Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Շահերի բախման քաղաքականության մշտադիտարկման գործընթացում (2013 - 2015)

«Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Շահերի բախման քաղաքականության մշտադիտարկման գործընթացում» ծրագիրը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող երկամյա միջազգային ծրագիր էր, որը ղեկավարվում էր Թրանսփարենսի Ինտերնեյշնլ Մոլդովա կազմակերպության կողմից և իրականացվել է Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Լեհաստանի կազմակերպությունների կոնսորցիումի կողմից: Ծրագիրը սկսվել է 2013 թ․ հուլիսին և տևել է մինչև 2015 թ․ հուլիսը:

Ծրագրի նպատակն էր կոնսոլիդացնել հանրային կարողությունները շահերի բախման քաղաքականության դիտարկման գործում և համադրել ջանքերը շահառու երկրների կառավարությունների հետ քաղաքականությունների բարեփոխմանն ուղղված կառուցողական երկխոսություն կազմակերպելու նպատակով:

 Ծրագրային գործողություններն ընդգրկել են օրենսդրության ուսումնասիրություն, պետական հաստատություններում քաղաքականության իրականացման դիտարկում, ֆոկուս խմբերի, դասընթացների, հանրային իրազեկման և բարեփոխումների առաջխաղացմանն ուղղված գործողությունների կազմակերպում:

2013 թ․ նոյեմբերից 2014 թ. մարտ ընկած ժամանակահատվածում ԵՀՀ-ն մի շարք պետական հաստատություններում հարցում է իրականացրել, որի նպատակն էր պարզել քաղծառայողների շրջանում շահերի բախման քաղաքականության ընկալման աստիճանը: Հարցումն իրականացվել է 7 նախարարությունում՝ 134 քաղծառայողի մասնակցությամբ:

Հարցմանը հաջորդել է ոլորտում ներգրավված փորձագետների և պետական պաշտոնյաների, ինչպես նաև պետական հաստատությունների աշխատակազմերի ղեկավարների մասնակցությամբ ֆոկուս խմբի կազմակերպում:

Նշված գործողությունների արդյունքում հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններին հասցեագրված առաջարկների փաթեթի մշակման համար: Առաջարկները ներկայացնում էին օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գաղափարներ՝ ուղղված շահերի բախման վերահսկմանը և կանխարգելմանը:

Ավելին