Փոփոխությունների հետքերով
Բառարաններում «նորարարություն» բառի բացատրությունը նոր բան ստեղծելն է։ Բայց նոր բան ստեղծելու համար հանճար լինելը կամ գերբնական կարողություն ունենալը պարտադիր չէ։
«Մարդամեջ» սոցիալ-նորարական ճամբարի մասին հայտարարությունը կարդալիս շատ երիտասարդներ հավանաբար մտածում են, թե աշխարհում բոլոր նորարարություններն արդեն արվել են ու թարմ գաղափարներ ունեցող բոլոր մարդիկ արդեն հասցրել են դրանք իրականություն դարձնել։ Բայց, իրականում, նոր գաղափարներն ու իրականացման հնարավորությունները սահմանափակ չէ։
«Մարդամեջի» վեջին հավաքին Արարատի մշակույթի տանը մասնակցում էին նրանք, ովքեր հավատում էին փոփոխություններին։ Մոտ 50 երիտասարդ Արարատ քաղաքից և հարակից գյուղերից խոսում էին իրենց համայնքային խնդիրներից և դրանք բարձրաձայնելու, հանրության ուշադրությունը գրավելու եւ լուծելու տարբերականեր առաջարկում։
Երկար քննարկումներից հետո մասնակիցները բաժանվեցին խմբերի՝ միավորվելով երեք գաղափարի շուրջ, որոնցից միայն երկուսին տրվեց իրագործվելու հնարավորություն։
Հռիփսիմե Հովհաննիսյանը լրագրող է, աշխատում է «Առավոտ» օրաթերթում, ունի հասարակական կազմակերպություն։ Հռիփսիմեն Արարատ քաղաքի ակտիվ բնակիչներից է և տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկար տարիների շփման իր փորձով առաջարկեց մի գաղափար, որը հնարավորություն կտա գնահատել ՏԻՄ կառույցների աշխատանքի որակը։
«Մի քանի քառակուսի մետր» կոչվող ծրագրի մասնակիցները բլոգի միջոցով պատրաստվում են Արարատ քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին ինֆորմացիա տարածել և մոնիթորինգ անցկացնել։ Քաղաքի բնակիչները հնարավորություն կունենան իրենց բնակարանում, համակարգչի առջեւ նստած իմանալ՝ ինչ որոշումներ կայացրեց ավագանին, թաղապետարանը, քաղաքապետարանը և այլն։ Ամեն անգամ այս կառույցներից մեկի ծառայությունից օգտվելիս բնակիչը հնարավորություն կունենա բլոգում գնահատել մատուցված ծառայության որակը։
«Սա երկկողմանի գործընթաց է։ Քաղաքացին ոչ միայն հնարավորություն է ստանում իր բողոքը կամ վրդովմունքը արտահայտելու, այլեւ նպաստում է ՏԻՄ կառույցների սպասարկման որակի բարելավմանը, որովհետև նրանք այդ ժամանակ իմանում են՝ ինչից են բողոքում մարդիկ և հատկապես որ ոլորտն է պետք բարելավել»,-ասում է Հռիփսիմեն։
Արարատ քաղաքի տարեց բնակիչները, որոնց մի քիչ դժվար է պատկերացնել համակարգչի առջեւ նստած կամ պլանշետը ձեռքին համացանցում իրենց համայնքի մասին լուրեր փնտրելիս, նույնպես չեն ուզում հետ մնալ տեղական ինքնակառավարմանը վերաբերվող նորություններից։ «Ինֆո Տախտակ» խմբի մասնակիցները գտան լուծումը։ Առաջարկեցին օֆլայն հարթակ ստեղծել՝ քաղաքի ամենաբանուկ հատվածում տեղադրելով ինֆո տախտակ, որի վրա կփակցվեն ՏԻՄ որոշումները, գալիք նիստերի օրակարգը եւ տեղեկություններ համայնքում կատարված աշխատանքների մասին։ Ծրագրի մասնակցիները նաև խոստացան հետևողական աշխատանքի շնորհիվ պարտադրել ՏԻՄ կառույցներին տեղադրել տախտակներ քաղաքի այլ հատվածներում՝ հիշեցնելով, որ դա իրականում իրենց պարտականությունն է։
Երկու խմբերի մասնակիցներն էլ հավատացած են, որ իրենց ծրագրերով կարող են փոխել մարդկանց գիտակցությունը։ «Մեր քաղաքը փոքր է, այստեղ մարդիկ վախենում են խոսել, բողոքել, բայց մենք հույս ունենք, որ մեր ծրագրերով կկարողանանք կոտրել այդ «լռությունը»,-ասում է Հռիփսիմեն։
Եթե դու դիտում ես ու փորձում ես զգալ քեզ շրջապատող աշխարհը, ուրեմն կարող ես ստեղծել այնպիսի նոր բան, որը ուրիշները չեն հաջողացրել։ Այդ դիտարկումները նորարարության սերմերն են, որոնցից ամեն մի հատիկ «Մարդամեջի» մասնակիցներից յուրաքանչյուրի ձեռքում է։
Նանե Պասկևիչյան