Նախագծերի ներկայացման հրավեր

Arm_Turk_Funding_opp

Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․
միջսահմանային կապերի ամրապնդում


Նախագծերի ներկայացման հրավեր


Հունիս 2026
 

Ամփոփագիր

Հրավիրում ենք Հայաստանում և Թուրքիայում գրանցված հասարակական կազմակերպություններին և բիզնես ընկերություններին ներկայացնել գործնական, արդյունքահեն ծրագրային առաջարկներ, որոնք կնպաստեն Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական կապերի ու համագործակցության զարգացմանը, նոր կապերի ու գործընկերությունների ձևավորմանը և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի առաջմղմանը։ Այս նախաձեռնությունը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Առաջարկվող նախագծերը պետք է նպաստեն ծրագրի՝ ստորև ներկայացված ակնկալվող արդյունքներից առնվազն մեկին՝

Տնտեսական կապերի ամրապնդում․ նոր առևտրային ուղիների ձևավորում, բիզնես գործունեությունը կարգավորող կանոնների մշակում, նոր շուկաներ մուտք գործելու հնարավորությունների ստեղծում՝ միտված երկու երկրներում զբաղվածության և տնտեսական աճի խթանմանը։

Համագործակցության ընդլայնում․ համատեղ նախաձեռնությունների, մասնագիտական ցանցերի կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև գործընկերությունների ձևավորում, որոնք կշարունակվեն նաև ծրագրի ավարտից հետո։

Մարդկանց միջև շփումների և փոխվստահության ամրապնդում․ համայնքային նախաձեռնությունների, մշակութային փոխանակումների կամ տեղական մակարդակում իրականացվող միջոցառումների միջոցով փոխվստահության և փոխըմբռնման խթանում։

Իրազեկում և հանրային ընկալումների փոփոխություն․ շահերի պաշտպանության (advocacy) արշավների կամ համատեղ մեդիա նախաձեռնությունների իրականացում, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման և համագործակցության վերաբերյալ ավելի կառուցողական հանրային ընկալումների ձևավորմանը։

Մենք առաջնահերթություն կտանք այն նախագծերին, որոնք կապահովեն տեսանելի արդյունքներ, օրինակ՝

  • Նոր բիզնես գործընկերությունների ձևավորում
  • Մշակութային ժառանգության հուշարձանների վերականգնում
  • Կայուն և ակտիվ միջսահմանային ցանցերի ստեղծում
  • Համայնքային նախաձեռնություններ՝ տեսանելի և անմիջական արդյունքներով։

Ստորև ներկայացնում ենք մի քանի օրինակ, որոնք կօգնեն ձեզ հասկանալ, թե ինչպիսի նախաձեռնություններ ենք ակնկալում (խնդրում ենք նկատի ունենալ, որ օրինակները նպատակ չունեն ուղղորդել ձեզ գաղափարների մշակման գործընթացում և չեն սահմանափակում հնարավոր առաջարկների շրջանակը)։ Մենք ողջունում ենք ծրագրի նպատակներին և ակնկալվող արդյունքներին համապատասխանող բոլոր ստեղծարար և նորարարական առաջարկները։

  • Աջակցություն միջսահմանային բիզնես համագործակցությանը (օրինակ՝ համատեղ նախաձեռնություն զբոսաշրջության, գյուղատնտեսական արտադրանքի արտահանման կամ տեխնոլոգիական ոլորտներում),
  • Երկխոսության ֆիզիկական կամ թվային հարթակների մշակում (օրինակ՝ երիտասարդական փոխանակումների համար երկլեզու առցանց հարթակ, Հայաստան-Թուրքիա սահմանակից համայնքներում մշակութային/երիտասարդական կենտրոնի ստեղծում, շրջիկ լուսանկարչական ցուցահանդես)։
  • Երկարաժամկետ համագործակցության ցանցերի ստեղծում (օրինակ՝ Հայաստանի և Թուրքիայի փոքր ու միջին ձեռնարկատերերին միավորող գործարար հարթակ, կանանց ձեռներեցության մենթորության ծրագիր կամ համատեղ բովանդակություն ստեղծող մեդիա նախաձեռնություն)։
  • Համայնքահեն լուծումների և նախաձեռնությունների խթանում (օրինակ՝ արհեստների տոնավաճառ սահմանակից համայնքներում, շրջակա միջավայրի պահպանության համատեղ նախաձեռնություն կամ երիտասարդների համար սպորտային մրցաշարեր)։

