Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց. Դեպի խաղաղարարների նոր սերունդ

Քաղաքացիական հասարակության խաղաղարարության և հակամարտությունների փոխակերպման (կոնֆլիկտների տրանսֆորմացիայի - ԿՏ) մոտեցումները ԵՀՀ-ի ուժեղ կողմն են և մեթոդաբանական սյուներից մեկը. այդ մոտեցուների վրա հենված է նրա աշխատանքի հիմնական մասը: Տարիներ շարունակ ԵՀՀ-ն զարգացնում է իր փորձառությունն այս ոլորտներում: Բաց և փակ սահմանները, հակամարտությունների բաժանարար գծերը հատելու՝ ԵՀՀ փորձերի գերակշիռ մասն առնչվում  է այս մոտեցումներին:

ԿՏ ուղղությամբ աշխատելու հմտությունն այսօր անհրաժեշտ է բոլորին և ո՛չ միայն նրանց, ովքեր անմիջականորեն ներգրավված են «մյուս կողմի» հետ երկխոսության և բանակցությունների գործընթացներում:

Ծրագրային գործունեությունից զատ, որին կարող եք ծանոթանալ այս հղումով[1], ԵՀՀ-ն վարում է Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցը[2] (ԿՏԴ) և՛ տեղական, և՛ տարածաշրչանում գործող միջազգային կառույցների դերակատարների՝ քաղաքացիական հասարակության, մեդիայի, երիտասարդության, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, պետական ծառայողների համար։  

ԵՀՀ աշխատանքը խաղաղարարության ոլորտում սերտորեն կապված է նրա գործունեության այլ ոլորտների հետ: ԵՀՀ-ն, դիմողների կարիքներից ելնելով, ճկուն մոտեցումներով է հասցեագրում տարբեր թիրախային խմբեր։ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և  մեդիաների մեր գործընկերներն, օրինակ, կարող են քննադատական մտածողության[3] վրա կենտրոնանալու կարիք ունենալ, ինչն անհրաժեշտ է ժամանակակից, այսպես կոչված, «հետճշմարտային» դարաշրջանում: Միջազգային կազմակերպությունների աշխատակիցները կարող են կոնֆլիկտների զգայունության[4], ավելի կոնկրետ՝ կոնֆլիկտների դինամիկայի վերաբերյալ գիտելիքների ու դրանք ընկալելու և արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների կարիք ունենալ,  քանի որ դրանց չիմացությունը կարող է բացասաբար ազդել զարգացման ծրագրերի արդյունավետության և կայունության վրա: Այն դերակատարները, որոնք նախատեսում են երկխոսություն «մյուս կողմի» հետ, կարող են հաշտարարական հմտությունների ձեռքբերման կարիք ունենալ:

Նրանք, ովքեր ցանկանում են իրավիճակը «դրսից» հասկանալ,  փորձել գտնել անհաղթահարելի թվացող խնդիրների լուծումներ, կարող են դիմել ԵՀՀ-ին, և  վերջինս իր գործընկերների ու համագործակցային ցանցերի հետ կօգնի նրանց ստեղծագործունեական խաղ[5]-ի միջոցով:

ԿՏԴ-ում ԵՀՀ-ն միջանձնային կամ կազմակերպական բախումներին չի անդրադառնում. այս տեսակի բախումների դեպքում կառուցողական վարքային հմտությունները տրամադրվում են  ՀԿ Դեպո կառավարման դպրոցում[6]:  

ԵՀՀ-ի՝ ՔՀԿ-ներին, մեդիային և այլ դերակատարներին ռազմավարական պլանավորման և կազմակերպական զարգացման հարցերով աջակցելու գործում մասնավորապես ՀԿ Դեպո[7] ծրագրի և ստեղծագործունեական խաղերի շնորհիվ արձանագրած հաջողությունը  հիմնված է այն մոտեցման վրա, որ կոնֆլիկտային իրավիճակում ճիշտ, կառուցողական կողմնորոշումը և դրական ներգործության հասնելու մտայնությամբ գործելու կարողությունը պարտադիր պայման են բոլո՛ր տեսակի ռազմավարական ջանքերի և դրանց գլխավոր դերակատարների համար, որոնց մենք կոչում ենք «Ռազմավարական «Ով»: ԵՀՀ դիրքորոշումն այն է, որ զարգացման ցանկացած ռազմավարություն շահում է ԿՏ մոտեցումները որդեգրելուց և դրանք կիրառելուց:

