Բռնության մշակույթի հիմքերը․ հայտերի ընդունման հրավեր
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Քաղաքացիական հասարակության ներուժի օգտագործումը կառավարման համակարգի բարեփոխումներում» ծրագրի շրջանակներում հայտարարում է հասարակության մեջ առկա բռնության, դրա առաջացման վրա ազդող գործոնների, պատճառների, դրսևորման ձևերի և օրինաչափությունների ուսումնասիրմանն ու վերհանմանն ուղղված ուսումնասիրություններ իրականացնելու հայտերի ընդունում։
Ուսումնասիրությունները պիտի հասցեագրեն հետևյալ ուղղությունները.
-
Որո՞նք են միջնակարգ կրթության ոլորտում բռնության (բուլինգի/ծաղրի և հարակից երևույթների, ներառյալ ուսուցիչների վարքը) առաջացման պատճառները, և ինչպիսի կրթական քաղաքականություն պետք է իրականացվի բռնության բացառման համար։ Ուսումնասիրությունը պիտի կազմված լինի վերլուծական հատվածից, ոլորտի պատասխանատուներին ուղղված ռազմավարական առաջարկություններից, ինչպես նաև ուսուցիչներին, կրթության կազմակերպիչներին ու ծնողներին ուղղված ուղեցույցից, որը վարքագծային մոդելներ և խորհրդատվություն կպարունակի դպրոցական միջավայրում բռնության դրսևորումների կանխման և արգելափակման վերաբերյալ։ Միջազգային փորձին հղումները ողջունելի են:
-
Որո՞նք են բանակում ոչ կանոնադրային հարաբերություններում հնարավոր բռնության դրսևորման պատճառները, ձևերը և կանխարգելման մեխանիզմները։ Ուսումնասիրությունը պիտի կազմված լինի վերլուծական հատվածից, ոլորտի պատասխանատուներին ուղղված ռազմավարական առաջարկություններից, ինչպես նաև սպայական կազմի, զինկոմիսարիատների աշխատակիցների և զորակոչիկների համար մշակված ուղեցույցից, որը վարքագծային մոդելներ և խորհրդատվություն կպարունակի բանակային միջավայրում բռնության դրսևորումների կանխման և արգելափակման վերաբերյալ։
-
Ինչպե՞ս է աղքատությունն ազդում բռնության առաջացման և դրսևորման վրա, մասնավորապես ընտանեկան բռնության դրսևորման տեսանկյունից, կա՞ արդյոք հակառակ կապը։ Ինչպիսի՞ քաղաքականություն պիտի վարվի աղքատությամբ ու սոցիալական խնդիրներով պայմանավորված բռնության դրսևորումները կանխարգելելու և վերացնելու համար։ Ուսումնասիրությունը պիտի կազմված լինի վերլուծական հատվածից, ոլորտի պատասխանատուներին ուղղված ռազմավարական առաջարկություններից և սոցիալական աշխատողների, դեպք վարողների, ՏԻՄ աշխատակիցների համար նախատեսված ուղեցույցից, որը վարքագծային մոդելներ և խորհրդատվություն կպարունակի աղքատությամբ պայմանավորված բռնության կանխման և վերացման վերաբերյալ։
- Ինչպիսի՞ն է քրեական բարքերի, լեզվի և վարքագծի ազդեցությունը սոցիալական հարաբերություններում բռնության դրսևորման վրա, ինչպիսի՞ վարքագծային և դերային մոդելներ է առաջարկում «գողականությունը» որպես ենթամշակույթ, հասարակական ո՞ր խմբերի վրա և ինչպե՞ս է ազդում այդ ենթամշակույթը։ Ուսունասիրությունը վերլուծական հատվածից բացի պիտի ընդգրկի նաև ռազմավարական առաջարկություններ ուղղված պետական այն գերատեսչություններին, որոնց լիազորությունների մեջ է մտնում նման հարցերի կարգավորումը (Ազգային անվտանգության խորհուրդ, Ոստիկանություն, Արդարադատության նախարարություն, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարություն, Պաշտպանության նախարարություն և այլն)։
Պահանջվող որակավորումները
Դիմող անհատները կամ կազմակերպությունները պիտի ունենան նշված ոլորտներում աշխատանքի և/կամ հետազոտություն իրականացնելու փորձառություն:
Ընտրող հանձնաժողովի կողմից հատուկ ուշադրություն կդարձվի նախատեսվող ուղեցույցի և ընտրված թեմաների նորարարական մեկնաբանմանն ու հասցեագրմանը:
Դիմելու կարգը
Դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Հետաքրքրվածության կարճ նամակ՝ նշելով թեման և նկարագրելով հայտատուի փորձառությունը:
- Դիմումի նկարագրողական մասը՝ մինչև 5 էջի սահմաններում, որը պիտի պարունակի.
- Ընտրված թեման.
- Ուսումնասիրության մեթոդաբանությունը, աշխատանքային պլանը և ժամանակացույցը.
- Ուսումնասիրության մոտավոր կառուցվածքը.
- Ուղեցույցի մոտավոր կառուցվածքը.
- Դիմողների կենսագրություններ, որոնցում կարտացոլվեն վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար համապատասխան որակավորումը, նման աշխատանքի նկարագրությունը, հղումներ:
- Ուսումնասիրության համար անհրաժեշտ բյուջեն
- Որպես առդիր՝ հատվածներ նման աշխատանքներից (եթե հղում չկա) (ողջունելի է):
Աշխատանքի բյուջեն և առավելագույն ծավալը
- Ուսումնասիրությունը չպիտի գերազանցի 50 էջի ծավալը, ներառյալ ուղեցույցը (Sylfaen տառատեսակով, 11 ֆոնտով, 1 բացատով)
- Ամեն ուսումնասիրության համար նախատեսված բյուջեն կազմում է մինչև 1,200,000 ՀՀ դրամ ներառյալ հարկերը։
Ժամկետները և ընտրության գործընթացը
Դիմումի փաթեթը պիտի լինի հայերեն, կցվող նյութերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հուլիսի 8-ը:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ.հասցեին։
Կողմնորոշիչ նախապատրաստական (հարց-պատասխան) հանդիպում հետաքրքրված մասնագետների հետ` ս.թ. հունիսի 27-ին, ժ. 16։00, ԵՀՀ գրասենյակում։ Հանդիպմանը մասնակցելու համար նախապես գրանցվել՝ ուղարկելով էլ. նամակ [email protected] հասցեով, վերնագրի տողում նշելով` Բռնության բացառման ծրագիր․ կողմնորոշիչ հանդիպում։
Ուսումնասիրության նախնական տարբերակը պիտի ներկայացվի մինչև ս.թ. հոկտեմբերի 30։
Հանձնաժողովն ընտրություն կկատարի դիմողների որակավորման, թեմայի, առաջարկվող բովանդակային և մեթոդական մոտեցման և նորարարական տարրի համադրությամբ:
Հաղթողներին կտրամադրվի ԵՀՀ «Հրապարակման ուղեցույցը», որպեսզի տեքստի ձևակերպման կանոնները համապատասխանեն ԵՀՀ ստանդարտներին՝ սկսած նախնական տարբերակից: ԵՀՀ թիմը ակտիվորեն կաշխատի հաղթող հայտատուների հետ՝ ուսումնասիրություները հնարավորինս հստակ թիրախավորելու համար:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրի օգնական Լիլիթ Մարտիրոսյանին՝ [email protected], ԵՀՀ ծրագրի ղեկավար Ջուլյա Սահակյանին` [email protected] էլ. փոստով։