Մարդամեջ․ զարգացնելով համայնքները

Այս նյութն առաջին անգամ հրապարակվել է Ալիք Մեդիայի կայքում․ հասանելի է այստեղ։

 

«Երիտասարդները սեփականատիրոջ զգացմամբ սկսում են գործ անել, գտնում են գործընկերներ, համախոհներ ու իրենց համայնքում փոփոխություններ են կատարում․ «Մարդամեջ» ծրագիրը խթանում է մարզային կյանքի զարգացումն ու ակտիվացումը»,- նշում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանը:

«Մարդամեջ»-ը Հայաստանի մարզերի կարիքներին համապատասխան սոցիալական ազդեցությամբ ծրագրերի մշակման եւ իրականացման համար ստեղծված ձեւաչափ է: 2014 թվականից ի վեր ճամբարը յուրաքանչյուր տարի համախմբում է Հայաստանի տարբեր շրջաններից 70-80 երիտասարդների եւ նրանց մոտ զարգացնելով ստեղծագործական եւ նորարարական մտածողությունը՝ նոր գաղափարների առաջացման հարթակ ստեղծում:

Սկզբում մասնակիցներն առանձնացնում են համայնքային խնդիրները, առաջարկում լուծումներ, այնուհետեւ ոլորտային մասնագետների հետ քննարկումների, մտագրոհների եւ խմբային աշխատանքների միջոցով դրանք ծրագրերի վերածում: Մշակված ծրագրերից լավագույնները ժյուրիի անդամների հավանությանն արժանանալուց հետո ստանում են մինչեւ 1 միլիոն դրամ ֆինանսավորում: Սոցիալ-նորարարական ճամբարին արդեն իսկ մասնակցել են շուրջ 650 երիտասարդներ ՀՀ ամբողջ տարածքից։

mardamej

Հարկ է նշել, որ «Մարդամեջ»-ի մասնակիցների ընտրությունը հետաքրքիր եւ տարբերվող մրցույթով է անցկացվում. դիմորդները առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երկու իրերի միջեւ կապ պետք է տեսնեն/գտնեն եւ էսսե գրեն:

Ծրագրի իրագործման առաջին տարիներին ամեն համայնքում առանձին ճամբարներ էին իրականացվում, այնուհետեւ հավաքները դարձան ընդհանուր՝ նպատակ ունենալով ամրացնելու նաև միջմարզային կապը: Մարզային ներգրավվածությունը ապահովում է (ԵՀՀ)-ի տեղեկատվական կենտրոնների ցանցը՝ Ինֆոտները (InfoHouse): Վերջիններս ծառայում են որպես այլընտրանքային տեղեկատվական, դասընթացների եւ նախաձեռնությունների կազմակերպման կենտրոններ, որտեղ ակտիվ քաղաքացիները գիտելիք եւ հմտություններ են ձեռք բերում համայնքային կյանքի վերաբերյալ, ինչպես նաեւ կազմակերպում ու մասնակցում են մի շարք դասընթացների, շնորհանդեսների, ֆլեշմոբների:

Նախագծի ղեկավարը դժվարանում է առանձնացնել լավագույն ծրագիրը, նշում է, որ վատ ծրագրեր չեն ունեցել, թեմատիկան էլ այնքան տարբեր է եղել, որ դժվար է համեմատություն անել, սակայն մի բան հստակ է․ «Բոլոր ծրագրերի փիլիսոփայությունը տեղական ինքնակառավարման զարգացումն է»:

ՏԻՄ-երի գործունեությանը ավելի սերտ ծանոթանալու եւ ավագանու անդամների աշխատանքը վերահսկելու համար երիտասարդները «Մարդամեջ»-ի շրջանակում «ՏԻՄՊուլս» կոչվող նախագծով են հանդես եկել: Նորարարական խաղի միջոցով համայնքի անդամները, թիմեր կազմելով, հնարավորություն ունեն աշխատելու ավագանու անդամներից մեկի հետ: Ծրագիրն ունի նաեւ գնահատման համակարգ, դրա միջոցով կարելի է պարբերաբար դիտարկել, թե ինչպես է աշխատել տվյալ ավագանին, եւ ինչպիսի արդյունքներ են գրանցվել համայնքում:

mardamej_2

Խաղն առաջին անգամ փորձարկել են Մարտունիում, մասնակիցներն էլ հիմնականում ավագ դպրոցի աշակերտներն են եղել: «Այս նախագծի միջոցով ավագանիների մրցակցությունը բարձրացավ, բնակիչների գիտելիքներն ընդլայնվեցին տեղական ինքնակառավարման համակարգի մասին, նաեւ վերհանվեցին համայնքային մի շարք կարեւոր խնդիրներ, եւ, որ շատ կարեւոր է, պետական կառույցների հետ երկկողմանի համագործակցությունը սերտացավ»,- ասում է Ջուլյա Սահակյանը:

Ծրագրի արդյունքում համայնքում ճանապարհային նշաններ նորոգվեցին, հեծանվային գոտի ստեղծվեց, ծառատունկեր կազմակերպվեցին: Քաղաքում առողջ ապրելակերպը խթանելու համար նաեւ հեծանիվի արձան տեղադրվեց:


mardamej_3

Լքված կամ քիչ հայտնի գյուղական համայնքները ներկայացնելու համար Lost and Found Armenia ծրագիրն է իրականացվել: Մասնակիցներն, այցելելով Սյունիքի, Վայոց ձորի եւ Արմավիրի մարզերի շուրջ 20 գյուղեր, լուսանկարներ ու տեսանյութեր են արել, հավաքել են գյուղական «համով-հոտով» պատմությունները եւ սոցիալական մեդիայում դրանք տարածել:

Ծրագրի շրջանակում իրականացված այլ նախագծերից են Street Art-ը եւ «Ուստա Խցան»-ը: Վերջիններիս միջոցով մասնակիցները համայնքային հիմնախնդիրների մասին իրազեկվածությունն են բարձրացնում:

mardamej_4

Գրաֆիտիները եւ պլաստմասե կափարիչներով ստեղծված աշխատանքները արվեստի լեզով «խոսում են» կարեւոր խնդրի մասին, օրինակ՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատման, բնության, օդի աղտոտվածության եւ այլն:

mardamej_5

Հաջողված նախագծերը տեղայնացվում են այլ համանքներում եւս. Street Art-երը, օրինակ, տարածում են գտել նաեւ Լոռիում, Արարատում եւ Գեղարքունիքում:

mardamej_6

Նախագծի համակարգողն ասում է՝ մարզեր կան, որ կարծես մասնագիտացված լինեն, օրինակ՝ Արարատի մարզը աչքի է ընկնում Smart Solutions (խելացի լուծումներ) ունեցող ծրագրերով: «Մարդամեջ»-ի շրջանակում Արարատի երիտասարդները ներկայացրել են նորարարական լուծումներով աղբաման, որտեղ ապակյա կամ պլաստմասե թափոններ նետելով՝ քաղաքացին հավաքում է համապատասխան միավորներ, կախված դրանից էլ տվյալ անձի կոմունալ վճարումների գումարը նվազում է: Արարատում մեկ այլ նորարարական ծրագիր է փողոցում լուսային գծանշումների ստեղծումը:

Կորոնավիրուսով պայմանավորված՝ վերջին երկու տարվա «Մարդամեջ»-երը հեռավար են արվել, սակայն դա չի ազդել գաղափարների առատության վրա: Ներկայում ավելի շատ են այլընտրանքային գրադարանների նախագծերը (ընթերցանության ճամբար, նորարարական անկյուններ), նպատակը գրադարաններն ավելի գրավիչ ու հետաքրքիր դարձնելն է, որպեսզի ընթերցասերների թիվն ավելանա:

«Սա ունիվերսալ ծրագիր է, արդյունքները ակնհայտ են ու ոգեշնչող, այդ պատճառով փորձելու ենք ապահովել շարունակականությունը»,- ամփոփում է զրույցը Ջուլյա Սահակյանը:

 

 

Ավելին