Ակնհայտ է նաև ԿՏ մոտեցման՝ մարդու իրավունքների հետ կապը. ԿՏ մոտեցումները ԵՀՀ-ն կիրառում է նաև Մարդու իրավունքների[8] ոլորտի իր գործունեության մեջ՝ հակադիր մոտեցումներ ունեցող խմբերին ընդհանուր ռազմավարություններ ձևավորելում օգնելու համար: Զուգահեռաբար, ուսումնասիրվում է խաղաղարարության և մարդու իրավունքների աշխատանքներում ներգրավված դերակատարների փոխըմբռնման մակարդակը, հարաբերությունները, փոխլրացումը և հակասությունները:

ԵՀՀ ԿՏԴ մասնակիցների կարծիքներին ծանոթանալու կամ ձեզ և ձեր թիրախային խմբերի հետ հնարավոր համագործակցության համար հետագա քննարկումների, օրինակ՝ հակամարտության կողմերի մասնակցությամբ կոնսորցիում (համընկերություն) ստեղծելու կամ այլ նպատակներով կարող եք կապ հաստատել ԵՀՀ-ի հետ այս հղումով[9]:

ԵՀՀ-ն նույնպես իր շահառուների հետ շարունակում է սովորել՝ ինչ է կոնֆլիկտների տրանսֆորմացիան և խաղաղարարությունը։ Մենք մշակել ենք ընթերցանության և տեսադիտման ծավալուն ցանկեր[10], ինչպես նաև առցանց պրեզենտացիաների շարք[11], որոնք կարող են օգնել խաղաղության և կոնֆլիկտի որոշ ասպեկտներ, ինչպես օրինակ՝ խաղաղության և կոնֆլիկտի լեզուն[12] ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու համար:

ԵՀՀ-ն առանձնացնում է խաղաղարար դերակատարների երեք սերունդ: Այս խմբերից յուրաքանչյուրն ունի իր բնորոշ գծերը:

Առաջին սերունդը, առաջնորդած լինելով վերջին 20 տարվա աշխատանքները, հաճախ գերներգրավված է: Նա կարող է չխանդավառվել և չունենալ նոր գաղափարներ, քանի որ ընտելացել է այն վիճակին, երբ լավ գաղափարները հաճախ չեն աշխատում:

Երկրորդ սերունդը ավելի երիտասարդ՝ 27-43 տարեկան կայացած  պրոֆեսիոնալներ են, որոնք ներգրավված են եղել երկխոսության մեջ, աշխատել են կոնֆլիկտի և խաղաղության խնդիրների հարցերի ուղղությամբ, սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն առաջնորդելու երկխոսության ծրագրերը՝ ռազմավարության և մշակման փուլից մինչև դրանց իրագործումը, քանի որ այդ դիրքը զբաղված է եղել առաջին սերնդի ներկայացուցիչների կողմից: Հետևաբար այս խումբը, չնայած կուտակած զգալի փորձին, կարիք ունի     հզորացման՝ որպես քաղաքացիական նախաձեռնությունների մեջ ռազմավարական որոշում կայացնող (ռազմավարական «ով»), քանի որ երբեմն կարծես թե շահագրգիռ կողմից  վերածվի խորհրդատուի, որը բացառապես կատարում է իրեն հանձնարարված աշխատանքը՝ որևէ հետաքրքրություն չցուցաբերելով մշակման և պլանավորման գործընթացի, հետևաբար գործունեության ռազմավարական արդյունքի նկատմամբ:

Երրորդ սերունդը, ԵՀՀ-ի բնութագրմամբ, մարզերի և հակամարտության գոտիների ուսանողներ կամ նորավարտ երիտասարդներ են, որոնք շաճագրգռված են երկխոսության մեջ մտնել: Այս նոր սերնդին թիրախավորելը կարևոր է:

Ազդվելով չլուծված հակամարտության իրավիճակում լինելու հանգամանքից և ռազմական գործողությունների վերսկսման մեծ վտանգից՝ հասարակությունները հակված են շեշտը դնել հայրենասիրական կրթության վրա, հասկացված որպես, օրինակ, ԶԼՄ-ների քարոզչություն, որն ատելություն է բորբոքում «մյուս կողմի» հանդեպ: Տասնամյակներով ձևավորված կարծրատիպերով զինված հասարակական ճնշումը սահմանափակում է հակամարտության խնդիրների շուրջ ազատ և քննադատական մտածողությունը և հատկապես ակտիվ գործողությունները: Կոնֆլիկտի հանդեպ ընդունված մտայնությունը մարդկանց մղում է  ձևավորելու իր սեփական կողմը ներկայացնելու կարողությունները, այն է՝ դառնալու «լավ» քաղաքական գործիչ, դիվանագետ կամ զինվոր մեկ կողմի շահերի տեսակետից: Կոնֆլիկտի տրանսֆորմացիոն մոտեցումը, որը հիմնված է քննադատական մտածողության, իրավիճակը «մյուս կողմի» տեսանկյունից դիտարկելու, վստահություն կառուցելու և միասնական ու փոխշահավետ լուծումներ փնտրելու վրա, իսպառ բացակայում է:

Ավանդական կրթական համակարգն «աճեցնում է» կոնֆլիկտների լուծման կամ կառավարման և միջազգային հարաբերությունների մասնագետներ՝ լավ «զինվորներ» և «դիվանագետներ», որոնք կպաշտպանեն իրենց կողմի դիրքորոշումը բանակցությունների սեղանի շուրջ և ցանկացած հաղորդակցության մեջ։

 

Սակայն միայն սեփական կողմին պաշտպանելն ու մյուսի տեսակետները հաշվի չառնելը տանում է փակուղի՝ անհնարին դարձնելով փոխշահավետ լուծումը։ Հակամարտությունը դառնում է անտագոնիստական, ձեռքբերում է դիտարկվում բացառապես դիմացինի հաշվին ձեռքբերումը, իրադրությունը նկարագրվում է որպես զրոյական գումարի (zero-sum) խաղ, դիրքորոշումը դառնում է անզիջում: ԿՏԴ-ն ուսանողներին սովորեցնում է լինել հակամարտության փոխակերպողներ, որոնք  իրենց գործողություններով հասնում են երկուստեք շահավետ խաղաղ լուծումների և/կամ մեծացնում են դրանց հավանականությունը:

 

Մյուս կողմից, պետական քարոզչությունը, իրավիճակային զարգացումները և հասարակական ճնշումը պարարտ հող են ստեղծում նաև, որպեսզի մարդիկ, ովքեր չեն ընդունում «վերևից» պարտադրվող մոտեցումները, կա՛մ ձեռնպահ մնան, կա՛մ հեռվանան խաղաղությունը հասցեագրելու առաքելությունից՝ դրանով իսկ թուլացնելով խաղաղության հասնելու՝հասարակությունների ապագա հնարավորությունը:

 

ԵՀՀ-ն փորձում է իր ուժերի ներածին չափով հակադրվել տենդենցների այս կծիկին՝ ձևավորելով և զարգացնելով ընտրյալ երիտասարդների կարողությունները ԿՏ և խաղաղարարության ոլորտում: Միևնույն ժամանակ ԵՀՀ-ն փորձում է ընդգրկել երկրորդ սերնդին ևս, հնարավորություն տալով նրանց մշակել իրենց սեփակա՛ն երկխոսության գործընթացը և դառնալ նախագծի ռազմավարության պատասխանատու:

 

ԿՏԴ-ն տիպական կրթական հաստատություն չէ, ամենից առաջ այն գործընթաց է՝ հետևողական, շարունակական և մեթոդաբանորեն մշակված խաղաղարարական հմտություններ սովորելու և փոխանցելու համար: ԵՀՀ-ն ԿՏԴ-ն դիտարկում է որպես կայուն հարթակ, որի միջոցով աջակցություն է ցուցաբերվում քաղաքացիական հասարակության խաղաղարարների նոր սերնդին՝ օգտվելու գաղափարների այլընտրանքային աղբյուրներից և քննադատական մտածողության հմտությունների շնորհիվ հակազդելու տիրապետող քարոզչությանը, վստահության կամուրջներ ստեղծելու «մյուս կողմի» հետ՝ ապագա խաղաղության հնարավորությունը մեծացնելու համար:

 

ԿՏԴ-ն հասցեագրում է հետևյալը.

 

  • Մասնակիցներին զինել գիտելիքով և հմտություններով ազգայնականության և ազգային պատմության ավանդական թեմատիկային հակազդելու համար, վիճարկելու պատմության նախաստեղծ/տեղայնական (primordial/parochial) հայեցակարգերը:

 

  • Տրամադրել նրանց գիտելիքներ՝ կազմաքանդելու ավանդական կրթական գործընթացում օգտագործվող դասագրքերից և/կամ ԶԼՄ-ներից եկող քարոզչական ազդակների հեղեղը և քննադատորեն հակազդելու այդ քարոզչությանը (այսօր դա կոչվում է նաև «հետճշմարտային»), որն ուղղված է թշնամու կերպարի ձևավորմանը:

 

  • Հաղորդել ընդհանուր տեղեկություններ ԿՏ և քաղհասարակության խաղաղարարական պարադիգմի վերաբերյալ՝ ծանոթացնելով նրանց այնպիսի հասկացությունների, ինչպիսիք են կայուն և արդարացի խաղաղությունը, «ռազմավարական «ով»-ը» և այլն: Ուսանողները սովորում են իրենց դնել դիմացինի դիրքում, հասկանալ դիմացինի խնդիրները:

 

  • Այս նոր գիտելիքները տրամադրել միջազգային հարաբերությունների, կոնֆլիկտների լուծման, ազգագրական ուսումնասիրությունների, աշխարհաքաղաքականության, 20-րդ դարի մեր տարածաշրջանի պատմության և այլնի մասին գիտելիքների ընդհանուր համապատկերի մեջ, տրամադրել ժամանակակից և առաջադեմ տեղեկատվություն նաև ավելի ավանդական գիտելիքի վերաբերյալ:

 

  • Ուսանողներին անկողմնակալ ձևով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտության պատմության կարևոր իրադարձությունները, ներառյալ միջազգային հանրության դիրքորոշումը:

 

  • Հնարավորություն ընձեռել՝ քննարկելու այս խնդիրները համապատասխան ոլորտների ներկայացուցիչների և/կամ փորձագետների հետ, որոնք անմիջականորեն ներգրավված են բանակցային գործընթացում և այս կամ այն կերպ անդրադառնում են հակամարտությանը՝ դրա լուծման նպատակով:

 

  • Խթանել ստեղծագործական մտածողությունը և զարգացնել գաղափարներ, որոնք «մյուս կողմից» ընդունվելու դեպքում կարող են դառնալ վստահության կառուցման քայլեր։

 

ԿՏԴ-ն առաջարկում է օնլայն և օֆլայն դասընթացների ծրագիր: Օնլայն դասընթացները՝ տեսանյութերը, մասնակիցներին թույլ կտան յուրացնելու և ամրապնդելու ԿՏ վերաբերյալ գիտելիքի խոշոր պաշար, իսկ օֆլայն դասընթացների շնորհիվ նրանք անմիջականորեն մասնակցելու, հարցեր տալու, ստացած տեղեկատվությունը քննադատելու հնարավորություն կունենան,  ինչպես նաև՝ ձևավորելու սեփական ակտիվ դիրքորոշումը քննարկվող խնդիրների վերաբերյալ և կատարելագործելու կոնֆլիկտների տրանսֆորմացիայի ուղղությամբ աշխատելու իրենց գործնական հմտությունները:

 

 

[2] Քննադատական մտածողություն, Կոնֆլիկտների տրանսֆորմացիա, Խաղարարություն. https://www.youtube.com/playlist?list=PLze7VHI5SyYhtiU5MpEGRbtOfOSQ2Mbse

[3] Տե՛ս՝ Քննադատական մտածողություն․տեսություններ (Jam Session 4)․ https://epfarmenia.am/hy/video/Critical-Thinking-Theories

[4] Տե՛ս՝ Խաղաղարարություն. Գևորգ Տեր-Գաբրիելյան (Jam Session 1)․ https://epfarmenia.am/hy/video/Peacebuilding-Gevorg-Ter-Gabrielyan, ինչպես նաև՝ Միջազգային քաղաքականություն և զարգացում (Jam Session 9)․ https://epfarmenia.am/hy/video/International-policy-and-development-Gevorg-Ter-Gabrielyan

[5] Տե՛ս՝ Համակարգված մտագործունեության մեթոդաբանություն (ՀՄԳՄ) և կրեատիվ խաղեր․https://epfarmenia.am/hy/thought-leadership/creative-game  

[6] ՀԿ Դեպո կառավարման դպրոց. https://www.epfarmenia.am/hy/CSO-Management-School

[7] Քաղաքացիական հասարակություն, ԵՀՀ Հայաստան. https://www.epfarmenia.am/index.php/hy/civil-society-development

[10] Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց։ Գրականության ցանկ․https://epfarmenia.am/hy/document/Conflict-Transformation-School-List-of-recommended-literature

[11] Jam Session հաղորդաշար, ԵՀՀ Հայաստան․ https://epfarmenia.am/hy/Jam-Session

[12] Оценка Пристрастности Медиа При Освещении Армяно-азербайджанских Отношений (ռուսերեն)․https://epfarmenia.am/sites/default/files/Document/Glossary_of_Hate_Speech_in_Media_of_Armenia_and_Azerbaijan_2013_Russian.pdf