Մամուլի հայտարարություն. «Քարերի Պոեզիա. Անի» ցուցահանդեսը կբացվի հուլիսի 11-ին
Հուլիսի 6, 2018թ․
Կոնտակտային տվյալներ՝
Լուսինե Ավագյան, Ծրագրի ղեկավար, ԵՀՀ
+37493 434017; [email protected]
Երևան– Հուլիսի 11-ին, ժամը 17։00-ին Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան–ինստիտուտի «Տրդատ» սրահում տեղի կունենա «Քարերի Պոեզիա. Անի » ցուցահանդեսի բացմանարարողությունը։ Թանգարան-ինստիտուտի քարտեզը կցված է։
Բացման և ողջույնի խոսքով հանդես կգան՝
- Անուշ Տեր-Մինասյանը՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն,
- Գրեգորի Ցուրիսը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ
- Յավուզ Օզքայան՝ Վերականգնող ճարտարապետ, Թուրքիայի Մշակութային ժառանգության պահպանության ասոցիացիայի նախագահ
- Կարստեն Պալուդան-Մյուլլերը՝ Նորվեգիայի մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) նախկին տնօրեն
- Արմեն Կազարյանը՝ Ճարտարապետության և քաղաքաշինության պատմության և տեսության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, ՌԴ
Բացման արարողությունը կտևի շուրջ 30 րոպե և բաց կլինի մամուլի համար։ Արարողության ընթացքում կապահովվի անգլերեն-հայերեն-անգլերեն հաջորդական թարգմանություն։
Ցուցահանդեսն արտացոլում է Հայաստանի և Թուրքիայի մի խումբ փորձագետների ջանքերը՝ պահպանելու հնագույն Անի քաղաքի և շրջակայքի ճարտարապետական ժառանգությունը։ Անի քաղաքը 2016թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։
Միջոցառումը հյուրընկալում են Թուրքիայում գործող «Անադոլու քյուլթուր»-ը և Հայաստանում գործող Եվրասիա համագործակցություն հիմնադրամը։ Այս ցուցահանդեսն իրականացվում է «Անադոլու քյուլթուր»-ի, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) համագործակցությամբ։ Ցուցահանդեսի թե՛ նախապատրաստական, թե՛ արտադրական փուլում ներգրավվել և համատեղ աշխատել են լուսանկարիչներ և փորձագետներ Հայաստանից և Թուրքիայից։
2013 թվականից ի վեր «Անադոլու քյուլթուր»-ը սերտորեն համագործակցել է Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամի (WMF) և Նորվեգիայի Մշակութային ժառանգության հետազոտությունների ինստիտուտի (NIKU) հետ՝ գնահատելու Թուրքիայում հայկական մշակութային ժառանգության ներկա վիճակը, կարևորությունը և պահպանության ներուժը՝ շեշտադրումը հատկապես Անիի վրա սևեռելով։
2013 թվականի աշնանը Հայաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Նորվեգիայի ճարտարապետների, վերականգնող մասնագետների, պատմաբանների, ազգագրագետների և արվեստաբանների խումբն այցելեց Անի և տարբեր մասնագիտական տեսանկյուններից հետազոտեց մշակութային ժառանգության վայրերը՝ մշակելով ավելի հարուստ և համապարփակ հայեցակետ տարածաշրջանի ճարտարապետական ժառանգության մասին։ Ցուցահանդեսը այս ջանքերի անմիջական արդյունքն է։
Ինչպես նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, մշակութային ժառանգությունը պատկանում է մարդկությանը, ուստի դա այն ուղղություններից մեկն է, որ կարևորում և խթանում է երկրների միջև սերտ համագործակցությունը, երկխոսությունը և փոխըմբռնումը։ Այս տեսանկյունից Անին իր պատմությամբ, աշխարհագրական դիրքով և ճարտարապետական հատկանիշներով կարևոր մշակութային արժեք է, որ կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության խորացմանը։ Ցուցահանդեսը միտված է նման համագործակցության խրախուսմանը և օրինակ ծառայելուն։
2014 թվականից Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն ակտիվորեն աջակցել է այս ջանքերը․Անիից բացի հայկական մշակութային ժառանգության նմանատիպ հետազոտություն է իրականացվել Մուշում և Արդվինում՝ 2014 և 2016 թվականներին համապատասխանաբար։
Այս միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։