Պարզ դարձան ամենամյա լրագրողական մրցանակաբաշխության հաղթողները

«Բազմազանություն Միավորող Հավատը» կարճամետրաժ ֆիլմի հեղինակներ Սոնա Քոչարյանը և Հովհաննես Իշխանյանը հոկտեմբերի 27-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից իրականացվող լավագույն լրագրողական նյութերի ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներից են։

Մրցանակաբաշխության նպատակն է խթանել կրոնական հանդուրժողականության, խաղաղ համակեցության և բազմազանության վերաբերյալ հավասարակշռված և զգայուն լրագրողական լուսաբանումը: Մրցույթին դիմել էր 16 լրագրող, որոնցից չորսն արժանացավ մրցանակի։ Այս տարի, ինչպես և նախորդող տարիներին լրագրողական նյութերը ուսումնասիրող մասնագիտական ժյուրին որոշեց նաև հատուկ մրցանակ շնորհել Չայխանա միջազգային մեդիա պորտալին։

Սոնայի և Հովհաննեսի հեղինակած ֆիլմը ազգությամբ տաջիկ Հիքոյաթ Մանասյանի ու նրա ամուսնու՝ Էդուարդ Մանասյանի մասին է։ Հիքոյաթը և Էդուրադը Հայաստանի Բահայի համայնքից են: Բահային աշխարհի երիտասարդ կրոններից է, որը սկզբնավորվել է Պարսկաստանում` 19-րդ դարում: Միաստվածական այս հավատի նպատակը կրոնների և մարդկության միասնությունն է։

Երկրորդ մրցանակը շնորհվեց Տիրայր Մուրադյանին իր՝ «Եզդիներին մտահոգում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը» տեսանյութի և Նարեկ Կիրակոսյանին՝ «50-ականներին և Եհովայի վկաներին չեն հալածում» հոդվածի համար։

Երրորդ մրցանակակիրն էր Գիտա Էլիբեկյանը։ Գիտայի հոդվածը, որը տպագրվել էր Բաց Կովկաս (Open Caucasus) ինտերնետային պարբերականում հայ և ադրբեջանցի խառն ընտանիքների մասին էր։

Հոդվածագիրը ներկայացնում է Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի խառն ընտանիքների կյանքը։ Հերոսները պատում են իրենց առօրյայի, էթնիկ սովորույթների և տարբեր կրոնների պատկանելության մասին։

Հատուկ մրցանակը հանձնվեց Չայխանա միջազգային մեդիա հարթակին հանդուրժողականության ու բազմազանության հետևողական տարածման համար։  Չայխանայի Հայաստանի խմբագիր Նվարդ Հովհաննիսյանը ներկա էր մրցանակաբաշխությանը։

Միջոցառման երկրորդ մասում քննարկվեցին կրոնի կամ համոզմունքի ազատության ոլորտում գլոբալ մարտահրավերների ու նորարարության միտումներին վերաբերող մի շարք հարցեր։ Կլոր-սեղան քննարկման սկզբում ելույթ ունեցավ Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոս Դաուման ներկայացնելով իր՝ «Հայացք մոտիկից և հեռվից. Ավանդական և ժամանակակից հասարակությունների մարտահրավերները» զեկույցը։

Ելույթ ունեցան նաև Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի (ԵՊՀ) պրոֆեսոր, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի տնօրենԴավիթ Հովհաննիսյանը։ Պարոն Հովհաննիսյանը խոսեց Իսլամի մասին …

Բանախոսներից մյուսը՝ Կրոնական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Սիենայի համալսարանի պրոֆեսոր Մարկո Վենտուրան (Իտալիա) էր։ Նա խոսեց Կրոնի ազատության և նորարարության մասին։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կրոնի կամ համոզմունքի ազատության հարցերով պատասխանատու տկն. Դիլնոզա Սատարովան ներկայացրեց կրոնի կամ համոզմունքի ազատության մարտահրավերները ԵԱՀԿ տարածաշրջանում։ Վերջում ԵՀՀ Ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանն ամփոփեց քննարկումը։

Ավելին