Հայտարարություն տարածքային զարգացման ու քաղաքային պլանավորման ոլորտներում արմատական բարեփոխումների անհրաժեշտության մասին

Edkanyan_photo_Yerevan_view

Լուսանկարը՝ Էդուարդ Քանքանյանի

Հայտարարության աղբյուրը՝ https://transparency.am/ 

2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական հեղափոխությունը ավտոկրատ և կոռումպացված իշխանությունների ապօրինությունների դեմ հանրային ընդվզման գագաթնակետն էր։ Հեղափոխությանը հաջորդած շրջանում նոր իշխանությունները նախաձեռնեցին բարեփոխումներ բազմաթիվ ոլորտներում՝ նպատակ ունենալով շտկել իրավիճակը և մեղմել տարիներով ձևավորված սոցիալական անարդարությունը։ Չնայած, որ հասարակության դժգոհությունների կիզակետում տարիներ շարունակ եղել են քաղաքաշինական խնդիրները, պատմամշակության ժառանգության և հանրային տարածքների ոչնչացման հարցերը, ներկայում դրանք անտեսված են ներկա կառավարության կողմից։

Տարածքային զարգացման ու քաղաքային պլանավորման ոլորտում փոփոխություններ տեղի չեն ունենում: Որոշ դրական քայլեր, ինչպես՝ Ազատության հրապարակի այգու կառույցների մասնակի ապամոնտաժումը, տարերային են, անկանոն և հիմքում չունեն կոնկրետ քաղաքականություն: Հիմնականում շարունակվում են նախկին արատավոր երևույթները (այդ թվում՝ ապօրինի շինարարություն), հատկապես՝ Երևան քաղաքում, իսկ որոշ առումներով (օրինակ՝ համալիր պետական քաղաքաշինական փորձաքննության ինստիտուտի ներմուծումը) նկատվում է էական հետընթաց: Խիստ մտահոգիչ են քաղաքաշինության, շինթուլտվությունների տրամադրման, տարածական պլանավորման, ժառանգության պահպանության, հողային և ջրային ոլորտային քաղաքականություններում առկա որոշումների կայացման գործընթացները, դրանց թափանցիկության ու ներառականության բացակայությունը։ Անտեսվում են կենսագործունեության միջավայրի փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկման և քննարկումների վերաբերյալ իրավական պահանջները։

Հարկ է արձանագրել, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ նոր կառավարության օրոք քանդվել է Արամի 23 հասցեում գտնվող Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը և շարունակում է ոչնչացման եզրին գտնվել Արամի 9 հասցեում գտնվող Արամ Մանուկյանի տունը, Հայպետհրատի շենքը, որոնք հանդիսանում են պետության կողմից պահպանվող հուշարձաններ: Վտանգված են բազմաթիվ շինություններ և տարածքներ, որոնք պետք է ձեռք բերեին պատմամշակութային հուշարձանների կարգավիճակ և հանդիսանային մեր ժառանգության մաս, ինչպես օրինակ թիվ 33 (Ֆիրդուսի) թաղամասը և Դալմայի այգիները։ Վերջնականապես քանդվել է Խորենացու 13 հասցեում գտնվող Լուսավորության նախկին նախարարության շենքը:

Իրավիճակը հատկապես լրջացել է, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում որոշվել է թույլատրել մի շարք գործունեության տեսակներ, այդ թվում՝ շինարարություն։ Այն պայմաններում, երբ արգելված են հավաքները և նման տվյալ ձևաչափով արտահայտվող միջոցառումները, կառուցապատողների համար ստեղծված է բարենպաստ իրավիճակ՝ անարգել և ազատորեն իրականացնելու ապօրինի աշխատանքներ։  

Կարևորելով հանդերձ տնտեսական զարգացման անհրաժեշտությունը՝ կոչ ենք անում ինչպես ՀՀ կառավարությանը, այնպես էլ՝ Երևանի քաղաքապետարանին և այլ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ վերանայել իրենց մոտեցումները և շուտափույթ կարգով ձեռնարկել արմատական բարեփոխումներ տարածքային զարգացման ու քաղաքային պլանավորման ոլորտներում։

Կետային և միջավայրից կտրված անկանոն կառուցապատումը քաղաքաշինություն չէ, այլ ոլորտի ոչ պրոֆեսիոնալ ու վտանգավոր կառավարում։ Անհրաժեշտ է անհապաղ դուրս գալ արատավոր շրջանից և շուտափույթ կերպով նախաձեռնել կարճաժամկետ և երկարաժամկետ՝ շոշափելի արդյունք ապահովող փոփոխություններ։ 

