Էնցիկլոմեդիայի եթերում ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը խոսում է դավադրության տեսությունների մասին
Կորոնավիրուսային նոր հիվանդության տարածումից շատ ավելի վաղ Հայաստան հասան դրա վերաբերյալ դավադրության տեսությունները։ Տեղեկատվական հոսքերը, ապատեղեկատվությունը և մարդկային հոգեբանության որոշ առանձնահատկություններ ոմանց հաճախ ստիպում են դավադրություններ փնտրել տեղի ունեցող ցանկացած իրադարձությունում։ Օգտվելով այս հանգամանքներից՝ շահագրգիռ որոշ խմբեր օգտագործում են տեղեկատվությունը հասարակության մեջ խուճապ տարածելու համար։
Media.am հարթակի «Էնցիկլոմեդիայի» 21-րդ էպիզոդի հյուրն է ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և գիտական լրագրող Ռուբինա Դավթյանը։
Աղբյուրը՝ media.am
Գևորգ Տեր-Գաբրիելյանի խոսքի տեքստը ներկայացված է ստորև․
Ինչպե՞ս են առաջանում դավադրությունների տեսությունները։
Դավադրությունների տեսություններն առաջանում են հետևյալ պատճառներով. մարդիկ չգիտեն որևէ երևույթի իրական պատճառները: Հրանտ Մաթևոսյանի հերոսն ասում էր. «Ժողո՛վուրդ է, իսկու՛թյունը չգի՛տի՝ պարտա՛վոր է հորի՛նել», իրազեկված չեն:
Նաև՝ ինֆորմացիայի քանակը շատ է, առանց զտիչի այն սպառելը տանում է այդ տեսությունները կուլ տալուն, խճճում է մարդուն, և ի պատասխան այդ վտանգի, որ մարդ զգում է ինֆորմացիայի հեղեղից՝ նախնական, արխայիկ բնազդներն են սկսում աշխատել, և մարդ սկսում է չափից դուրս շատ հավատալ, որ կան անհայտ վտանգներ. այդպես ծնվում են դավադրությունների տեսություններ:
Նաև՝ կրթության որակը. եթե այն ցածր է, մարդ հակված է հավատալ դավադրությունների տեսություններին:
Արդյո՞ք դրանք միտումնավոր են արվում։
Երբեմն միտումնավոր են ստեղծվում, որոշ ուժերի կողմից, որոնք ուզում են ժողովրդին պահել վախեցած վիճակում, իշխված, թույլ չտալ, որ նրանք մեջքներն ուղղեն: Եվ եթե թափանցիկությունը համատարած չէ, եթե վերը նշածս հանգամանքները կան, եթե մարդը սովոր է, որ իրեն իշխում են բրգաձև համակարգերը, իսկ ինքն իշխանություն չունի՝ նա կարող է զոհ գնալ այդ հավատին:
Ինչու՞ են որոշ մարդիկ հակված հավատալու այդ տեսություններին։
Մարդիկ հակված են, եթե սովոր են, որ իրենք անուժ են, անիշխ, և որ իրենց փոխարեն ինչ-որ մեկն է որոշում իրենց բախտը: Եթե իշխը թափանցիկ է, եթե դու քո հարցերի պատասխանները ստանում ես, եթե գիտես, որ հասարակությունը բրգաձև չի իշխվում վերից վար, ավելի քիչ ես հավատում:
Նաև հակված են այն մարդիկ, որոնք հասարակական գիտություններ չեն ուսումնասիրել, չգիտեն, հասարակությունն ինչպես է գործում: Նույնիսկ լավ մասնագետները՝ բժիշկներ, ֆիզիկոսներ և այլն, քանի որ մեր կրթական ուղղությունները շատ մեկուսացված են, «ճշգրիտ» գիտությունների մասնագետները կամ բանասերները չեն ստանում գիտելիք՝ հարակից գիտակարգերից, և հակված են լինել նեղմիտ, անհանդուրժող և հավատալ դավադրությունների տեսություններին: Լավ մասնագետը պիտի մտածի իր մասնագիտության մեջ ինչպե՛ս է կողմնորոշվում՝ և նույն մոտեցումը դրսևորի այլ ասպարեզի անստույգ ինֆորմացիայի նկատմամբ: Եվ մարդիկ պիտի իրենց հակումը՝ լինել անհանդուրժող և հավատալ ֆանտազիաներին, զսպեն, վերափոխեն: Ասում են, որ գերձայնային ինքնաթիռի օդաչուն պիտի գործի իր բնազդին հակառակ՝ ղեկը պտտի դեպի աջ, երբ բնազդն ասում է՝ պտտիր դեպի ձախ: Մարդս իր բնազդները հաղթահարելով է դարձել մարդ: Մենք պիտի սովորենք գործել մեր բնազդներին հակառակ:
