Բաց կանչ. «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով»

«Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպությունը (Anadolu Kültür, Թուրքիա) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) համատեղ իրականացնում են «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» նախագիծը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։

Նախագծի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդներին համախմբել ընդհանուր մշակութային ժառանգության ուսումնասիրության շուրջ՝ խթանելով միջսահմանային երկխոսությունն ու ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։ Ծրագրի առանցքում Կարսն ու Գյումրին են՝ երկու հարևան քաղաքներ, որոնց հարուստ պատմամշակութային ժառանգությունը կարող է միավորել հայ և թուրք երիտասարդներին՝ համատեղ ստեղծագործական աշխատանքի և փոխադարձ շփումների շուրջ։

Ծրագրի շրջանակում Հայաստանից և Թուրքիայից ընտրված երիտասարդները նախ մասնագիտական դասընթացների միջոցով կծանոթանան մշակութային ժառանգության ուսումնասիրման և դրա հիման վրա պատումներ ստեղծելու մեթոդներին։ Այնուհետև նրանք կայցելեն Կարս և Գյումրի, որտեղ դաշտային ուսումնասիրություններ կիրականացնեն քաղաքի պատմամշակութային վայրերում։

Համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդները կստեղծեն Կարսի և Գյումրու մշակութային ժառանգության մասին բարձրորակ բովանդակություն, որը կարող է հիմք դառնալ մշակութային ժառանգության թվայնացման, պահպանման և հանրահռչակման հետագա նախաձեռնությունների համար։

Ծրագրի շնորհիվ մասնակիցները ոչ միայն կընդլայնեն իրենց գիտելիքները մշակութային ժառանգության ոլորտում, այլև ձեռք կբերեն հետազոտական աշխատանքի, թիմային համագործակցության, միջմշակութային հաղորդակցության և երկխոսության, պատմություններ ներկայացնելու (storytelling) ու թվային բովանդակություն ստեղծելու գործնական հմտություններ։

 

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2026 թ. հունիս-2027 թ. մայիս

Ծրագրի մանրամասն ժամանակացույցը կտրամադրվի ընտրված մասնակիցներին մինչև ծրագրի մեկնարկը։

Ի՞նչ է առաջարկում ծրագիրը

  • մշակութային ժառանգության ուսումնասիրության, փաստագրման և պատմությունների ներկայացման (storytelling) մեթոդների վերաբերյալ մասնագիտական դասընթացներ
  • հայ-թուրքական խառը թիմերով դաշտային ուսումնասիրություններ Կարսի և Գյումրու պատմամշակութային ժառանգության վայրերում
  • արխիվային նյութերի և դաշտային ուսումնասիրությունների հիման վրա մշակութային ժառանգությանը վերաբերող պատումների և բովանդակության մշակում
  • փորձագետների խորհրդատվություն, բովանդակության խմբագրում և կատարելագործում մասնագետների կողմից 
  • առցանց հանդիպումներ և համատեղ աշխատանքային քննարկումներ ողջ ծրագրի ընթացքում 

Ի՞նչ կստանան մասնակիցները

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան՝

  • համագործակցել Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների հետ,
  • սովորել մշակութային ժառանգության ոլորտի և հարակից մասնագիտությունների առաջատար փորձագետներից,
  • ձեռք բերել գործնական հմտություններ մշակութային ժառանգության ուսումնասիրության, փաստագրման և դրա հիման վրա բովանդակության մշակելու ոլորտում,
  • զարգացնել միջմշակութային հաղորդակցության և երկխոսության, թիմային աշխատանքի և հետազոտական գործունեության հմտությունները
  • դառնալ միջազգային ծրագրի մի մասը և նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև մարդկային կապերի ամրապնդմանը 

Ո՞վ կարող է դիմել

Ծրագիրը նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են ընդհանուր մշակութային ժառանգությամբ և ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել, համագործակցել ու ստեղծագործել բազմամշակութային միջավայրում։

Ծրագրին կարող եք դիմել, եթե՝

  • 18-30 տարեկան եք
  • բնակվում եք Հայաստանում կամ Թուրքիայում
  • բավարար մակարդակով տիրապետում եք անգլերենին (ծրագրի աշխատանքային լեզուն է անգլերեն է)
  • հետաքրքրված եք մշակութային ժառանգությամբ, հետազոտական աշխատանքով, միջմշակութային երկխոսությամբ կամ հարակից ոլորտներով
  • պատրաստ եք ծրագրի ողջ ընթացքում ակտիվորեն ներգրավվեԼ հիմնական միջոցառումներին և աշխատանքներին

Ցանկալի փորձ և հմտություններ

Ստորև նշված ոլորտներում նախկին փորձը պարտադիր չէ, սակայն կարող է առավելություն համարվել մասնակիցների ընտրության ընթացքում.

  • մասնակցություն մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման կամ հանրահռչակման ծրագրերին,
  • տեղական պատմությունների ուսումնասիրություն կամ հետազոտություն
  • մասնակցություն երիտասարդական ծրագրերի կամ նախաձեռնությունների
  • կամավորական գործունեություն
  • ներգրավվածություն քաղաքացիական հասարակության նախաձեռնություններում
  • պատմություններ ստեղծելու և ներկայացնելու (storytelling) հմտություններ
  • թվային բովանդակության ստեղծման փորձ կամ հմտություններ
  • լուսանկարչության, տեսանկարահանման, տեսանյութերի պատրաստման մեդիայի այլ ձևերի հետ աշխատելու փորձ
  • կրթություն կամ աշխատանքային փորձ ճարտարապետության, քաղաքաշինության, պատմության, հնագիտության, արվեստի պատմության կամ հարակից ոլորտներում։

Հայտերի գնահատման և ընտրության գործընթացը

Հայտերը կգնահատվեն Անադոլու Քուլթուրի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրային թիմերի կողմից։ Ընտրության ընթացքում կգնահատվեն՝

  • ծրագրին մասնակցելու մոտիվացիան
  • հետաքրքրվածությունը ընդհանուր մշակութային ժառանգության թեմայով
  • հետազոտական աշխատանքի և թիմային համագործակցության  պատրաստակամությունը
  • ծրագրի շրջանակում նախաձեռնողականություն ցուցաբերելու պատրաստակամությունը
  • ծրագրի բոլոր փուլերին մասնակցելու պատրաստակամությունը։

Մասնակիցների վերջնական կազմը ձևավորելիս հաշվի կառնվեն նաև՝

  • գենդերային հավասարակշռությունը
  • Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքների/մարզերի/շրջանների ներկայացվածությունը
  • մասնակիցների կրթական և մասնագիտական բազմազանությունը
  • ներառականության և հավասար հնարավորությունների սկզբունքները

Անհրաժեշտության դեպքում նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ կանցկացվի կարճ առցանց հարցազրույց։

Կարևոր է իմանալ

Ծրագրի շրջանակում մասնակիցների տեղափոխման, կեցության և այլ ծախսերը հոգում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Անադոլու Քուլթուր ՀԿ-ն։

Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի մասնակցության հավաստագիր։

Դիմելու կարգը

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 30-ն է։

 

***

«Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։