Արժեքները մեզանում | Գևորգ Տեր-Գաբրիելյան
Բուն TV-ի և Koghb Foundation-ի համագործակցության շրջանակներում «Արժեբանություն» շարքում ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը կարդում է «Արժեքները մեզանում» դասախոսությունը։
Արժեք հասկացության հիմքն այն է, որ մարդիկ ու կենդանիները տարբերակելու ունակության շնորհիվ կշռում և հարաբերության մեջ են դնում մի բանը (logos) մյուսի հետ՝ գերադասելով դրանցից մեկը: Այս գործողության արդյունքում և ձևավորվում են արժեքների հարաբերություններն ու արժեքային համակարգերը:
Տվյալ գործողությունը գտնվում է որոշակի ազդեցությունների տակ՝ գենետիկ ազդեցություն, միջավայրի ազդեցություն, էպիգենետիկ ազդեցություն:
Տարբեր երևույթներ հասկանալով դիտարկելու դեպքում հնարավոր է մտնել մտագործունեության դաշտ:
Արժեք ստեղծելու առաջին քայլը, գործողությունը՝ «մտաջիկոնը», մի գործիք է, որը թույլ է տալիս օգտագործել արդեն ընկալված բաներն ուրիշ դեպքերում: Մտաջիկոնի օրինակներ են տիպաբանությունը, ասոցիացիան, անալոգիան, փոխաբերությունները, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում հասկանալ՝ ինչ ընդհանրություններ ունեն տարբեր երևույթներ:
***
Մտագործունեությունը, նախ և առաջ, էմոցիա է, արժեք, որը գերադասելի է մյուս բոլոր արժեքներից:
Հարացույցը (պարադիգմ) իրար հետ որոշակի սկզբունքներով կապված մի քանի բան է. այն ամենակարևոր ու ամենաբարդ մտաջիկոններից մեկն է: Հարացույցների ամենահետաքրքիր հատկանիշներից մեկն անտրամաբանությունն է, որի պատճառով դրանք երբեմն քանդվում ու փոփոխությունների են ենթարկվում:
Հարացույցը շատ ուժեղ ու տարօրինակ հարաբերության մեջ է «համակարգ» հասկացության հետ. այս երկու հասկացությունները նմանություններ ու կապեր ունեն: Մի շարք մշակույթներում համակարգը մի շատ կարևոր սկզբունքային, գենետիկ և էպիգենետիկ գործոն է. այն մշակությները, որոնք փորձում են ամեն ինչ համակարգել, հակված են հավատալ դավադրության տեսությանը և պատճառահետևանքային կապեր գտնել ամենատարբեր երևույթների և իրադարձությունների միջև: Սրա հակառակ մոտեցումը մի փոփոխականն անկախ պատկերացնելու ունակությունն է, որը բարդ, բայց նաև օգտակար հատկանիշ է:
***
Հրանտ Մաթևոսյանի կարծիքով՝ բառն օգտագործելիս պետք է պատկերացնել դրա բոլոր նախորդ և հաջորդ, բոլոր հնարավոր գործածությունները: Այս կերպ հեշտանում է գրականության բոլոր ժանրերի, այդ թվում՝ փիլիսոփայական տեքստերի, աշխատությունների վերլուծությունը և ընկալումը:
***
Որևէ բանի մասին պատկերացում, կարծիք կազմելու համար պետք է քանդել այդ կարծիքը, որը կարելի է համեմատել «կարծր», «կարծրատիպ» հակացությունների հետ: