինության խնդիրներին, որոնք հաճախ պայմանավորված են կոռուպցիոն երևույթներով և մարդու իրավունքների խախտումներով։ Գետառը մասամբ փակ գետ է, որը հատում է Երևանի պատմական և բնակելի կենտրոնը: Այն մնում է նշանակալի զարկերակ ինչպես Երևանի էկոհամակարգի, այնպես էլ բնակիչների ինքնության և հիշողության համար: Այս միջգիտակարգային ծրագիրը հետազոտություն էր Գետառ գետի հավաքական հիշողության, մարդու իրավունքների խախտումների վրա հիմնված մեծ փոխակերպումների պատմության, Երևանի քաղաքային տարածքների զարգացման համատեքստում գետի դերի և նշանակության մասին: Հիմնական նպատակն էր ուսումնասիրել գետի արդի խնդիրները և հիշողությունը քաղաքային միջավայրի զարգացման համատեքստում, ամրապնդել հասարակության քաղաքացիական դիրքը քաղաքաշինության և շրջակա միջավայրի փոփոխությունների հարցում, ինչպես նաև հասարակությանը տեղեկացնել քաղաքային տարածքների և դրանցում առկա բնական ռեսուրսների վերաբերյալ ժողովրդավարական որոշումների կայացման կարևորության մասին:

 

Հայաստանում որսորդության անցումը դեպի պատասխանատու և կայուն ձևաչափերի

«Բրդլինքս Հայաստան» բնապահպանական ՀԿ

Բյուջե: 9,438,000 դրամ

Տևողություն: Հուլիս 2021 – Փետրվար 2022

Հայաստանում որսորդները չեն կարողանում ճանաչել որսորդական թռչուններին և նրանց չեն տարբերում արտաքնապես նման վտանգված թռչնատեսակներից: Առաջին պատճառը պետական լիցենզավորման և քննական ընթացակարգերի բացակայությունն է, որի միջոցով հնարավոր կլիներ ստուգել որսորդների՝ թռչուններին ճանաչելու կարողությունները: Երկրորդ պատճառն այն է, որ որսորդները հաճախ իրենց որսն իրականացնում են այնպիսի վայրերում, որտեղ ավելի հաճախ են հանդիպում թռչունների վտանգված տեսակները: 

Ծրագրի նպատակներն էին

1)    Որսորդների լիցենզավորման քննության առաջարկություն անել: Առաջարկվող քննության մեջ կարևորվում էր դիմողների` որսորդության կանոնների իմացության և որդորդության ու վտանգված թռչունների տարբերությունները ճանաչելու հմտությունների ստուգումը,

2)    վերափոխել հանրային որսորդական տարածքների սահմանները վտանգված թռչունների տեսակների պաշտպանության համար:

Առաջարկված գործողությունները նպատակ ունեին հասնել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ավելի դրական դիրքորոշման և համաձայնության քայլեր ձեռնարկել որսորդությունը կարգավորող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ: «Բրդլինքս Հայաստան» ՀԿ-ն հետևել է նախարարության դիրքորոշման հաստակամությանը առաջարկված փոփոխությունները խթանելու հարցում և մշակել, փորձարկել է որսորդների համար նախատեսված քննությունը, նաև համապատասխան դասընթացներ որսորդների համար:

 

Բակ - համայնք - էկո համակարգ

«Արևը բոլորին է» ՀԿ

Բյուջե: 8,830,000 դրամ

Տևողություն: Դեկտեմբեր 2021 - Հուլիս 2022

Ծրագրի հիմնական նպատակը փողոցային կենդանիների հանդեպ խնամքի համայնքային մշակույթի ձևավորումն էր կամավորների ցանցի ստեղծման միջոցով։ Ծրագրի խնդիրն էր ձևավորել համակարգային համագործակցության մեխանիզմներ տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, պարեկային ծառայության միջև փողոցային կենդանիների պաշտպանության և խնամքի խնդիրները հասցեագրելու համար: 

 

Քաղաքային պլանավորման հեռանկարները Դիլիջանում

«Դիլիջանի Երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ

Բյուջե: 9,672,000 դրամ

Տևողություն: Հոկտեմբեր 2021 - Մայիս 2022

Հանրային վայրերի ընդհանուր մակերեսը Հայաստանում գնալով միայն փոքրանում է. տարբեր համայնքներում սեփականաշնորհվել կամ տրվել են վարձակալության նույնիսկ կենտրոնական հրապարակների տարածքները և քաղաքային այգիներն ու պուրակները, որոնք սեփականաշնորհվելուց հետո միշտ չեն օգտագործվում իրենց նպատակին համապատասխան և հաճախ հասանելի չեն հանրության համար:

Ծրագիրը վերհանել է հանրային տարածքների օգտագործման խնդիրներն ու ստացել է քաղաքային պլանավորման իրական պատկերը Դիլիջանում՝ տվյալների վերլուծության, մշտադիտակման, հարցազրույցների և քաղաքաշինական (ուրբանիստական) հետազոտությունների միջոցով: Ծրագրի շրջանակներում նաև հանրային տարրաբնույթ գործողությունների միջոցով բարձրացվել են հանրության իրազեկվածությունը և քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքային պլանավորման որոշումների կայացման գործընթացում։

 

Ստորգետնյա ջրային աղբյուրների խնայողաբար օգտագործումը լեռնային փոքր բնակավայրերում

«Էկոլոգիական իրավունք» ՀԿ

Բյուջե: 9,995,000 դրամ

Տևողություն: Մարտ 2022 - Օգոստոս 2022

Ծրագրի նպատակն էր բարձրացնել լեռնային բնակավայրերում ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը՝ նպաստելով սոցիալական և բնապահպանական խնդիրների կանոնակարգմանը։ Ծրագրի խնդիրներն էին

1)    լեռնային աղբյուրների գույքագրման մեթոդաբանություն մշակելը, նրանց քանակական-որակական ցուցիչները գնահատել և կիրառել թիրախային համայնքներում,

2)    մշակել առաջարկություններ լեռնային աղբյուրների արդյունավետ կառավարմանը վերաբերող պրոֆեսիոնալ իրավական կարգավորումների համար` հիմնված դուրս բերված խնդիրների և հետազոտության արդյունքների վրա,

3)    հավաքված տվյալների հիման վրա մշակել քաղաքականության ամփոփագիր` հասցեագրելու համար փոքր բնակավայրերում խմելու ջրի կարիքները: 

 

Քրեականգողական») խոսվածքի բացատրական բառարան

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Բյուջե: 8,403,000 դրամ

Տևողություն: Նոյեմբեր 2021 - Օգոստոս 2022

Ծրագրի շրջանակներում կազմվել է քրեական և ժարգոնային առավել տարածված հասկացությունների ու արտահայտությունների բացատրական բառարան, ինչը կարող է նպաստել դեռահասների ու երիտասարդների միջավայրում քրեական կամ դրանց նմանությամբ ստեղծված վարքագծի ազդեցության նվազեցմանը։

 

Գրամոքումը՝ ի նպաստ հետպատերազմյան տրավմայի հաղթահարման

«ՓԵՆ» մշակութային ՀԿ

Բյուջե: 11,994,000 դրամ

Տևողություն: Ապրիլ 2022 - Նոյեմբեր 2022

Քովիդ 19-ի համավարակի և առավելապես 44-օրյա պատերազմի ու վերջինիս հետևանքների արդյունքում Հայաստանում ստեղծվել է բազմաբաղադրիչ ճգնաժամային իրավիճակ: Վերոնշյալ մեծ և բազմաշերտ հիմնախնդիրը հիմնավոր, մտածված լուծումներ է պահանջում, որոնցից մեկը կարող է լինել արվեստի՝ մասնավորապես գրի և գրականության ներուժի օգտագործումը հանրային տրավմայի մասնակի հաղթահարման և մեղմացման գործում։ «Փեն» կենտրոնի նախաձեռնած «Գրամոքումը» ծրագիրը նպատակ ուներ գրի և գրականության ներուժը ծառայեցնել հետպատերազմյան տրավմայի հաղթհարմանը:

 

Աքսորյալ հայրենադարձներ։ Բռնության տեքստը

«Ֆակտում» ՀԿ

Բյուջե: 5,625,000 դրամ

Տևողություն: Նոյեմբեր 2021- Փետրվար 2022

1949 թվականին տասնյակ հազարավոր մարդիկ աքսորվել են Սիբիր: Ծրագրի արդյունքում ստեղծվել է 1949 թվականի աքսորի, մասնավորապես՝ աքսորված հայրենադարձների մասին «հանրագիտարան», որն իր մեջ կներառեր ծավալուն փաստական նյութ՝ արխիվային փաստաթղթեր (անձնական գործեր, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ղեկավարությանն ուղղված նամակներ, դիմումներ, անձնական փաստաթղթեր և ընտանեկան լուսանկարներ, բանավոր պատմություններ, հուշագրություններ), որոնք թվայնացվել և արխիվացվել են։ Ծրագիրը անդրադարձել է ներկայումս հայկական հասարակությունում գոյություն ունեցող բռնության արմատներին` պատմական էքսկուրս կատարելով դեպի սովետական ռեժիմի բռնաճնշումների ընթացքում մարդու իրավունքների խախտումների դեպքերը և զոհերի ճակատագրերը:

 

Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամ

Բյուջե: 10,000,000 դրամ

Տևողություն: Օգոստոս 2021 - Մարտ 2022

Հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ 44-օրյա պատերազմը, Քովիդ-19 համավարակը, քաղաքական և տնտեսական անկայուն վիճակն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք ընթանում են տեխնոլոգիաների զարգացման գործընթացներին զուգահեռ և տեխնոլոգիական աշխարհի համատեքստում, էլեկտրոնային գրագիտությունն ու թվային միջավայրում անվտանգության ապահովումը դառնում են օրակարգային հարցեր։

«Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամն այս ծրագրի շրջանակներում կազմակերպել է էլեկտրոնային գրագիտությանն ու թվային անվտանգության խթանմանն ուղղված դպրոց Շիրակի մարզի քաղաքային և գյուղական բնակավայրերից առնվազն 12 երիտասարդների համար։ Դպրոցի շրջանակներում իրականացվել են շաբաթական դասընթացներ թվային անվտանգության և ապահով գործիքներից օգտվելու վերաբերյալ։ Շահառուները ընտրվել են ոչ միայն դասընթացներին մասնակցելու համար, այլև նոր մոդուլները փորձարկելու և իրենց ստացած գիտելիքները նոր մասնակիցների հետ կիսելու և տարածելու համար: Հրավիրված մասնագետների հետ ինտենսիվ դասընթացներից հետո, մասնակիցները ծանոթացել են գոյություն ունեցող մուլտիմեդիայի գործիքներին: Դրամաշնորհառու «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամը շարունակել է շահառուների նոր խմբերի հետ իրականացնել դասընթացներ, քանի որ մշակված մոդուլը հաջողված էր:

 

Հայաստանում փախստական և տեղահանված անձանց արխիվային փաստաթղթերի թվայնացում

«Առաքելություն Հայաստան» ՀԿ

Բյուջե: 10,000,000 դրամ

Տևողություն: Սեպտեմբեր 2021 - Ապրիլ 2022

Ծրագրի նպատակն էր ավարտին հասցնել 1988-1992 թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած անձանց արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացը: Ծրագրի շրջանակներում թվայնացվել են շուրջ 30,000 փաստաթուղթ և մշակվել էլեկտրոնային շտեմարանում առկա շուրջ 73,000 գործ: Ծրագրի արդյունքները օգտակար էին նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության համար` բնակչության այս խմբի խնդիրները հասցեագրելու գործընթացում։ 

 

Վահրամ Մարտիրոսյան Գրի վարպետություն

Բյուջե: 3,716,667 դրամ

Տևողություն: Մայիս 2021 - Սեպտեմբեր 2021

Գրավոր հաղորդակցության բարդությունը սահմանափակում է արտահայտման ազատությունը, մարդկանց ունակությունը և ցանկությունը ստեղծել հասկանալի նյութեր, լայն լսարան ունենալու համար ավելի արդյունավետորեն օգտագործել սոցիալական մեդիաները, անձագանքել տեղի ունեցող իրադարձություններին, բարեփոխումներին և օրենսդրական գործընթացներին: Այս մարտահրավերները ազդում են քաղաքացիական հասարակության` պրոֆեսիոնալ ջատագովություն իրականացնելու և ավելի հաղորդակցային և արժանահավատ նյութեր ստեղծելու ունակության վրա: Գրավոր լեզուն, հատկապես հանրային շահին վերաբերող հարցերում բարդ է կամ ձևախեղված, հաճախ փոխառված բառապաշարի մեծ ազդեեցությունը կրող: Հայ հեղինակներից շատերը, հատկապես նրանք, ովքեր մշակում են քաղաքացիական հասարակության ծրագրային փաստաթղթերը, հաճախ փոխառում են տերմիններ այլ լեզուներից՝ փորձելով դրանք հայաֆիկացնել, երբեմն դարձնելով տեքստերը անհասկանալի իրենց շահառուների և լսարանի համար: Տեքստերի մշակմանը վերաբերող ամենամեծ խնդիրը նյութը ձանձրալի, գծային ձևով պատմելն է, որը ընթերցողին դարձնում է դիտորդ, այլ ոչ մասնակից: Այս ոճը հեռու է ծրագրային փաստթաթղթեր մշակելու միջազգայնորեն ընդունված պահաջներից: 

Այս խնդիրների լուծման համար ծրագիրը նպատակ ուներ հանրային տեքստեր մշակող անձանց համար կազմակերպել դասընթացներ, որոնք միտված կլինեին հանրային ոչ գեղարվեստական, հատկապես ոլորտային քաղաքականություններ արտացոլող տեքստեր, հանրամատչելի հոդվածներ և հետազոտությունների վերլուծություններ գրելու հմտությունների կատարելագործմանը: Դասընթացի արդյունքում ծրագրի շահառուները ձեռք բերեցին ընդհանուր լսարանի համար տրամաբանական, գրագետ, ընթերցողին ներգրավող և հետաքրքրող տեքստեր ստեղծելու հմտություններ։

 

Երիտասարդական գրախոսականների մրցույթ

«Գրական կայարան» ՀԿ

Բյուջե: 5,508,000 դրամ 

Տևողություն: Սեպտեմբեր 2021 - Ապրիլ 2022  

Սոցիալական մեդիայի հարթակների հանրամատչելիության ժամանակաշրջանում, վիդեո և կարճ նյութերի լայն տարածման պայմաններում, երիտասարդների վերլուծելու, փաստարկեր և ճիշտ դատողություններ անելու ունակությունները սահմանափակվում են: Գրքի ընթերցման մշակույթին նվիրված միջոցառումները փաստում են, որ թեև վերլուծելը ընթերցանության կարևոր բաղադրիչներից մեկն է, սակայն մեր հասարակության ու հատկապես երիտասարդների շրջանում կաղում են վերլուծական միտքն ու հմտությունները։ Հատկապես մարզերում բնակվող պատանիները և երիտասարդները, թեև գեղարվեստական գրականություն ընթերցում են, սակայն հիմնականում գերադասում են ոչ ժամանակակից հայ կամ արտասահմանյան գրականություն: Այս ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունները զարգացնելն էր ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վերաբերյալ գրախոսականներ գրելու միջոցով, ինչպես նաև մոտիվացնելը երիտասարդներին, հատկապես մարզաբնակ երիտասարդներին ձևավորել գրքեր կարդալու սովորություն, աջակցելը նրանց զարգացնել քննադատական և վերլուծական հմտությունները։ Ծրագրի խնդիրներն էին երիտասարդներին ծանոթացնել ժամանակակից գրողների ստեղծագործություններին, սովորեցնել գրագետ ընթերցանության և գրաքննադատական տեքստեր գրելու հմտություններ, խրախուսել երիտասարդներին գրելու ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների վերաբերյալ գրախոսականներ և հոդվածներ։

 