Կարո՞ղ ենք օրինակներով խոսել այս համավարակի տարածման թեմայով դավադրությունների տեսությունների մասին։
Օրինակները բազում են: Մի քանիսը. սկզբում ասվեց, որ չինացիներին Ամերիկան է վարակել: Հետո, երբ Ամերիկայում բռնկվեց՝ որ Ամերիկային Չինաստանն է այդպիսի էպիդեմիոլոգիական զենքով վարակել: Հենց այսօր կարդացի հերթական անհեթեթությունը պատվաստումների վերաբերյալ: Կամ՝ ասում են. մինչ այժմ գրիպից ավելի շատ մարդ էր մահանում, սակայն արտակարգ իրավիճակ և կարանտին չէին հայտարարում, ինչու՞. ուրեմն դավադրություն է: Թե ինչու են այժմ հայտարարել, ինչու է աշխարհն ալեկոծվել՝ սա էլ կարևոր խոսակցության թեմա է. որովհետև մարդու կյանքի արժեքը դարձել է գերակա, ավելին՝ քան տնտեսական շահը՝ հասկացված առանց ամեն մարդու կյանքը բարձրագույն արժեք համարելու: Եվ այլն: Բայց դա ուրիշ թեմա է:
Ինչպե՞ս կամ որտե՞ղ ստուգել այդ տեսությունների համապատասխանությունն իրականությանը։ Ինչպես տարանջատել դավադրությունների տեսություններն իրականությունից։
Պետք չէ ստուգել դավադրությունների տեսությունների համապատասխանությունն իրականությանը: Պետք է, ինչպես անգլիացի միջնադարյան փիլիսոփա Օքքամն էր ասում՝ ածելիով կտրել դրանք սեփական հաշվարկներից և մտածմունքից: Եթե գալիս է նորություն անծանոթ աղբյուրից՝ պարզապես ջնջել այն, ռեակցիա չտալ, դեն նետել: Եթե մոտիկ մարդդ է այդ տեսությանը հավատում՝ նրան կարելի է փորձել հոգեբանական զրույցի միջոցով դրանից դուրս հանել, օգնել, քանի որ նա, ուրեմն, իր աշխարհայացքում ունի թուլություն, անուժ է իրեն զգում, անիշխան: Դրա համար հոգեբանական հմտություններ են պետք: Եթե նոր գիտելիքի համար մարդը բաց է՝ առաջարկեք դիտել իմ դասախոսությունները ինֆորմացիայի տարափի, դավադրությունների տեսության և արխայիկ մտածողության վերաբերյալ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կայքում կամ յություբում. կոչվում են «Ջեմ սեշն»: Եվ կարդալ, կարդալ, լսել, դիտել այլ նյութեր այս թեմայով և ընդհանրապես այն մասին, թե ինչպե՛ս են տեղի ունենում հասարակական, քաղաքական գործընթացները: Լսեցեք «Էխո Մոսկվի» ռադիոկայանով Եկատերինա Շուլմանի դասախոսությունները՝ քաղաքագիտության մասին:
Իսկ եթե վճարովի մարդ է, որը փող է ստանում այդպիսի տեսություններ զարգացնելու համար՝ ամոթանք տվեք, առաջարկեք, որ գործը փոխի, ասեք, որ ամոթ է, նա դառնում է անձեռնսեղմելի, կամ՝ իրեն նոր գործ տվեք, եթե կարող եք, ուր նա կարիք չի ունենա խղճին դեմ գնալ:
Եթե կարծում եք, որ կա որևէ այլ բան, որը կարևոր է դպրոցահասակների և իրենց ծնողների համար, անպայման կխոսենք նաև այդ մասին։
Պետք է հասկանալ նաև, ինչպես տարբերակել դավադրությունների տեսություններն այլ ինֆորմացիայից: Եթե ձեզ ասում են, որ կա մի մարդ կամ մարդկանց խումբ՝ խունտա, հայտնի թե անհայտ, որոնք գաղտնի կերպով տնօրինում են ձեր կյանքը՝ դավադրությունների տեսություն է: Եթե ձեզ ասում են, որ մեկ մարդ կամ խումբ որոշում է աշխարհի բախտը՝ դավադրությունների տեսություն է: Եթե ձեզ ասում են, որ անմեղ տուժածներն են մեղավոր, որ իրենք տուժեցին՝ հրեաները հոլոկոստ արեցին, որ պետություն ստանան, կանայք այնպես հագնվեցին, որ բռնաբարվեն, հայերն իրենք են մեղավոր, որ թուրքերն իրենց կոտորեցին, - դավադրությունների տեսություններ են: Հենց որ տեսնում ես այդպիսի դիսկուրս՝ պետք է պարզապես այն դեն նետել:
Բռնության մթնոլորտը բուծում է դավադրությունների տեսություններ: Եթե կողքինիդ դպրոցում նեղացնում են, ու չես պաշտպանում կամ դու ես նեղացնում՝ դու բուծում ես դավադրությունների տեսություններով լի աշխարհ: Եթե ուզում եք, որ ձեր կյանքի որոշումները ճիշտ լինեն՝ պիտի կարողանաք ճիշտ կշռել իրականությունը, մեծը փոքրից տարբերել, տրամաբանության կանոններին լավ տիրապետել, չխաբել ու իրար օգնության գալ: Սոլիդարությունն օգնում է, որ ունենաս կողքինիդ հեղինակավոր կարծիքը, վստահես դրան, իսկ վստահությունը հիմքն է, որ աշխարհը զերծ լինի դավադրությունների տեսություններից: Եթե չկա առողջ, կրթված հանրային կարծիք՝ ծաղկում են դավադրությունների տեսությունները. Մարդ կարծում է, որ ինքը շա՜տ փոքրիկ է, անուժ, իսկ ինչ-որ մի անհայտի գերբնական ուժ է վերագրում: Եթե մարդիկ սովոր չեն միմյանց օգնության գալ, այլ միայն սեփական շահն են հետապնդում՝ առաջանում են դավադրությունների տեսություններ:
Դավադրությունների տեսությունների վերաբերյալ կարևոր գիտելիք և հղումներ, նախ և առաջ ծնողների համար.
1) Ինչպես դիմակայել ինֆորմացիոն հոսքի տարափին.
https://youtu.be/NP1yEKxVSkg
Տեքստային տարբերակ.
https://am.epfarmenia.am/wp-content/uploads/2016/02/Gevorg-Information-flow_April-12-2016.pdf
2) Դավադրությունների տեսություն.
Մաս 1.
https://youtu.be/n-94HWVSjWI
Տեքստային տարբերակ.
https://am.epfarmenia.am/wp-content/uploads/2017/12/Conspiracy-Theory_Part-1_January-31-2017.pdf
Մաս 2.
https://youtu.be/ZDs2ia_yMFk
Տեքստային տարբերակ.
https://am.epfarmenia.am/wp-content/uploads/2017/08/Conspiracy-Theory_Part-2_January-31-
2017_published-August-3-2017.pdf
3) Արխայիկ մտածողություն.
Մաս 1.
https://youtu.be/JsZ6JPrwMyQ
Տեքստային տարբերակ.
https://am.epfarmenia.am/wp-content/uploads/2018/05/Archaic-Thinking_Part-1_February-15-
2018_GTG.pdf
Մաս 2.
https://youtu.be/jeXR1PWIp8g
Տեքստային տարբերակ.
https://am.epfarmenia.am/wp-content/uploads/2018/05/Archaic-Thinking_Part-2_February-15-
2018_GTG.pdf
4) Կրթության խնդիրները 21-րդ դարում.
https://youtu.be/_t9cud_zq-0
5) Քննադատական մտածողություն (ձեռնարկ).
https://epfarmenia.am/hy/document/Logical-Fallacies-and-Misleading-Rhetorical-Tricks-Critical-Thinking