Համատեքստ

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները մտնում են նոր հնարավորությունների շրջան։ Վերջին տարիներին երկու երկրների միջև դիվանագիտական շփումները և տարածաշրջանային զարգացումները համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են ստեղծել։ Միևնույն ժամանակ, տասնամյակներ շարունակ փակ սահմանները, սահմանափակ շփումները, միմյանց մասին կարծրացած  պատկերացումները, պատմական տրավման և Ղարաբաղյան հակամարտության վերջին ցավալի զարգացումները շարունակում են ազդել փոխադարձ ընկալումների վրա և խոչընդոտում են հասարակությունների միջև վստահության ձևավորմանը։

Այս ծրագիրը նպատակ ունի նոր հնարավորությունները վերածել գործնական համագործակցության և կայուն կապերի։ 18 ամսվա ընթացքում ծրագիրը համախմբելու է Հայաստանի և Թուրքիայի գործարարներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, լրագրողներին, երիտասարդներին, արվեստագետներին, հետազոտողներին և այլ մասնագետներին՝ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ աշխատելու, նոր գործընկերություններ ձևավորելու և մարդկանց միջև կապերն ամրապնդելու նպատակով։

Ծրագիրը կառուցված է այն պարզ գաղափարի վրա, որ կայուն կարգավորումը պահանջում է ավելին, քան քաղաքական երկխոսությունը։ Այն նաև հիմնվում է մարդկանց, կազմակերպությունների և համայնքների միջև կանոնավոր փոխգործակցության վրա, որը կարող է ձևավորել ընդհանուր շահեր, խորացնել փոխըմբռնումը և ստեղծել շոշափելի օգուտներ երկու երկրների համար։

Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը Դրամաշնորհային մրցույթն է, որի միջոցով Կոնսորցիումը հնարավորություն է ստանում ներգրավել դերակատարների ավելի լայն շրջանակ՝ ծրագրի նպատակներին ու արդյունքներին հասնելու, ինչպես նաև ծրագրի ազդեցությունն ընդլայնելու համար։

Դրամաշնորհային մրցույթը հնարավորություն է տալիս արձագանքել ինչպես երկարաժամկետ համագործակցության կարիքներին, այնպես էլ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին, տարածաշրջանային համագործակցությանը և կապերի ամրապնդմանը նպաստող նոր հնարավորություններին։

Դրամաշնորհային մրցույթի ընդհանուր ֆոնդը կազմում է 455,000 եվրո։

Առաջարկվող նախագծերի բյուջեն կարող է կազմել 10,000-ից մինչև 60,000 եվրո, նախագծերի առավելագույն տևողությունը՝ 11 ամիս։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից կազմված Կոնսորցիումի կողմից, որի անդամները փոխլրացնող փորձառություն և մասնագիտական կարողություններ ունեն տնտեսական զարգացման, քաղաքականությունների ուսումնասիրության, քաղաքացիական հասարակության ներգրավման և երկխոսության խթանման ոլորտներում․

  • Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ)
  • Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ՀԱԳՄ)
  • Հրանտ Դինք հիմնադրամ (HDF)
  • Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ (TEPAV)

Համատեղելով իրենց փորձն ու կարողությունները՝ կոնսորցիումի անդամները նպատակ ունեն ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ, ամրապնդել միջսահմանային կապերը և նպաստել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կայուն կարգավորմանը։

Ծրագրի հիմնական չորս նպատակներն են.

  • Մշակել Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության հնարավորությունների փաստահեն տեսլական՝ նպաստելով երկու երկրների միջև երկարաժամկետ և փոխշահավետ տնտեսական գործընկերությունների ձևավորմանը։
  • Համախմբել և կարգավորման գործընթացում ներգրավել Հայաստանի և Թուրքիայի կարևոր դերակատարներին ու կառույցներին՝ տնտեսական և միջսահմանային համագործակցության զարգացման նպատակով։
  • Ներգրավել հասարակական կազմակերպություններին, երիտասարդական և կանանց խմբերին համատեղ նորարարական նախաձեռնություններում, որոնք նպաստում են փոխվստահության ամրապնդմանը և հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հանրային ընկալումների դրական փոփոխությանը։
  • Իրականացնել ռազմավարական հաղորդակցման և հանրայնացման  նախաձեռնություններ՝ որոշում կայացնողների, բիզնես համայնքի ներկայացուցիչների և քաղաքացիների շրջանում համագործակցության առավելությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով

Ովքեր կարող են դիմել

Մրցույթին կարող են դիմել Հայաստանում և Թուրքիայում գրանցված հասարակական կազմակերպությունները, հիմնադրամներն ու շահույթ չհետապնդող այլ կառույցներ։ Կոնսորցիումը կարող է դրամաշնորհ տրամադրել նաև առևտրային կազմակերպություններին (օրինակ՝ մեդիա կազմակերպություններ, բժշկական կենտրոններ, բիզնես խորհրդատվական ընկերություններ և այլն), եթե վերջիններիս կողմից ներկայացված առաջարկները նպաստում են ծրագրի նպատակներին և ակնկալվող արդյունքներին և չեն օգտագործվում բացառապես շահույթ ստանալու նպատակով։

Հայտատուները պետք է ունենան պաշտոնական գրանցում Հայաստանում կամ Թուրքիայում։ Նախապատվությունը կտրվի այն հայտերին, որոնք նախատեսում են Հայաստանի և Թուրքիայի կազմակերպությունների ու անհատների միջև գործընկերություն ու կապերի ստեղծում։

Առաջարկվող նախագծերի գործողությունները պետք է իրականացվեն Հայաստանում, Թուրքիայում կամ երկու երկրներում միաժամանակ։ Նախագծի իրագործման համար այլ վայրեր առաջարկելու դեպքում հայտատուները պետք է հիմնավորեն դրա անհրաժեշտությունը։

Ֆինանսավորման ենթակա ծախսեր

Դրամաշնորհի շրջանակում կարող են ֆինանսավորվել ծրագրի իրականացման հետ անմիջականորեն կապված հետևյալ ծախսերը․ (ա) ծրագրի անձնակազմի աշխատավարձեր (օրինակ՝ ծրագրի ղեկավար, համակարգող, հաշվապահ և այլն), տեղական և/կամ միջազգային փորձագետների հոնորարներ, (բ) հաղորդակցության ծախսեր (հեռախոսակապ, ինտերնետ և այլն), (գ) գործուղումների և ճանապարհորդությունների ծախսեր (տրանսպորտ, կեցություն, սնունդ, ճանապարհորդական ապահովագրություն և այլն), (դ) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ սահմանափակ քանակությամբ սարքավորումների, ծրագրային ապահովման և գրասենյակային պարագաների ձեռքբերում, (ե) հետազոտությունների, հարցումների, թարգմանությունների և հրապարակումների հետ կապված ծախսեր, (զ) միջոցառումների, հանդիպումների կամ համաժողովների անցկացման համար անհրաժեշտ տարածքների, թարգմանչական սարքավորումների և հարակից ծառայությունների վարձակալություն, (է) ծրագրի իրականացման հետ անմիջականորեն առնչվող այլ ծախսեր։

Համաֆինանսավորում

Մրցույթի շրջանակում հնարավոր է ստանալ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ամբողջ ֆինանսավորումը, սակայն մենք ողջունում ենք նաև այլ աղբյուրներից ֆինանսական աջակցության ներգրավումը։ Դրամաշնորհ կարող է տրամադրվել նաև այն նախագծերին, որոնք արդեն մեկնարկել են կամ պիտի մեկնարկեն մոտ ապագայում և ֆինանսավորվում են Եվրոպական միությունից անկախ այլ աղբյուրների կողմից։ Եթե ձեր հայտը վերաբերում է դեռևս չմեկնարկած նախագծի համաֆինանսավորմանը, ապա անհրաժեշտ է ա) հայտում նշել ֆինանսավորման մյուս հաստատված կամ ակնկալվող աղբյուրը, բ) հստակ ներկայացնել և հիմնավորվել այս մրցույթի շրջանակում ակնկալվող ֆինանսավորման աջակցության նպատակը, չափը և օգտագործման ուղղությունները, գ) ծրագրի իրականացման ընթացքում ապահովել Եվրոպական միության և Կոնսորցիումի տեսանելիությունը՝ որպես դոնոր։

Հայտերի ներկայացման և ընտրության գործընթացը

Դրամաշնորհային մրցույթը բաց է 2026 թվականի հունիսի 19-ից մինչև հուլիսի 30-ը։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետից առաջ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) կկազմակերպի առցանց տեղեկատվական հանդիպումներ՝ հետաքրքրված հայտատուների համար (տեղեկատվական հանդիպումներին մասնակցության պայմանները ներկայացված են «Մրցույթի հիմնական պայմանները» բաժնում)։

Տեղեկատվական հանդիպումների ընթացքում կներկայացվեն հայտերի մշակման և ներկայացման ընթացակարգերը և մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ պարզաբանումներ մրցույթի պայմանների, նախագծերի մշակման, բյուջետավորման և իրականացման գործընթացի վերաբերյալ։

ԵՀՀ աշխատակիցները կուսումնասիրեն հայտերը՝ ստուգելով դրանց համապատասխանությունը մրցույթի տեխնիկական պահանջներին (հայտի լեզու, հայտատուի համապատասխանություն, նախագծի տևողություն և իրականացման վայր, ակնկալվող ֆինանսավորման չափ, հայտադիմումի ամբողջականություն և այլն), ինչի արդյունքում հայտերը կա՛մ կմերժվեն, կա՛մ կանցնեն գնահատման հիմնական փուլ։

Հիմնական փուլում հայտերը կգնահատվեն Ընտրող հանձնաժողովի կողմից՝ ստորև ներկայացված գնահատման չափանիշներին համապատասխան։ Հանձնաժողովի կազմում կընդգրկվեն Կոնսորցիումի բոլոր անդամ կազմակերպությունների և Եվրոպական միության ներկայացուցիչները։

Անհրաժեշտության դեպքում Կոնսորցիումի անդամները կարող են համագործակցել ընտրված հայտատուների հետ՝ ծրագրային գաղափարները լրամշակելու և ավելի կենսունակ ու ազդեցիկ նախագծերի վերածելու նպատակով։

Գնահատման չափանիշները

Ներկայացված առաջարկները կգնահատվեն հետևյալ չափանիշների հիման վրա․

ա) Համապատասխանություն ծրագրի նպատակներին և ակնկալվող արդյունքներին (30 միավոր)․ որքանո՞վ է առաջարկվող նախագիծը նպաստում ծրագրի նպատակներին և ակնկալվող արդյունքներին։

Ուղղորդող հարցեր․

  • Արդյո՞ք նախագիծը համապատասխանում է սույն մրցույթի առաջնահերթություններին։
  • Արդյո՞ք նախագիծը նպաստում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի առաջմղմանը՝ տնտեսական համագործակցության, հանրային ներգրավվածության, երկխոսության և կամ փոխվստահության ամրապնդման միջոցով։
  • Արդյո՞ք նախագիծը նպաստում է ծրագրի ակնկալվող արդյունքներից առնվազն մեկի իրագործմանը։

բ) Միջսահմանային գործընկերության որակ և բովանդակություն (40 միավոր)․ որքանո՞վ է նախագիծը նպաստում Հայաստանի և Թուրքիայի  միջև բովանդակալից և արդյունավետ համագործակցության ձևավորմանը։

Ուղղորդող հարցեր․

  • Արդյո՞ք նախագծում ներգրավված են գործընկերներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Թուրքիայից։
  • Արդյո՞ք Հայաստանի և Թուրքիայի գործընկերները հավասարապես ներգրավված են ծրագրի պլանավորման, որոշումների կայացման և իրականացման գործընթացներում։
  • Արդյո՞ք առաջարկվող համագործակցությունը կարող է վերաճել ավելի կայուն գործընկերության ծրագրի ավարտից հետո։

գ) Կազմակերպական կարողություններ և իրագործելիություն (10 միավոր)․ որքանո՞վ է նախագիծը իրատեսական և իրագործելի։

Ուղղորդող հարցեր․

  • Արդյո՞ք դիմող կազմակերպությունն ունի բավարար տեխնիկական ռեսուրսներ ու կառավարման կարողություններ նախագիծն իրականացնելու համար
  • Արդյո՞ք առաջարկվող գործողություններն իրատեսական են նախատեսված ժամանակահատվածի և բյուջեի շրջանակում։
  • Արդյո՞ք դիմող կազմակերպության ծրագրային թիմն ունի նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ փորձն ու մասնագիտական գիտելիքները։

դ) Կանանց և երիտասարդների ներգրավվածություն և ներառական մոտեցում (10 միավոր)․ որքանո՞վ է նախագիծը խթանում ներառական մոտեցումը և վերը նշված խմբերի ակտիվ մասնակցությունը։

Ուղղորդող հարցեր․

  • Նախագիծն ապահովո՞ւմ է արդյոք կանանց և/կամ երիտասարդների ակտիվ ու բովանդակալից մասնակցությունը։
  • Համապատասխան դեպքերում՝ նախատեսո՞ւմ է արդյոք նախագիծը խոցելի, թերներկայացված կամ հեռավոր համայնքներում բնակվող մարդկանց ներգրավում։
  • Արդյո՞ք ներառական մոտեցումը հաշվի է առնված նախագծի ամբողջ ընթացքում, այլ ոչ թե սահմանափակվում է առանձին գործողություններով։

ե) Կայունություն և երկարաժամկետ ազդեցություն (10 միավոր). որքա՞ն է հավանական, որ նախագիծը կունենա երկարաժամկետ ազդեցություն դրամաշնորհային աջակցության ավարտից հետո։

Ուղղորդող հարցեր․

  • Ի՞նչ քայլեր եք նախատեսում նախագծի արդյունքների պահպանման և հետագա զարգացման համար նախագծի ավարտից հետո։
  • Արդյո՞ք նախագիծը նպաստում է երկարաժամկետ գործընկերությունների, համագործակցության ցանցերի ու մեխանիզմների կամ ինստիտուցիոնալ կապերի ձևավորմանը
  • Արդյո՞ք տեղական գործընկերներն ու շահառուները պատրաստ են շարունակել, պահպանել և զարգացնել ծրագրի ձեռքբերումները։

Դրամաշնորհի տրամադրմանը նախորդող և հաջորդող գործընթացներ

Ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կայացնելուց մինչև ընտրված նախագծերի մեկնարկը կարող է տևել մինչև մեկ ամիս։

ԵՀՀ աշխատակիցները ընտրված կազմակերպությունների հետ կանցկացնեն առցանց կամ դեմ առ դեմ հարցազրույցներ (Pre-award Interview)՝ գնահատելու կազմակերպության կարողությունները և բացահայտելու նախագծի արդյունավետ իրականացման և ֆինանսական կառավարման հնարավոր ռիսկերը։

Եթե հարցազրույցի ընթացքում պարզվի, որ հայտատուն չունի նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ կարողություններ կամ ռեսուրսներ, ֆինանսավորման վերաբերյալ որոշումը կարող է վերանայվել։

Ընտրված կազմակերպությունները պարտադիր պետք է մասնակցեն նաև ԵՀՀ-ի կողմից կազմակերպվող Դրամաշնորհների կառավարման սեմինարին (Grants Management Seminar) ։ Սեմինարի ընթացքում կներկայացվեն դրամաշնորհային ծրագրի ֆինանսական կառավարման, հաշվետվությունների ներկայացման, տեսանելիության, գնումների, հաղորդակցության հետ կապված ծրագրի հիմնական պահանջները։

Գնահատման գործընթացի վերջնական փուլում ընտրված կազմակերպությունները ԵՀՀ-ի հետ կստորագրեն դրամաշնորհային պայմանագիր։

Նախագծի իրականացման ողջ ընթացքում կազմակերպությունները պարբերաբար պետք է ներկայացնեն ծրագրային և ֆինանսական հաշվետվություններ։ Դրամաշնորհային միջոցները կարող են տրամադրվել մի քանի փուլով՝ հաշվի առնելով ծրագրով նախատեսված գործողությունների պատշաճ իրականացումը, առաջընթացը և ներկայացված հաշվետվությունների որակը։ ԵՀՀ-ն և Կոնսորցիումի մյուս անդամները կարող են իրականացնել մոնիթորինգային այցեր, առցանց հանդիպումներ կամ հարցազրույցներ՝ նախագծերի իրականացման ընթացքը գնահատելու նպատակով։

Դրամաշնորհային նախագծերը կընդգրկվեն ծրագրի արտաքին գնահատման գործընթացում, ուստի կազմակերպությունները պետք է համագործակցեն գնահատումն իրականացնող փորձագետների հետ։ Բացի այդ, դրամաշնորհ ստացած կազմակերպությունները պետք է իրենց բյուջեներում նախատեսեն արտաքին ֆինանսական աուդիտի համար անհրաժեշտ ծախսերը։

Դրամաշնորհի կառավարման և մոնիթորինգի գործընթացից բացի, ԵՀՀ-ն և Կոնսորցիումի գործընկերները կաջակցեն դրամաշնորհառուներին մասնագիտական կապերի և համագործակցությունների զարգացման հարցերում, ինչպես նաև խորհրդատվություն կտրամադրեն ծրագրի շուրջ հանրային իրազեկման և հաղորդակցման վերաբերյալ։

ԵՀՀ-ն դրամաշնորհառուներին կընդգրկի իր տվյալների շտեմարանում՝ ծրագրի շրջանակում առկա նորությունների, հնարավորությունների և կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մասին տեղեկացնելու նպատակով։

Նախագծերի հանրայնացում և հաղորդակցություն 

ԵՀՀ-ն և Կոնսորցիումի մյուս անդամները կաջակցեն դրամաշնորհառուներին նախագծերի հանրայնացման և հաղորդակցության հարցերում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր նախագծի առանձնահատկությունները։

Որպես կանոն, դրամաշնորհառուները պետք է նշեն, որ իրենց նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Եթե Կոնսորցիումի կամ Եվրոպական միության կողմից այլ ցուցումներ չեն տրամադրվել, դրամաշնորհառուները պարտավոր են պահպանել Եվրոպական միության կողմից սահմանված հանրային հաղորդակցության և տեսանելիության պահանջները, որոնք ներկայացված են այս ուղեցույցում` Communicating and raising EU visibility: Guidance for external actions - 2022։

Դիմումի ներկայացման հիմնական պայմաններ

  • Տեղեկատվական հանդիպում Հայաստանի հայտատուների համար՝  հունիսի 29, 2026թ․
  • Տեղեկատվական հանդիպում Թուրքիայի հայտատուների համար՝ հունիսի 30, 2026թ․
  • Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ հուլիսի 30, 2026թ․
  •  Գնահատման գործընթացը՝ 2026 թվականի օգոստոս - սեպտեմբեր
  • Նախագծերի ակնկալվող մեկնարկը՝ հոկտեմբերի 1, 2026թ․
  • Նախագծերի ավարտը՝ 2027 օգոստոսի 31-ը ներառյալ
  • Ներկայացվող առաջարկի բյուջեն՝ 10,000 - 60,000 եվրո
  • Հայտի լեզուն՝ անգլերեն [font/size: Times New Roman/12; line spacing: single; body text: left aligned.] 

Ուշադրություն․ Առցանց տեղեկատվական հանդիպմանը մասնակցելու համար հետաքրքրված կազմակերպությունները պետք է նախապես գրանցվեն՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին։ Գրանցված մասնակիցներին ԵՀՀ-ն պատասխան նամակով կտրամադրի Zoom հարթակի հղումը։

Հայտերի ներկայացման կարգը

Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․

  1. Ծրագրային առաջարկ՝ համաձայն Հավելված 1-ում ներկայացված հայտի ձևի (Annex 1: Proposal Form) ։
  2. Ծրագրի բյուջե և բյուջեի հիմնավորում՝ համաձայն Հավելված 2-ում ներկայացված ձևի (Annex 2: Budget)։
  3. Ծրագրային թիմի հիմնական անդամների ինքնակենսագրականները (CV)։
  4. Կազմակերպության պետական գրանցման վկայականը։
  5. Կազմակերպության կանոնադրություն։
  6. [ըստ ցանկության] Լրացուցիչ փաստաթղթեր կամ նյութեր, որոնք հիմնավորում կամ ներկայացնում են կազմակերպության/թիմի նախորդ փորձը։

Գնահատման գործընթացը հաջողությամբ հաղթահարած և ֆինանսավորման համար ընտրված հայտատուները պիտի ներկայացնեն նաև հետևյալ փաստաթղթերը․

  1. Տեղեկանք՝ հարկային պարտավորությունների բացակայության վերաբերյալ
  2. Դրամաշնորհի կառավարման հարցաթերթիկ (Grants Management Questionnaire), որը կտրամադրվի ԵՀՀ-ի կողմից
  3. Բանկի կողմից տրամադրված տեղեկանք կազմակերպության բանկային հաշիվների վերաբերյալ (Հայաստանում՝ ՀՀ դրամով և եվրոյով, Թուրքիայում՝ լիրայով և եվրոյով)։

Հայտադիմումը և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն առցանց՝ հետևյալ հղումով:

Հարցերի դեպքում հայաստանյան հայտատուները կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ Թուրքիայի հայտատուները՝ [email protected] էլեկտրոնային հասցեին։

***

Սույն հայտարարությունը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։ Հայտարարության բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության տեսակետների հետ: