«Բռնության մարդաբանություն»․ զեկուցումների մրցույթ

BOON

Աղբյուրը՝ https://www.facebook.com/BunTV/photos/a.527816010633924/3107641755984657/?type=3&theater

Բռնությունը տարբեր ձևակերպումներ և մեկնաբանություններ է ստանում՝ կախված երևույթի մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստից: Նույնիսկ իրավական հարթությունում ձևակերպումներն էականորեն ազդվում են բռնարարի և բռնության զոհի հասարակական և քաղաքական կարգավիճակից և տվյալ պահին հանրության մեջ գերիշխող արդարության պատկերացումներից: Կախված բռնության կողմերից, տեսակից, դրա նպատակից, ինստիտուցիոնալ համատեքստից և այլ գործոններից՝ բռնության շատ գործողություններ ոչ միայն չեն համարվում այդպիսիք, ոչ միայն չեն քննադատվում, այլ կարող են նույնիսկ արդարացվել, խրախուսվել, անգամ՝ մեկնաբանվել որպես ազգային մշակութային երևույթ: Եթե մշակութային և սոցիալական առումներով այս համատեքստը բռնության համար տարածք է ստեղծում, ապա քաղաքական առումով այն երկակի ստանդարտների և պետության կողմից ընտրովի արդարադատության իրականացման հնարավորություն է:
Բռնության մշակույթը և դրա հետևանքները հաղթահարելու գիտակցումով՝ «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը հանդես է գալիս զեկուցումների շարքի տեսագրման և հեռարձակման նախաձեռնությամբ և հրավիրում ոլորտում հետազոտական ու պրակտիկ փորձ ունեցողներին՝ ներկայացնելու իրենց մասնագիտական դիտարկումներն ու վերլուծություները:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԹԵՄԱՆԵՐ


Զեկուցումները կարող են ընդգրկել, բայց չսահմանափակվել հետևյալ թեմաներով.

  • ‎բռնության տեսակները (ֆիզիկական, հոգեբանական, սեռական, խոսքային և այլն) և դրանց ընկալումները Հայաստանում
  • ‎բռնությունը լեգիտիմացնող և նորմալիզացնող պրակտիկաները մշակույթում. բռնություն երեխաների, ծերերի, կանանց և այլ խմբերի նկատմամբ
  • ‎բռնության հաղթահարումը ճգնաժամային իրավիճակներում (օրինակ՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պայամանավորված մեկուսացման անհրաժեշտություն, տեղաշարժի սահմանափակում և այլն)
  • ‎սոցիալական ինստիտուտների դերը բռնության մասին բարձրաձայնման, խոչընդոտների հաղթահարման և բռնության դեմ պայքարի գործում
  • ‎ամոթի գործոնը բռնության մասին բարձրաձայնման և դրա դեմ պայքարի գործում
  • ‎‎պետության կողմից կիրառվող լեգիտիմ բռնություն
  • պետության դերը բռնության դեմ պայքարի գործում
  • ‎բռնություն և մշակութային համատեքստ. ավանդույթը և բռնությունը պատրիարխալ հասարակությունում
  • ‎տղամարդկանց հանրային միջավայրեր, կարգավիճակներ և բռնության հիմնախնդիրը
  • ‎քրեական ենթամշակույթը և բռնության պրակտիկաները
  • ‎տղամարդկանց էմանսիպացիա
  • ‎բռնության լեզուն և խոսույթը
  • ‎բռնության առևտրայնացում և սպառում


ԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ


Զեկուցողներին կտրվի հոնորար՝ 110,000 դրամ (հարկերը և տուրքերը ներառյալ)։


ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ


Զեկուցողների ընտրության կարևոր չափանիշ է լինելու տարբեր գիտակարգերի տեսանկյունից հետազոտական հայացքի ներկայացումը: Հաշվի է առնվելու զեկուցողի՝ իր ներկայացրած թեմայի հետ կապված փորձը, զեկուցման հիմնական ուղերձների հստակությունը, հիմնավորվածությունը և թեմայի արդիականությունը: Ակնկալվում է, որ ընտրված թեկնածուները զեկուցումների միջոցով կներկայացնեն ծրագրի թեմաների շուրջ իրենց կատարած հետազոտությունների արդյունքները և մասնագիտական դիտարկումները:
Զեկուցման ակնկալվող տևողությունը՝ 20-25 րոպե:


ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ


Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հայտադիմումը։

ԿԱՐԵՎՈՐ ԱՄՍԱԹՎԵՐ


Հայտի ներկայացման վերջնաժամկետ՝ 23 հուլիսի, 2020 թ.:
Ընտրված զեկույցների հայտարարում՝ 25 հուլիսի, 2020 թ.:


Խնդրում ենք հաշվի առնել նաև, որ զեկուցումը տեսագրվելու է Բուն TV-ի տաղավարում, տեղադրվելու է www.boon.am կայքում և հեռարձակվելու է 5 մարզային հեռուստաալիքներով:
Փաստարկվածությունից և հիմնավորվածությունից զատ, կարևոր է նաև օրինակներով հագեցվածությունն ու լեզվի պարզությունը:

 

Ավելին