Հետպատերազմյան ճշմարտություններ․ Ուրիշ սահման, ուրիշ իրականություն
Փիրուզա Խալափյանի Ուրիշ սահման, ուրիշ իրականություն ֆոտոպատմությունն առաջին անգամ հրապարակվել է 4Plus-ի կայքէջում։ Այն հասանելի է այստեղ։
«Զգույշ կլինես», «անծանոթ ճանապարհներով չգնաս», «գերի չընկնես», «գյուղը 500 մետր է հեռու սահմանից. էնտե՞ղ ես գիշերելու»… «Սահմանը հիմա խաղաղ է», «քոռ չեմ, որ գնամ, կորչեմ», «այսինքն չգիշերեմ. մարդիկ ապրում են չէ՞ էնտեղ»… Հարց ու պատասխան, որ քաղաքի փոքր կենտրոնում է, ու, որ չգիտես, չես հասկանում, ոչ էլ առանձնապես պատկերացում ունես հարավային սահմանի մասին…
Գյուղ Ներքին Խնձորեսկ, 2-ը հուլիսի, 2021 թվական, չեզոք գոտուց 17 քայլ հեռավորության վրա գտնվող տան երկրորդ հարկի սենյակ, լռություն։ Սահմանը հստակ է… Սենյակի այս պատուհանից է սկսվում, որն ամբողջ գիշեր համառորեն կապույտ լույս է արտանետում ներս, ու ծառերի ստվերները կապույտի մեջ խաղում են պատին. լույսն այս երկու տարի շարունակ կա` գրեթե ամեն գիշեր… Ադրբեջանական կողմի լուսարձակն է… Այստեղ՝ այս սահմանային սենյակում, մի թեք նկար կա․ նկարում սահման չկա, խաղաղ օր է՝ անհավատալի, շատ արհեստական։
Սահմանը սկսվում է տաք հացի հոտից, Տեղ գյուղի դարբնի մուրճի հարվածից, պատերազմից վերադարձած որդու՝ ձեռքով շինած աղավնու բնից, Խոզնավարի երեխաների թաքնված տեղերից… Պահմտոցի են խաղում։ Խնածախցի Սվետա տատի ջերմ գրկելուց է սկսվում սահմանը, ու առանց երկար-բարակ մտածելու ասում ես, «Տատ ջա՜ն»…
Ցորենից դեղնած արտից է սկսվում սահմանը՝ Ներքին Խնձորեսկում աշնանացանը քաղելու են զինված, ամբողջ գյուղով`մի մարդու պես։ Վալյան, դաշտի մեջտեղում կանգնած, ուղիղ աչքերիս է նայում ու ասում. «գյուղացին հողից հաց է քամում»։
Վաղատուրի կախարդական «աղբրից» է սկսվում սահմանը, ու փայտանոցից, որ գարնան սկզբից մյուս ձմեռվա համար փայտով լցված է արդեն։
Սահմանը «տեղավորվում» է փոքրիկ վիլիսի մեջ. պատերազմից հետո Սուրենը դրա շարժիչը չի հանգցնում, չի խաղաղվում…
Պարանին կախված զինվորական բաճկոնից է սկսվում սահմանը, որ մինչեւ առավոտ պիտի հասցնի չորանալ. Արսենը, 15 օր լավաշ թխելուց հետո, 15 օր սահմանին է կանգնելու։
Այս տեղից է սկսվում Հայաստանը, Սյունիքի հե՛նց այս կտորից… Որտեղ տնական օղի են հյուրասիրում անծանոթ լուսանկարչին, ու առաջին կենացը խաղաղության համար է…
Ալրաղացի Լիպարիտի հաշվարկից է սկսվում Հայաստանը, երբ քունը չի տանում՝ տուն առ տուն գյուղացիներին է հաշվում։ Սահմանը հիմա պինդ կողպվում է ամեն երեկո. էլ առաջվանը չէ, անվտանգ չէ։ Նշանառությունը հստակ է. գյուղը՝ դիտարկման տակ։
Սյունիքի այս կտորում յոթ գյուղ է՝ Խոզնավարը, Վաղատուրը, Խնածախը, Արավուսը, Տեղը, Կոռնիձորը, Ներքին Խնձորեսկը. այստեղ մարդը կանգնած է տան, այգու, դաշտի, գյուղի, համայնքի, պետության, հայրենիքի ՍԱՀՄԱՆԻՆ։
… Եվ չնայած օդում վտանգ է կախված, ու իսկապես դժվար է, մեկ է, բոլորի դռները բաց են գյուղ մտնողի համար՝ միայն թե մտնողը «լավ մարդ» լինի։
Ճանապարհս ընդհատում է Խոզնավարի գերեզմանատանը աճող համառ խնձորենին՝ մի կեսը չոր է, մյուսը՝ խնձորներից կռացած… «Մամաս չի թողնում՝ ուտենք. գերեզմանոցում է աճում, լավ նշան չէ». ասում է Անին ու աչքերը ցած իջեցնում…