Դասընթաց մեդիա ոլորտի մասնագետների համար. «Ինչպե՞ս լուսաբանել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաները մամուլում» (փակված է)
«Ինչպե՞ս լուսաբանել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաները մամուլում»
դասընթաց մեդիա ոլորտի մասնագետների համար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փետրվարի 17-ին լրատվամիջոցներ ներկայացնող մասնագետների համար կազմակերպում է «Ինչպե՞ս լուսաբանել մարդու իրավունքներին և խտրականությանը վերաբերող թեմաները մամուլում» մեկօրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ԵՀՀ գրասենյակում: Լեզուն հայերեն է, աշխատանքային մակարդակի անգլերենի իմացությունը կգնահատվի որպես առավելություն։ Դասընթացի ընթացքում կքննարկվեն խտրականության դեմ պայքարին ուղղված «Հավասարության մասին» (պայմանական վերնագիր) ՀՀ օրենքի նախագծի ընդունման գործընթացում լրատվամիջոցների հնարավոր դերն ու պատրաստվածության հարցերը` Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունների լույսի ներքո, խտրականություն հասկացությունը, տեսակներն ու կանխարգելման միջոցները, ինչպես նաև խմբային աշխատանքների միջոցով կձևավորվեն խտրականությանը վերաբերող թեմաները լուսաբանելիս գործնական հմտություններ:
Դասընթացը Շվեդիայի թագավորության և ԵՀՀ-ի կողմից համատեղ իրականացվող ծրագրի մասն է։ Ծրագրի նպատակն է, հիմք ընդունելով երկրում խտրականության բոլոր ձևերի արգելման հրամայականը, մեդիա ոլորտի առաջատար դերակատարների հետ մշակել լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքի մեթոդաբանություն և գործնական մոտեցումներ:
2013 թ. ԵՀՀ-ն իրականացրեց «Արդյո՞ք անհրաժեշտ է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենքի ընդունումը» հետազոտությունը, որի հիման վրա ԵՀՀ-ն և ՀՀ արդարադատության նախարարությունը, մի շարք քաղաքացիական հասարակության անդամների հետ միասին, համագործակցությամբ աշխատեցին օրենքի նախագծի շուրջ. նախագիծը դեռևս հրապարակված չէ: Օրենքի ընդունումը ՀՀ Ազգային ժողովի կողմից ակնկալվում է մինչև 2017թ.-ի ավարտը:
Ովքե՞ր կարող են դիմել.
- Լրագրողներ
- Պրոդյուսերներ
- Մեդիա-մենեջերներ
Ինչպե՞ս դիմել.
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ, նշելով հետաքրքության առարկան, մինչ 2017թ. փետրվարի 10–ը, [email protected] էլ. հասցեով, թեմայի տողում նշելով «Խտրականության լուսաբանում մամուլում– անուն ազգանուն» (օր.՝ «Խտրականության լուսաբանում մամուլում – Արամ Արամյան»)։ Մասնակցությունն անվճար է։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Անուշ Մարգարյանին` էլեկտրոնային նամակ ուղարկելով [email protected] հասցեով կամ զանգահարելով (+374) 93-25-15-94: