We make a change. "Community Partner" Initiative Martuni InfoTun
Առավոտյան, երբ քնից արթնանում ենք, նախաճաշում կամ դրա ժամանակը ուղղակի չունենք, շտապում ենք աշխատանքի կամ պարզապես մեր «գործերով»։ Հայտնվում ենք դրսում, քայլում ենք մայթով կամ փողոցում մայթեր չկան, ճամփան էլ մի բան չէ՝ անձրևին ցեք, ամռանը՝ փոշի, ձմռանը՝ ձյուն, որ քայլելդ չի էլ գալիս։ Իսկ եթե «հաջողակ» ենք, ապա մեքենայի շարժիչն ենք միացնում ու ղեկը առնում մեր ձեռքը և փորձում հասնել նպատակակետին՝ ասֆալտե ճանապարհներով։
Մարտունիում ասֆալտած փողոցները մատների վրա կարող ենք հաշվել, իսկ ծայրից ծայր ասֆալտածները մի ձեռքի վրա էլ կտեղավորվեն՝ մի մատ էլ ազատ կմնա (Կամոյի, Աբովյան, Շահումյան, Մյասնիկյան փողոցներ)։ Իսկ, եթե գործեր ունենք ու պետք է «շուկայի» ուղղությամբ գնանք, ոտքով լինենք, թե մեքենայով միևնույն է կբողոքենք՝ վատ երթևեկությունից, գավառական քաղաքի համար զարմանալի խցանումներից, մայթերը «գրաված» միրգ–բանջարեղենից, միս–կաթնամթերքից, դույլ–տաշտերից։ Բայց, և մենք մեքենան կկայանենք նեղ փողոցում այնպես՝ ինչպես մեր սիրտն է ուզում, այնպես՝ ինչպես կկայանեինք մեր ավտոտնակում, եթե այն մի 250 քառ/մ լիներ։ Կշտապենք գնել, կշռել մեր գրպանին հասնալեին՝ մայթին կանգնած, կես հայացք վաճառողի կշեռքին, կեսը փողոցին՝ ծանոթ փնտրելիս կամ ծանոթներից թաքնվելիս։ Ու դեպի մեքենան, տուն գնալիս կնեղվենք «դոլար–ռոբլի» ակաջիդ տակ շշնջացողներից, որովհետև կամ վաղուց դրամից այն կողմ այլ տարադրամ չենք տեսել, կամ շտապել ենք ռուբլին 8.00–ով փոխել, ոչ թե 8.05–ով։
Առևտուրի ՀԴՄ–ն խոնավ ափում ճմռթած կշտապենք աննկատ կամ ակնառու նետել հարմար ծառի տակ ու շարունակել ճամփան ու նեղվել, որ կոշիկին կպչել է մի լորձոտ մաստակ։ Կես մայթ–կես ճամփով, կես ասֆալտ–կես փոսերի միջով կհասնենք տուն ու կրկին կբողոքենք միօրինակ, օրեցօր կրկնվող կյանքի շրջափուլից՝ գործի–խանութ–տուն, լավագույն դեպքում՝ գործի–խանութ–բարեկամների տուն այցի–տուն։ Կբողոքենք բանկերի մոտով անցնելիս, ավիատոմսերի գովազդ տեսնելիս, տուն վերադառնալիս կմտածենք մի հարմար ճամպրուկի, կամ էլ ի՛նչ ճամպրուկ՝ «սադախլուի» ամուր տոպրակի ու մեկ ուղղությամբ տոմսի մասին։
Բողոքի, անգործության, հուսահատության մշտական ալիքի պատճառով մենք չենք նկատում մեր շուրջ տեղի ունեցող փոքր, գուցե աննկատ դրական փոփոխությունները՝ մայթերը մաքել են խոտերից․․․ իրենց խանութի համար, բայց և մեր անցնող ճանապարհից մի փոքր հատված ասֆալտել են, սալիկապատել․․․ աղբամաններ են դրել ծխախոտի մնացորդները փողոցում չգցելու համար․․․ հավատավորի համար «համեստ», բայց և հոգևոր տուն են վերանորագել․․․ անհրապաույր մեր քաղաքում քանդականներ են ստեղծել, որոնց մի մասն իրենց տեղը քաղաքապետարանի դիմացի պուրակում է գտել, մի մասն էլ սպասում է իրեն հատկացվելիք վայրին ․․․ Ամռան ժամանցի վայր է ստեղծվել՝ այլ լողափ գնալու, ճահճոտ, կեղտոտ ափի փոխարեն՝ տաք ավազը մեր բոբիկ ոտքերով զգալու հնարավորություն է տրվել․․․ Բայց էլի վատը, տգեղը, բացասականը շատ է
․․․ Իսկ ստեղծված լավն մեր, ձեր, նրանց նման հասարակ մարդկանցով է ստեղծվել՝ դրամով, դոլարով, գուցե ռուբլիով ․․․ կամ էլ բարի կամքով՝ մեկ օր բանվոր, վարորդ, շինարար, կամավոր աշխատելով ․․․ անվճար բանվորին հաց տալով, վարորդին վառելանյութ, 100-1000 դրամ հանգանակելով․․․ Լավը, համայնքի բնակչի նախաձեռնությամբ, սրտացավությամբ և կամեցողությամբ է գրանցվել․․․ Դրականը «Համայնքի գործընկերներն» են գրանցել ․․․ Բնակիչներ, ովքեր խնդիրը մատնացույց անելիս՝ լուծում էլ են առաջարկում, կամ միանում լուծման գործընթացին ու դառնում «Համայնքի գործընկեր»։