Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում (Ապրիլ 2026 – Սեպտեմբեր 2027)

 

Arm_Turk_2pager

Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․
միջսահմանային կապերի ամրապնդում

Ապրիլ 2026 – Սեպտեմբեր 2027

 

Կամուրջներ՝ համագործակցության միջոցով

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները մտնում են նոր հնարավորությունների շրջան։ Վերջին տարիներին երկու երկրների միջև դիվանագիտական շփումները և տարածաշրջանային զարգացումները համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններ են ստեղծել։ Միևնույն ժամանակ, տասնամյակներ շարունակ փակ սահմանները, սահմանափակ շփումները, միմյանց մասին կարծրացած  պատկերացումները, պատմական տրավման և Ղարաբաղյան հակամարտության վերջին ցավալի զարգացումները շարունակում են ազդել փոխադարձ ընկալումների վրա և խոչընդոտում են հասարակությունների միջև վստահության ձևավորմանը։

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագիրը նպատակ ունի վերածել այս նոր հնարավորությունները գործնական համագործակցության և կայուն կապերի։ 18 ամսվա ընթացքում ծրագիրը համախմբելու է Հայաստանի և Թուրքիայի գործարարներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, լրագրողներին, երիտասարդներին, արվեստագետներին, հետազոտողներին և այլ մասնագետներին՝ ընդհանուր հետաքրքրությունների շուրջ աշխատելու, նոր գործընկերություններ ձևավորելու և մարդկանց միջև կապերն ամրապնդելու նպատակով։

Ծրագիրը հիմնված է այն պարզ գաղափարի վրա, որ կայուն կարգավորումը պահանջում է ավելին, քան քաղաքական երկխոսությունը։ Այն նաև հիմնվում է մարդկանց, կազմակերպությունների և համայնքների միջև կանոնավոր փոխգործակցության վրա, որը կարող է ձևավորել ընդհանուր շահեր, խորացնել փոխըմբռնումը և ստեղծել շոշափելի օգուտներ երկու երկրների համար։

Ինչո՞ւ է սա կարևոր

Հայաստանի և Թուրքիայի միջև տնտեսական և հասարակական կապերը զարգանալու ավելի մեծ ներուժ ունեն, սակայն չկարգավորված հարաբերությունները խոչընդոտում են այդ ներուժի բացահայտմանը։ Գործարար շրջանակները սակավ հնարավորություններ ունեն նոր շուկաներ ուսումնասիրելու և նոր գործընկերություններ ձևավորելու համար։ Երիտասարդներն ու տարբեր ոլորտների մասնագետները հազվադեպ են առիթ ունենում անմիջական շփումներ հաստատել սահմանի մյուս կողմում գտնվող իրենց գործընկերների հետ։ Արդյունքում, փոխադարձ ընկալումները հաճախ ձևավորվում են կարծրատիպերի և միմյանց մասին սահմանափակ տեղեկացվածության ազդեցության ներքո։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային կապակցվածության, առևտրի, զբոսաշրջության և մասնագիտական համագործակցության նկատմամբ աճող հետաքրքրությունը նոր հեռանկարներ  է ստեղծում փոխգործակցության համար։  Գործարար, մասնագիտական և հասարակական կապերի զարգացման միջոցով ծրագիրը ձգտում է նպաստել այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ համագործակցությունն ու երկխոսությունը գերակայում են բաժանարար գծերին, փոխադարձ վստահությունն աստիճանաբար վերականգնվում է, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը լայն աջակցություն է ստանում երկու հասարակությունների կողմից։

Ինչպե՞ս ենք դա իրականացնելու

Աջակցելով տնտեսական համագործակցությանը․ Ծրագրի առանցքում տնտեսական համագործակցությունն է։ Ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունները կօգնեն բացահայտել փոխշահավետ համագործակցության հնարավորությունները՝ հատկապես զբոսաշրջության և այլ բիզնես  ոլորտներում։ Հետազոտությունները, փորձագիտական երկխոսությունը և գործարար շրջանակների ներգրավումը շահագրգիռ կողմերին կօգնեն ավելի լավ հասկանալ, թե համագործակցությունը որ ոլորտներում կարող է արժեք ստեղծել և ինչպես կարելի է հաղթահարել առկա խոչընդոտները։

Միավորելով գործարարներին և մասնագետներին․ Ծրագիրը հնարավորություն կստեղծի Հայաստանի և Թուրքիայի ձեռնարկատերերի, ոլորտային ներկայացուցիչների, փորձագետների համար հանդիպելու, գաղափարներ փոխանակելու և նոր գործընկերություններ ձևավորելու։ Ոլորտային հանդիպումները, ցանցային միջոցառումները, փորձագիտական աշխատանքային խմբերը և համագործակցության հարթակները կնպաստեն, որպեսզի ձևավորված կապերը վերածվեն կայուն մասնագիտական հարաբերությունների։

Ամրապնդելով մարդկանց միջև կապերը․ Վստահության ձևավորումը պահանջում է բովանդակալից շփումներ։ Երիտասարդական փոխանակումները, լրագրողների երկխոսության ծրագրերը, մշակութային նախաձեռնությունները, կրթաթոշակային ծրագրերը և փոխայցելության հնարավորությունները մասնակիցներին հնարավորություն կտան անմիջականորեն ծանոթանալ հարևան երկրին, ընդլայնել իրենց մասնագիտական և անձնական կապերը և ավելի խորությամբ ճանաչել միմյանց։

Աջակցելով հայ-թուրքական համատեղ նախաձեռնություններին․ Ծրագիրը ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանի և Թուրքիայի կազմակերպությունների ու խմբերի կողմից մշակված համատեղ նախաձեռնություններին,  որոնք հնարավորություն կտան  միավորել գործարարներին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, մեդիայի ներկայացուցիչներին, հետազոտողներին և այլ մասնագետների, որոնք հետաքրքրված են միջսահմանային համագործակցության գործնական ձևերի զարգացմամբ։

Ի՞նչ փոփոխություններ ենք ակնկալում

Ծրագիրը միտված է ստեղծելու նախադրյալներ երկարաժամկետ մասնագիտական համագործակցության համար՝ խթանելով նոր գործընկերությունների ձևավորումը, կազմակերպությունների և գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը, ինչպես նաև տարբեր ոլորտների դերակատարների և հասարակական խմբերի միջև երկխոսության և համատեղ նախաձեռնությունների ընդլայնումը։ Ծրագիրը  նպատակ ունի նաև բարձրացնել համագործակցության հնարավորությունների և փոխադարձ օգուտների վերաբերյալ իրազեկվածությունը, խթանել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ ավելի տեղեկացված և կառուցողական հանրային քննարկումները, ինչպես նաև նպաստել հարաբերությունների կարգավորմանն աջակցող առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն ու խորքային վերափոխումը երկարաժամկետ գործընթաց է , սակայն յուրաքանչյուր նոր գործընկերություն, մասնագիտական կապ,համատեղ նախաձեռնություն կարող է նպաստել համագործակցային մշակույթի և ավելի կայու տարածաշրջանային ապագայի ստեղծմանը։

Ովքե՞ր են ներգրավված

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի և Թուրքիայի չորս կազմակերպություններից կազմված Կոնսորցիումի կողմից, որի անդամներն ունեն փոխլրացնող փորձառություն տնտեսական զարգացման, քաղաքականությունների հետազոտության, քաղաքացիական հասարակության ներգրավման և երկխոսության խթանման ոլորտներում.

  • Եվրասիա համագործակցություն հիմնադրամ (ԵՀՀ) – ծրագրի ընդհանուր համակարգում, քաղաքացիական հասարակության ներգրավում, մեդիայի հետ համագործակցություն և հաղորդակցման գործունեություն։
  • Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (ՀԱԳՄ) – գործարար շրջանակների ներգրավում և մասնավոր հատվածի համագործակցության խթանում։
  • Հրանտ Դինք հիմնադրամ (HDF) – կրթաթոշակային և շարժունության ծրագրեր, երկխոսության նախաձեռնություններ և մարդկանց միջև կապերի ամրապնդում։
  • Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամ (TEPAV) – տնտեսական հետազոտություններ, քաղաքականությունների վերլուծություն և շահագրգիռ կողմերի ներգրավում։

Համատեղելով իրենց փորձառությունն ու կարողությունները՝ նշված կազմակերպությունները նպատակ ունեն աջակցել գործնական շփումների  և ավելի ամուր միջսահմանային կապերի ձևավորմանը, որոնք կնպաստեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների երկարաժամկետ կարգավորմանը։

Հետևեք ծրագրին

Ծրագրի նորություններին, համագործակցության հնարավորություններին և առաջիկա նախաձեռնություններին տեղեկանալու համար հետևեք Կոնսորցիումի գործընկեր կազմակերպությունների կայքերին և սոցիալական մեդիայի էջերին։

*Տեքստի թուրքերեն տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ավելին