Զրույց Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մասնակիցների հետ
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի շրջանակներում զրուցեցինք մասնակիցների հետ՝ պարզելու կոնֆլիկտի մասին նրանց պատկերացումները, լսելու նրանց՝ կոնֆլիկտային իրավիճակները շրջանցելու պատմությունները, ինչպես նաև ծանոթանալու տարածաշրջանային կոնֆլիկտների մասին երիտասարդների պատկերացումներին։
20-ամյա Հայկ Սմբատյանը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է։ Ժպիտով պատմում է, որ դեռահաս տարիքում չափազանց կոնֆլիկտային է եղել և ոչ թե փորձել է կոնֆիլկտները շրջանցել այլ հակառակը՝ստեղծել։ 2011 թվականին Բաթումիում անցկացվող «Մենք ենք» պատանեկան հեռուստահաղորդաման նախապատրաստական ճամաբարի ընթացքում առաջին անգամ ծանոթացել է ադրբեջանցի երիտասարդների հետ։ Խոստովանում է, որ սկզբում երկու կողմի երիտասարդները հստակ կարծրատիպերով էին միմյանց հետ շփվում. «Ինձ ադրբեջանցի մի տղա մոտեցավ ու զարմացած հարցրեց՝ դու հայ ես ու չես սպանում ինձ»,- նշում է Հայկը։ Հայկի կարծիքով հայ-ադրբեջանական հակամարտությունը այսօր այնքան է ձգձգվել, որ լուծման տարբերակները էլ ավելի են դժվարացել. «Կոնֆլիկտը այնքան է խորացել, որ կողմերը մոռացել են կոնֆլիկտի հիմնական նպատակը և հիմա միայն մտածում են միմյանց վնաս հասցնելու մասին, մարդիկ պայքարում են ինչ-որ գաղափարներ ապացուցելու համար,ինքնության խնդիրներ են բարձրացնում։ Ես չեմ կարող լուծման տարբերակ ասել, քանի որ ամեն ինչ շատ խճճված է, բայց կարգավորման տեսական տարբերակ եմ տեսնում փոխզիջումը, օրինակ՝ թույլ տալ մարդկանց, որոնք ժամանակին ապրել են այդ տարածքներում, վերադառնալ ու երևի այդ տարածքները համարել չեզոք գոտի»։ Հայկը համոզված է, որ վաղուց ժամանակն է կոտրել կարծրատիպերը և այդ հարցում կարևորում է իր հասակակիցների մասնակցությունը.«Մենք պետք է շատ կրթվենք ու տեղեկանանք կոնֆլիկտների մասին և որ ամենակարևորն է, ոչ միդեպքում բաց չթողնենք մյուսի կողմի երիտասարդների հետ շփվելու, նրանց լսելու հնարավորությունները»։
Գորիս քաղաքից 18-ամյա Հայկ Հակոբյանը կոնֆլիկտը կյանքի բնական երևույթ է համարում։ Թեև երիտասարդ տարիքին՝ հասցրել է միջանձնային կոնֆլիկտներ ունենալ աշխատանքային միջավայրում։ Ըստ նրա՝ երբ միջանձնային կոնֆլիկտի կառուցողական լուծումները բացակայում են, պետք է ընդամենը դադարել շփումը տվյալ մարդու հետ։ Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հակամարտությանը, ապա Հայկի մոտեցումները այստեղ տարբերվում են միջանձնային կոնֆլիկտի մասին ունեցած պատկերացումներից.«Ես նույնիսկ փորձել եմ սոցցանցերում խումբ ստեղծել հակառակորդ կողմի հետ շփման համար, այդ թվում նաև թուրքերի և քրդերի։ Ինքս վերջերս քրդի հետ եմ շփվել և տպավորված եմ, սակայն իմ մտահաղացումը այդքան էլ չընդունվեց։ Ես չեմ կարող հակամարտության լուծման տարբերակ առաջարկել, բայց հստակ կարող եմ ասել, որ իմ հասակակիցների մեջ էլ քիչ չեն մարդիկ, որոնք համոզվածեն, որ եթե ադրբեջանցու հետ շփվեն, ապա նա անպայման կմորթի կամ կսպանի։ Պետք է թույլ տալ մարդկանց շփվել, լսել միմյանց։ Ինքս դեռ հնարավորություն չեմ ունեցել շփվել ադրբեջանցիների հետ, բայց, եթե առիթ լինի՝մեծ հաճույքով կլսեմ նրանց, կծանոթանամ»,- վստահցնում է Հայկը։
Իսկ ահա 29-ամյա Արթուր Գրիգորյանը շատ լավ գիտի կոնֆլիկնտների ավերիչ հետևանքների մասին։ Հայ-ադրբեջանական համամարտության արդյուքնում նա իր ընտանիքի հետ միասին Բաքվից բռնագաղթվել է և այժմ ապրում է Արցախում։ Համոզված է, որ հակամարտության սրման պատճառը անարդարություն է և որ ադրբեջանցիները պետք է հաշվի նստեն արցախահայության ցանկության հետ։ «Ես շատ եմ ցանականում, որ հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծվի, սակայն բանակցելը արդյունավետ կլինի միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցի հասարակությունը լիարժեք տիրապետի պատմությանը, վերլուծի փաստերը»։ Արթուրը չի բացառում, որ հայերը նույնպես սխալներ են գործել, սական հակամարտության լուծման հարցում ըստ նրա ամենաշատ աշխատանքը ունեն ադրբեջանցիները։