Susanna Harutyunyan, editor-in-Chief of "Kayaran" literary magazine, speaks about Kayaran's Goal to Develop Theoretical Literary Skills (in Armenian)
Այս հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքէջում։ Հասանելի է այստեղ։
«Գրական կայարան» կազմակերպությունը արդեն 3-րդ տարին է իրականացնում է «Երիտասարդական գրականագիտական մրցույթ», որի նպատակն է գրականությամբ հետաքրքրվող երիտասարդների շրջանում զարգացնել քննադատական ու վերլուծական միտքը, ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսություններ գրելու հմտությունները։
«Մեր ամբողջ գործունեությունն ուղղված է հայ ժամանակակից գրականության զարգացմանը։ Մեզ համար կարևոր է, որ մասնակիցները ընթերցեն ժամանակակից գրողներին, նույնիսկ կարևոր էլ չէր` գրախոսականներ կգրե՞ն, թե՞ ոչ։ Երիտասարդները ընթերցելով պիտի կարողանան լավը վատից տարբերել և հասկանան՝ ինչ ասել է գրական գործ», – ասում է մրցույթի կազմակերպիչ, «Գրական կայարան» ՀԿ–ի տնօրեն, արձակագիր Սուսաննա Հարությունյանը։
Ծրագրի շրջանակում հանրապետության չորս մարզերում և Երևանում իրականացվել են դասընթացներ, որից հետո դիմորդներն իրենց նախընտրած ստեղծագործության վերաբերյալ գրել են գրախոսություններ:
Սուսաննա Հարությունյանն ասում է, որ սա պրոֆեսիոնալ գրականագետների մրցույթ չէ։ Կարևորը երիտասարդների հետ աշխատանքն է, որպեսզի նրանք տարբեր հարթակներում նպաստեն ժամանակակից հայ գրականության ներկայացմանն ու տարածմանը։