Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները | Առաջին շրջան. խռովք և ընդվզում (մաս 2). Գևորգ Տեր-Գաբրիելյան
Բուն TV-ն շարունակում է «Գիտական ֆանտաստիկան և Ստրուգացկի եղբայրները. Ժանրի առաջացումը» շարքը։ Եթերում է արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը՝ մենախոսական ձևաչափով։
Գիտական ֆանտաստիկայի ժանրն իր լավագույն դրսևորումներում շատ հեռու գնաց տեխնոլոգիական որևէ հայտնագործություն գրական գործի հիմք դարձնելու իր սկզբնական մոտեցումից: Գիտական ֆանտաստիկան շատ մեծ նշանակություն ունի պատանիների ու երիտասարդների համար. այն այնպիսի արքետիպեր է տալիս, որոնք մարդը հետագայում կրում է որպես իր արժեքային համակարգի մի մաս:
Գիտական ֆանտաստիկան նաև ֆուտուրիստական դրսևորում ունի, որովհետև փորձում է քննարկել այն մոդելները, թե ինչ է սպասվում մարդկությանն ապագայում: Ապագան քննարկելն այս ժանրի շատ կարևոր հատկանիշներից է: Ժանրն անմիջականորեն առնչվում է ուտոպիստկան և հակաուտոպիստական ժանրերի գրականությանը:
Ստրուգացկի եղբայրներից մեկը ճապոնագետ էր, մյուսը՝ աստղագետ: Արկադին և Բորիսը շատ ծանր կյանք են ունեցել՝ փոքր ժամանակվանից ընկնելով լենինգրադյան բլոկադայի մեջ:
Եղբայրների առաջին գործերը՝ «Բոսորագույն ամպերի երկիրը», «Ճանապարհ դեպի Ամալտեան», «Ուսնակները», «Կեսօր, 22-րդ դար», գրվել են 1952 թվականից սկսած: Այս գործերում ներկայացված է 20-րդ դարի վերջից մինչև 22-րդ դարը, երբ կոմունիզմն արդեն լրիվությամբ հաղթանակել է. պատկերվում է կոմունիզմի աշխարհը: Աստղերից վերադարձի թեման շատ տարածված է: Էյնշտեյնյան պարադոքսի պատճառով մարդիկ տիեզերքից վերադառնում են խոր ապագայի Երկիր: Ի տարբերություն Ստանիսլավ Լեմի, Ստրուգացկիների գործում ներկայացվում է` ինչպես է մարդն ադապտացվում հեռու ապագային, որովհետև կոմունիստական հոգեբանություն ունեցող մարդիկ, նույնիսկ եթե վերադառնում են հեռու ապագա, չեն կարող լրիվությամբ պարտվող լինել և, այս կամ այն կոմպրոմիսների գնալով, նրանք սկսում են եղած հասարակարգում, որն իրենց նկատմամբ բարյացակամ է տրամադրված, բայց շատ չի օգնում, նոր տեղ բացել իրենց համար:
Այս անամպ կոմունիստական աշխարհն այլևս անամպ չէ, որովհետև դու պիտի քեզ համար տեղ գտնես նույնիսկ կոմունիստական աշխարհում: Հասարակությունը կարող է բարյացակամ տրամադրված լինել, սակայն դու պետք է մեկ այլ բան դառնաս: Օրինակ, տիեզերագնացներից մեկը բարձրակարգ լրագրող կամ գիտահանրամատչելի գործեր գրող է դառնում, որովհետև նա երեխայի հայացքով է տեսնում այդ նոր հրաշքները, որոնց մասին տեղյակ չէր մինչև վերադառնալը, և լավ գրականություն է ստեղծում պատանիների համար: