Երևանում տեղի ունեցավ Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողով
2019 թ․ մայիսի 24-ին Երևանում կայացավ Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովը։ Այս ամենամյա համաժողովի նպատակն էր հայաստանցի, վրաստանցի և միջազգային գործընկերների շրջանում բազմակողմանի քննարկումների ծավալումը կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում առկա զարգացումների և մարտահրավերների վերաբերյալ, հայ-վրացական կապերի ամրապնդումը և միջազգային համագործակցության խթանումը։ Համաժողովը ծառայում է որպես մի հարթակ, որտեղ առանցքային շահագրգիռ կողմերը տարբեր տեսանկյուններից քննարկում են Հայաստանում, Վրաստանում և, առհասարակ, աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտի իրավիճակն ու զարգացումները, ինչպես նաև մշակում են դրանց բարելավմանն ուղղված առաջարկներ։
Համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։
Համաժողովն անդրադառձավ կրոնի կամ համոզմունքի ազատությանը վերաբերող կարևոր հարցերի և բաղկացած էր երեք նիստերից.
- Նիստ I. Կրոնի կամ համոզմունքի ազատության գլոբալ մարտահրավերները և իրավիճակը Հայաստանում ու Վրաստանում.
- Նիստ II.1. Միջկրոնական երկխոսությունը՝ կոնֆլիկտների վերափոխման գործիք (զուգահեռ նիստ).
- Նիստ II.2. Կրոնի կամ համոզմունքի ազատությունն ու կրթությունը (զուգահեռ նիստ).
- Նիստ III. Կրոնի կամ համոզմունքի ազատությունն այլ իրավունքների հետ «բախումների» լույսի ներքո:
Համաժողովը ԵՀՀ-ի կողմից Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ իրականացվող «Կայուն բարեփոխումներին ընդառաջ. կրոնի կամ համոզմունքի ազատության խթանումը Հայաստանում 2018-2021» ծրագրի մասն է: Սա երկրորդ տարածաշրջանային համաժողովն է, որ կազմակերպվում է Հայաստանում։
Համաժողովին ելույթ ունեցան և բանախոսեցին Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը (տեսաուղերձ), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով ավագ խորհրդական Քիշան Մանոչան, ՄԱԿ-ի ՄԻԳՀԳ Հարավային Կովկասի համար մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը, Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից կրոնների խորհրդի տնօրեն Բեկա Մինդիաշվիլին, Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի տնօրեն Մարիամ Գավտաձեն, Ազգային ժողովի Կրթության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը և ոլորտի այլ մասնագետներ։
Համաժողովին մասնակցեցին նաև ոլորտում նշանավոր միջազգային փորձագետներ, միջազգային կազմակերպությունների, Հայ Առաքելական եկեղեցու, Վրաց Ուղղափառ եկեղեցու, կրոնական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև կառավարության և քաղաքացիական հասարակության անդամներ: