ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմինը կարծիք հայտնեց «Արարատ» ՀԸ դեմ Լարա Ահարոնյանի և Իզաբելլա Սարգսյանի բողոքի վերաբերյալ
ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ
մարմինը կարծիք հայտնեց «Արարատ» ՀԸ դեմ Լարա Ահարոնյանի և Իզաբելլա Սարգսյանի բողոքի վերաբերյալ
2017 թվականի, սեպտեմբերի 27-ին «Արարատ» հեռուստաընկերության «Հետհաշվարկ» հաղորդաշարի՝ «Սորոսի հիմնադրամը՝ Հայաստանին սպառնալիք» վերնագրով թողարկման հեռարձակումից հետո «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը և քաղաքացի Իզաբելլա Սարգսյանը բողոք ներկայացրեցին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին ընդդեմ «Արարատ» հեռուստաընկերության։
Բողոքի տեքստում նշվում էր, որ «(…) ի շարս այլ հարցերի, ծրագիրն անդրադարձել է նաև ընտանեկան բռնությունը կանխարգելող և խտրականությունը արգելող օրենքներին։ Այն բանից զատ, որ հաղորդման հյուրը ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում, ուշագրավ է, որ հաղորդման հեղինակը միանշանակորեն կողմնակալ դիրք է զբաղեցնում՝ ինքն իրեն չտարանջատելով հյուրի տեսակետից։ Կարծում ենք, որ հեռուստաընկերությունը կոպտորեն խախտում է լրագրողական էթիկայի և անաչառության սկզբունքները»։
Դիտորդ մարմինը քննել է փաստերը և, հենվելով ՀՀ իրավական կարգավորումներին, 2017 թվականի դեկտեմբերի 13-ին հրապարակել է իր փորձագիտական եզրակացությունը։ Խմբում ընդգրկված են եղել հետևյալ փորձագետները՝ Մեսրոպ Հարությունյան, մամուլի փորձագետ, Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ, Գնել Նալբանդյան, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր, Արա Շիրինյան, «Շողակաթ» հեռուստաընկերության գեղարվեստական ղեկավար, Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն, Գեղամ Վարդանյան, Media.am-ի պրոդյուսեր, Կարինե Քալանթարյան, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս։
Փորձագետները արձանագրել են, որ «Բողոքարկվող հաղորդման մեջ խախտված են անկողմնակալության և անաչառության սկզբունքները. հաղորդավարն, ըստ էության, համաձայնում է այն ամենի հետ, ինչ ասում է հյուրը, որի խոսքերում տարանջատված չեն փաստերն ու կարծիքները, ավելին՝ սեփական կարծիքը ներկայացված է իբրև անհերքելի փաստ։ «Արարատ» ալիքի «Հետհաշվարկ» հաղորդաշարը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է միջազգային կառույցների և հիմնադրամների, վերջիններիս ֆինանսավորմամբ գործող հասարակական կազմակերպությունների գործունեությանը, սակայն այդ թեմայով հաղորդումներին, որպես կանոն, հյուր է կանչել վերոհիշյալ կազմակերպությունների և նրանց գործունեության նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող անձանց: Ընդսմին, այդ հաղորդումների հյուրեր չեն եղել անվանարկված կազմակերպությունների ներկայացուցիչները ու հակառակ կարծիք համապատասխան թեմայով չի հնչեցվել: Այսինքն, խախտվել է բազմակարծության սկզբունքը»: Տեքստում նշվում է նաև, որ բողոքարկվող հաղորդման մեջ խախտված են անկողմնակալության և անաչառության սկզբունքները։
«ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնի այս եզրակացությունը շատ կարևոր է ԶԼՄ դաշտում իրավապաշտպան կազմակերպությունների հանդեպ խտրական և սպառնալից ուղերձների տարածման տենդենցի խնդրայնացման և բացառման տեսանկյունից: ԶԼՄ-ները շատ կարևոր դերակատարում կարող են ունենալ ՀՀ-ում մարդու իրավունքների հետ առընչվող խնդիրների բարձրաձայնման գործընթացում, սակայն նախ և առաջ մեդիա դաշտը ինքնին պետք է դառնա զգայուն, հետևի լուսաբանման էթիկական կանոններին»,- ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ նախագահ Լարա Ահարոնյանը։
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձևավորվել է ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների կողմից, որոնք այս պահին թվով 46-ն են: ԴՄ-ն իր եզրակացություններում ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների 2015 թվականի մայիսի 16-ի ընդհանուր ժողովում:
Դիտորդ մարմնի հրապարակած եզրակացության վերաբերյալ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ասաց. «Մեզանում մինչ օրս թերագնահատվում Է ԶԼՄ-ների ինքնակարգավորման ինստիտուտը, թեև այն մեծ դերակատարություն կարող է ունենալ որակյալ լրագրության կայացման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության, ագրեսիվ քարոզչությանը դիմակայելու հարցերում: Իսկ առանց հանրության ակտիվ մասնակցության Դիտորդ Մարմինը չի կարող արդյունավետորեն իրականացնել իր առաքելությունը: Մեր սկզբունքերից է չնախաձեռնել որևէ հրապարակումների վերաբերյալ քննարկումներ և կարծիքի ձևավորում մինչև չենք ստանում դիմում քաղաքացիներից` դա վստահություն ձեռք բերելու և չեզոքությունը պահպանելու կարևոր նախապայման է: Այդ առումով բարձր ենք գնահատում ստացված բողոքը, որպես լրատվամիջոցներում առկա նման մտահոգիչ երևույթների շուրջ պրոֆեսինալ եզրակացություն մշակելու առիթ»։
Փորձագիտական եզրակացության ամբողջական տեքստը հասանելի է այս հղումով։