Կարճաժամկետ անհրաժեշտ է՝

  • ապահովել կենսագործունեության միջավայրի փոփոխությունների վերաբերյալ հանրային իրազեկման և քննարկումների իրականացումը․ արտակարգ դրության պայմաններում կառուցապատողները պետք է ջանքեր ներդնեն շահագրգիռ հանրության իրազեկման և քննարկումների առցանց հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ․
  • ապահովել առավելագույն մասնակցային մոտեցում տրամադրվող թույլտվությունների գործընթացներում, խորքային առումով վարչական անհատական սուբյեկտիվ որոշումների կայացումից անցում կատարել դեպի տարածական պլանավորման փաստաթղթերի բաց համակարգի․
  • շուտափույթ ձեռնարկել Երևանի գլխավոր տարածական պլանավորման փաստաթղթերի  վերանայման գործընթաց՝ հաշվի առնելով, որ Երևանի գլխավոր հատակագծի գործողության ժամկետը լրանում է այս տարի.
  • շուտափույթ նախաձեռնել քայլեր՝ հիմնովին ու նորովի գնահատելու և վերանայել քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից աշխարհի զարգացումներին ու պահանջներին:

Երկարաժամկետ անհրաժեշտ է՝

    • վերանայել նախկինում տրված խնդրահարույց նախագծման և շինարարության թույլտվությունները՝ վեր դասելով հանրային շահը մասնավորից, հատկապես ուշադրություն դարձնելով ընդհանուր օգտագործման տարածքներում, մայթերի և մերձճանապարհային տարածքներին առկա կառուցապատումներին․
    • վերանայել և ընդլայնել պահպանության ենթակա պատմամշակութային հուշարձանների ցանկերը՝ ապահովելով ներառական գործընթացներ և զարգացնել  ժառանգության պաշտպանության ինստիտուցիոնալ համակարգերը՝ համաձայն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և լավագույն փորձի․
    • ազատել հանրային կանաչ տարածքները կառույցներից՝ ապահովելով քաղաքաշինական նորմերը, ինչպես նաև նախատեսել համընդհանուր քաղաքային խոշոր կանաչապատ զանգվածների ստեղծման և փոխկապակցված համակարգի ստեղծումը․
    • հրատապ քայլեր ձեռնարկել հողային պաշարների, հատկապես գյուղատնտեսական բարձրարժեք ու բնության կամ մշակույթի հատուկ պահպանվող տարածքների պատշաճ ու թափանցիկ կառավարման ուղղությամբ՝ փոխելով հողային քաղաքականության կետային դրսևորումներն ավելի ինտեգրված մոտեցմամբ՝զարգացնելով հողային կադաստրի գործիքակազմը.
    • նախաձեռնել խորքային և հիմնարար բարեփոխումներ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես վերանայել տարատեսակ տարածական պլանավորման (քաղաքաշինական ծրագրային) փաստաթղթերի կիրառական արժեքն ու արտացոլումը տեղային մակարդակով որոշումների ընդունման գործընթացներում։

Միևնույն ժամանակ, ներքոստորագրյալ կազմակերպություններս և մասնագետներս հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ ցանկացած ձևաչափով աջակցել և մասնակցել վերոնշյալ խնդիրների բացահայտման, լուծումների բազմակողմանի քննարկման ինչպես նաև ընդգրկուն և երկարաժամկետ բարեփոխումների տեսլականի քննարկման աշխատանքներին։ 

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

  1. Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե 
  2. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  3. ուրբանլաբ
  4. «Ուրբան» հիմնադրամ
  5. «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ
  6. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  7.  «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ
  8. «Հանրային լրատվության ակումբ» ՀԿ
  9. «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  10. «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ
  11. «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ
  12. «Կոնտակտ Պլյուս» իրավապաշտպան ՀԿ
  13. «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ
  14. «Համատիրությունների զարգացման ասոցիացիա» ՀԿ
  15. «ԼոգոՍ» իրավապաշտպան ՀԿ
  16. «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ
  17. «Դալմա-Սոնա» հիմնադրամ
  18. «Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ
  19. «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
  20. «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ
  21. «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ
  22. «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
  23. «Արծվաբույն Զեյթուն» ՀՄ ՀԿ
  24.  «Լոռե էկո-ակումբ» ՀԿ
  25. «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ
  26. «Կանանց ֆորում» ՀԿ

 

Ավելին