Մամուլի հայտարարություն. «Կրոնական հանդուրժողականություն և խտրականության արգելք» համաժողով և մրցանակաբաշխություն
Մամուլի հայտարարություն
Հոկտեմբեր 25, 2017
Կոնտակտային տվյալներ:
Նանե Պասկևիչյան, հաղորդակցության բաժնի օգնական
(+374.95) 25.15.82, [email protected]
Կրոնական հանդուրժողականություն և խտրականության արգելք
համաժողով և մրցանակաբաշխություն
Երևան, Հայաստան – ս.թ. հոկտեմբերի 27-ին ժ. 09։30-18։00 Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցի «Բոլ Րում» դահլիճում կկայանա Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարը Հայաստանում» ծրագրի եզրափակիչ միջոցառումը։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։
Միջոցառումը բաղկացած կլինի երկու մասից։ Առաջին մասը նվիրված կլինի «Կրոնական հանդուրժողականության ու խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի արդյունքների ներկայացմանը, որից հետո կրոնական հանդուրժողականության ասպարեզում լավագույն լրագրողական նյութերի հաղթողներին կհանձնվեն մրցանակներ։ Ամենամյա լրագրողական մրցույթի շրջանակում մրցանակներ կստանան հայաստանյան չորս լրագրող։ Ժյուրիի հատուկ մրցանակը կտրվի տարածաշրջանային մեդիա հարթակի։ Մրցանակաբաշխության նպատակն է խթանել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը։ Այն անց է կացվում Հայաստանում չորրորդ անգամ:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված կլինի կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում գլոբալ մարտահրավերների ու նորարարության միտումների քննարկմանը: Քննարկման ընթացքում ելույթ կունենան Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման, Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի (ԵՊՀ) պրոֆեսոր, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դավիթ Հովհաննիսյանը, Կրոնական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Սիենայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր, Կրոնական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մարկո Վենտուրան (Իտալիա), ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով պատասխանատու տկն. Դիլնոզա Սատարովան և ԵՀՀ Ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը:
Միջոցառմանը իրենց մասնակցությունը հաստատել են պետական պաշտոնյաներ, դեսպանատների, միջազգային կազմակերպությունների, կրոնական համայնքների, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովը կընթանա հայերեն և անգլերեն լեզուներով, կտրամադրվի նաև միաժամանակյա թարգմանություն:
Սույն մամուլի հայտարարությանը կից կարող եք տեսնել միջոցառման օրակարգը։
Միջոցառումը բաց է լուսաբանման համար։