«Առագաստ» առցանց ուսուցման հայկական համակարգի ներկայացում
Երևան, ՀՀ - Ս. թ. նոյեմբերի 3-ին, ժամը 16-ին ԵՀՀ գրասենյակում (ք. Երևան, Ազատության պող. 1/21, բն. 22) տեղի կունենա «Առցանց ուսուցիչների ագրեգատոր» համակարգի ներկայացումը, որը ստեղծվել է «Առագաստ» դպրոցի ՍՊԸ-ի կողմից։
«Առցանց ուսուցիչների ագրեգատոր» համակարգը հնարավորություն է ընձեռում բարձրացնել ընդհանուր կրթական մակարդակը տարբեր առարկաների բարձրակարգ ուսուցիչների դասընթացները մատչելի դարձնելով՝ անկախ ուսուցչի և սովորողի գտնվելու վայրերից:
Այս համակարգի բերած հիմնական նորությունը, առցանց ուսուցման հայտնի համակարգերի համեմատ, ինտերակտիվ ուսուցման հնարավորությունների նորարարական ցանկն է, ներառյալ դասերի տեսաձայնագրված տարբերակները։ «Առցանց ուսուցիչների ագրեգատոր» բազմալեզու համակարգի դասընթացների կազմակերպման մեջ ներգրավվելու են տարբեր առարկաներ դասավանդող բարձրակարգ ուսուցիչներ: Համակարգի միջոցով հնարավոր կլինի հայերեն լեզվով ուսուցում ստանալ ցանկացած երկրում։
Համակարգը հատկապես կարևոր է հետևյալ խմբերի որակյալ ուսուցումը ապահովելու համար.
- Հայաստանում, Արցախում, Ջավախքում ապրող սովորողներ
- Սփյուռքի տարբեր գաղթօջախներում ապրող սովորողներ
- հաշմանդամ երեխաներ
- տաղանդավոր երեխաներ
- վերապատրաստվող ուսուցիչներ
- տարբեր ուղղվածության մաստեր-կլասների պահանջարկ ունեցողներ