Դպրոցը՝ որպես համայնքային զարգացման կենտրոն

«Սեբաստացիներ» կրթական հիմնադրամ

Բյուջե: 8,725,000 դրամ

Տևողություն: Սեպտեմբեր 2021 - Դեկտեմբեր 2021

Ծրանգրի նպատակն էր ուժեղացնել կապը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և համայնքի միջև, որն իրագործելու համար կազմակերպվեցին դասընթացներ, որոնք հնարավորություն ընձեռեցին համայնքի անդամներին և աշակերտներին ձեռք բերել նոր գիտելիքներ և հմտություններ ինտերակտիվ միջավայրում: Ծրագրի արդյունքում աշխատանքի նոր հնարավորություններ են ստեղծվել համայքի անդամների համար, քանի որ նրանք ձեռք են բերել աշխատանք գտնելու կամ սեփական ձեռնակությունը հիմնադրելու հմտություններ:

 

Մրցունակ երիտասարդն աշխատաշուկայում՝ հանուն բիզնեսի զարգացման

««Ախուրյան» համայնքային զարգացման ասոցիացիա»
հասարակական կազմակերպություն

Բյուջե: 8,708, 350 դրամ

Տևողություն: Հոկտեմբեր 2021 - Մայիս 2022

Պաշտոնական վիճակագրական տվյալներով 2019 թվականին` նույնիսկ 2020 թվականի ճգնաժամերից առաջ, Շիրակի մարզը գործազրկության ցուցանիշով ՀՀ-ում առաջին հորիզոնականում էր: Պատճառները տարբեր են․ գործազուրկների մասնագիտական որակների և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանությունը, գործատուների սահմանած խիստ պահանջները, աշխատանքի ընդունելիս երիտասարդներին նախապատվություն տալը, Քովիդ-19-ի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակը և այլն։ Այս ծրագրի նպատակն էր նպաստել աշխատաշուկայի զարգացմանը Հայաստանի Շիրակի մարզում։

 

Հզորացնելով սահմանամերձ բնակչությանը - Այգեպարի համայնքային կենտրոն

«Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամ

Բյուջե: 9,999,675 դրամ

Տևողություն: Հունիս 2022 – Նոյեմբեր 2022

Ծրագրի նպատակն էր նպաստել Այգեպար գյուղում համայնքային կապերի ամրապնդմանը և ստեղծել համայնքային կենտրոն: Հիմնված համայնքային կենտրոնը բոլոր անհրաժեշտ հարմարություններով հագեցած վայր էր համայնքի անդամների հանդիպումների և քննարկումների համար: Ինը կանանցից կազմված խումբը ներգրավված էր և ակտիվորեն մասնակցում էր որոշումների կայացմանը` աջակցելով կայուն համայնքի ձևավորմանը և փոփոխելով եկամուտների ստացման գործընթացը:

 

Հայաստանում Քովիդ-19-ին ուղղված բիզնես ոլորտի հաջողված արձագանքները. Որո՞նք են օժանդակող գործոնները

«Գիտելիք և ազդեցություն» ՍՊԸ

Բյուջե: 9,880,000 դրամ

Տևողություն: Հուլիս 2021 - Փետրվար 2022

Քովիդ-19 համավարակի տարածումը աննախադեպ ճգնաժամ առաջացրեց աշխարհի տարբեր երկրների տնտեսությունների համար։ Հայաստանում շատ բիզնեսներ անցան բազում փոփոխությունների միջով, ինչպիսին տնից հեռավար աշխատանքն էր, հեռավար կառավարումը, թվայնացումը: Որոշ ընկերություններում այսպիսի փոփոխությունները առաջին անգամ էին տեղի ունենում: Ծրագրի նպատակն էր խորապես ուսումնասիրել բիզնեսների նորարարական և ոգեշնչող արձագանքները ի պատասխան համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակին: Ծրագրի մեթոդաբանությունը կազմված էր երկու փուլից` քանակական վերլուծություն  և որակական տվյալների հավաքագրում: 

 

Բաց դրամաշնորհների ծրագիրն իրականացվում է Շվեդիայի կառավարության աջակցությամբ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը» ծրագրի շրջանակում։

 

Տեքստի սետեղծման ամսաթիվը՝ հուլիսի 1, 2021

Տեքստի վերջին խմբագրման ամսաթիվը՝ սեպտեմբերի 28, 2023

Ավելին