ՔՀԿ ոլորտի շուկայի համապարփակ հետազոտության արդյունքների ամփոփագիր
ՔՀԿ շուկայի ոլորտի հետազոտությունն իրականացվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում: Հետազոտության առաջնային նպատակը ՔՀԿ-ների կարողությունների զարգացման բացերի և զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների կարիքի գնահատումն է: Հետազոտությունը ներառել է երկու բաղադրիչ՝ Հայաստանի ողջ տարածքում տեղակայված ՔՀԿ-ների ընտրանքային քանակական հարցում և ՔՀԿ-ների ու այլ շահագրգիռ կողմերի կարծիքների որակական հետազոտություն:
Համեմատելով տվյալ հետազոտության արդյունքները նախորդ և այլ միաժամանակյա հետազոտությունների հետ, կարելի է նկատել, որ վերջին հետազոտություններում ՔՀԿ-ների ինքնագիտակցությունը, ինչպես նաև սեփական խնդիրների նրանց ձևակերպումներն ավելի բազմազան և երանգավորված են: Սա, իհարկե, տեղի է ունեցել բազում հանգամանքների շնորհիվ, ներառյալ տարբեր տեսակի այն աջակցությունը, որ ՔՀԿ-ները տարիների ընթացքում ստացել են աջակից կառույցներից: Տվյալ հետազոտության մեջ դա հատկապես ակնառու է դառնում քանակական և որակական հարցումների արդյունքները համադրելիս: Դա ցույց է տալիս ՔՀԿ-ների զարգացման նոր՝ թերևս կայուն հանգրվանի հնարավորությունը: Միևնույն ժամանակ, նոր խնդիրներ են ի հայտ գալիս, ինչպես, օրինակ՝ հայաստանյան գործարարներին ուղերձ հասցեագրելն այն մասին, թե ինչ են անում և ինչի համար են անհրաժեշտ ՔՀԿ-ները:
Ներկայացված ամփոփագիրն, իհարկե, բազմաշերտ հետազոտության միայն մի կտրվածք ու մեկնաբանություն է, և հուսով ենք, որ այլ օգտատերեր կհամալրեն ներկայացված առաջարկները և կամ կճգրտեն դրանց առաջնայնությունները՝ ուսումնասիրելով հետազոտության ստացած արդյունքները, և այդպիսով շարունակական կյանք կպարգևեն այս հետազոտությանն ու դրանից բխող գործողություններին:
Շնորհակալություն ենք հայտնում այն բոլոր անձանց և կազմակերպություններին, որոնք մասնակցել են հարցմանը և կամ իրենց կարծիքներն են արտահայտել խորին հարցազրույցների ու ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում, ՀՌԿԿ–ի ողջ հետազոտական թիմին և «ՀԿ Դեպո» ծրագրի անդամներին, որոնք իրենց լուման են ներդրել այս հետազոտության իրականացման գործում՝ ԵՀՀ առաջնորդությամբ, ինչպես նաև հայաստանյան ՔՀԿ-ներին տարիներ շարունակ աջակցող ԱՄՆ ՄԶԳ-ին, մասնավորապես նրա՝ «Տեղական լուծումներ» բաժնի թիմին: