Մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանը և Նիկոլ Մարգարյանը խոսում են «Ինչպես են մարդիկ սովորում» հետազոտության մասին
Այս հարցազրույցն առաջին անգամ հրապարակվել է Հայաստանի հանրային ռադիոյի յութուբյան ալիքում։ Հասանելի է այստեղ։
Մշակութային մարդաբաններ Աղասի Թադևոսյանը և Նիկոլ Մարգարյանը խոսում են իրենց նոր համատեղ՝ «Ինչպես են մարդիկ սովորում» անհատական փորձառությունների վրա հիմնված մարդաբանական հետազոտության մասին։ Հետազոտության ընթացքում անցկացվել է շուրջ 45 խորացված հարցազրույց՝ տարբեր սեռի, մասնագիտությունների, տարիքային խմբերի, բնակավայրերի մարդկանց շրջանում, որտեղ նրանք ներկայացրել են կրթական հաստատություններից դուրս ինչ-որ բան սովորելու իրենց անհատական փորձառությունը։
Նիկոլ Մարգարյանն ասում է, որ սովորելու թեման փորձառությունների մակարդակով դեռևս հետազոտված չէ։ «Կան հեղինակություններ, որոնք ինչ-որ բան են սովորեցնում և միայն իրենց սովորեցրածը կարելի է համարել սովորել։ Երբ մարդուն հարցնում ես` ինչպես ես հեծանիվ քշել կամ ճաշ եփել սովորել, նա հարցին լուրջ չի վերաբերվում։ Միջին և կրտսեր սերունդը, եթե հաջողության է հասել, ապա ինքնակրթության կամ ոչ ֆորմալ ծրագրերի միջոցով։ Բանը այն չէ, որ հաստատությունները բացարձակ ավելորդ են, այլ այն, որ այդ հաստատությունները պիտի փոխվեն՝ համապատասխանելով սովորողի ակնկալիքներին»։
Աղասի Թադևոսյանը նշում է, որ ֆորմալ կրթական հաստատությունները անհատական նպատակների չեն ծառայել, այլ կոլեկտիվ և որ դպրոցներում կամ համալսարաններում ոչ բոլոր աշակերտներն են կարողանում սահմանել իրենց սովորելու նպատակը և վերջնարդյունքը, ինչի որ ուզում են հասնել։ «Սովորելու այսօրվա պահանջները սովորողների մոտ փոխվել են հենց ժամանակաշրջանի տրամաբանության փոփոխության պատճառով։ Այսօր էլ անհրաժեշտ է միջին գրագիտություն ունեցող աշխատուժ, բայց այսօր նաև կարևոր է անհատական հատկությունների զարգացումը` վաստակելու, կյանքում կայանալու, ինքնառեալիզացնելու տեսանկյունից»,- ասում է Թադևոսյանը։
Հարցազրույցներից շատերում մարդիկ սովորելը բնութագրում են որպես ճանապարհ, որն իրենք անցնում են և որը տանում է դեպի նպատակ։ Աղասի Թադևոսյանը նշում է, որ կարևոր է հարցեր տալու և անսահմանափակ սխալվելու իրավունքը, սա է, որ պակասում է կրթական հաստատություններին։ Դպրոցներում սովորելը ընկալվում է որպես յուրացնել, այնինչ այն պիտի ընկալվի որպես բացահայտում։
«Ինչպես են մարդիկ սովորում» հետազոտությունն իրականացվել է Շվեդիայի կառավարության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ: