ԵՀՀ ֆուտուրիստական (ֆուտուրոլոգիական) խմբի առաջարկները
Նկարի հեղինակ՝ Ռուբեն Ղևոնդյանց. «Բյուրական», 1971
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ԵՀՀ-ն կազմավորել է ֆուտուրիստական (ֆուտուրոլոգիական) խումբ, որը մտագրոհների, նյութերի վերլուծության և քննարկումների միջոցով հասցեագրում է սոցիալական գիտությունների ամենադժվար հարցը՝ ապագայի գործընթացները պատկերացնելը:
Այսօր ձեզ ենք ներկայացնում խմբի առաջին մտագրոհի արդյունքները: Հաջորդ արդյունքները կամ միջոցառումները կհրապարակվեն իրենց ժամանակին:
Գործունեությունների ու գործիքների արդյունավետության վերարիմաստավորում
- Կարանտինի երկար տևելը կնպաստի մարդկանց վարքի, առաջնահերթությունների, հաղորդակցության ու համակեցության կանոնների փոփոխությանը։ Ֆիզիկական հաղորդակցության նվազեցումը կփոխի հեռահաղորդակցական մշակույթը ու կազդի մարդկանց ինքնարտահայտման վրա։
- Ստեղծված իրավիճակում ակնհայտ կլինի գործունեության տարբեր տեսակների օնլայնացումը, որպեսզի մարդիկ կարողանան կոմպենսացնել օֆլայն տիրույթում դրանց բացակայությունը։ Ընդ որում խոսքը ոչ միայն մարդկանց պրոֆեսիոնալ գործունեության, այլև ժամանցի օնլայնացման մասին է։ Սա տրամաբանորեն կհանգեցնի մասնագիտական և գործունեական առաջնահերթությունների վերանայմանը, քանի որ նախկինում ակտուալ ու հնարավոր գործողությունները կփոխարինվեն նորերով։ Առաջնահերթությունների վերադասավորումը կբխի կյանքի ընթացքի փոփոխությունից, օրինակ՝ համակարգչի մոտ երկար անշարժ նստելը, տեսողության լարումը, համաճարակները կակտուալացնեն վարակաբանությունը, ակնաբուժությունը, դիետոլոգիան և այլ մասնագիտություններ։ Այլ օրինակ է այն, որ ֆիզիկական շփման հնարավորությունների սահմանափակումը կհանգեցնի օնլայն դիագնոստիկ գործիքների մշակման և ներդրման անհրաժեշտությանը։ Դրսում և կոլեկտիվ սպորտաձևերով զբաղվելու սահմանափակումները կհանգեցնեն տանը ինդիվիդուալ սպորտաձևերի զարգացմանը, բնականաբար ՏՏ ոլորտը կստանա զարգացման հավելյալ խթան և այլն։ Փոխարենը մասնագիություններ կամ զբաղմունքի ձևեր, որոնք ենթադրում են մեծ մասսայականություն, ակտիվ տեղաշարժ և այլն կկորցնեն իրենց ակտուալությունը։
- «Մեծ ռեֆլեքսիան»՝ կյանքը, գործունեությունը, հետագա զարգացման հեռանկարները հասկանալու ու վերաիմաստավորելու անհրաժեշտությունը, կառաջացնի լայնածավալ ու համապարփակ հետազոտությունների անհրաժեշտություն, բայց պետք է հաշվի առնել նաև, որ կյանքի նոր ընթացքը կազդի նաև հետազոտական մեթոդների և գործիքերի վրա, նույն «բիգ դատա» ասվածը ու դրա հետ աշխատանքը հավելյալ կարևորություն կստանա, այսինքն՝ դրա հետ աշխատելու մեթոդների զարգացման անհրաժեշտություն ևս կառաջանա։ Առհասարակ տվյալների հասանելիության և դրանց հետ աշխատանքի սկզբունքները ևս վերաիմաստավորման կարիք կունենան, քանի որ ակնհայտորեն նոր իրավիճակում տվյալը որպես ռեսուրս հավելյալ արժեք է ստանում։
- Էլեկտրոնային կրթությունը այս ընթացքում ակտիվ աշխատում է, սակայն դա նույն օֆլայն կրթության օնլայն տարբերակն է։ Թերությունները շատ են, անհրաժեշտ է օնլայն կրթության կոնցեպտուալ վերանայում։ Կրթության ոլորտում նոր գործիքներ և մեթոդներ ներդնելը թերևս կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, որովհետև արդեն իսկ ակնհայտ է, որ օնլայն կրթական հարթակները և մոտեցումները, որոնք գոյություն ունեն այսօր, ձևավորվել են հիմնականում որպես օֆլայն կրթության հավելում և ոչ որպես ավտոնոմ կրթական համակարգ։ Այս համատեքստում կրթության սկզբունքի վերանայումը դառնում է առաջնահերթություն, կրթական միջավայրի փոոխությունը անխուսափելիորեն բերելու է կրթության ընթացքի և բովանդակության փոփոխության։ Այս համատեքստում պետք է նախ և առաջ խոսել անհատական կրթական հետագծերի, ընտանիքը և տունը որպես կրթական նոր միջավայր պատկերացնելու, կրթական նյութերը սկզբունքորեն վերանայելու և նախագծային կրթությունը, որպես կրթական գործընթացի հիմնական մեթոդ դարձնելու մասին։
- Հոգեբանական խնդիրներ կառաջանան, միգուցե հոգեբանների դերը ևս արժևորվի կարանտինի շրջանում։ Առհասարակ մարդու ներաշխարհում տեղի ունեցող փոփոխությունները ուսումնասիրելու կարիք կա, ինչն առաջին հերթին պայմանավորված է սոցիալական միջավայրի կտրուկ փոփոխության հետ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ ավելի շատ ժամանակ են անց կացնելու ընտանիքում, հավանաբար ընտանեկան հոգեբանությունը ևս վերաիմաստավորման կարիք ունենա։
- Արժեքների վերաիմաստավորում, օրինակ, 50-ն անց միայնակ անձանց օգնելը դարձել է կարևոր արժեք, մարդը, նրա առողջությունը համարվում է գերագույն արժեք։ Նոր իրավիճակում սոլիդարությունը, փոխօգնությունը, իրար մասին հոգալը նոր իմաստ ու լիցք են ստանում, և դա նույնպես ուսումնասիրման և ճիշտ կիրառման կարիք ունի։
- Ամենից շատ տուժող ոլորտներից մեկը կլինի կատարողական արվեստը՝ թատրոններ, համերգներ, որոնք կունենան հավելյալ աջակցության կարիք։ Այս տեսանկյունից ստեղծագործական հետաքրքիր հնարավորություններ են բացվում արվեստի օնլայնացման և դրա մոնետիզացման գործիքների ստեղծման ասպարեզում։ Օրինակ, ստեղծել օնլայն համերգասրահներ, թատրոններ և այլն, որոնցից օգտվելու համար այցելուն էլեկտրոնային տոմս պետք է գնի, որպեսզի կատարողները եկամուտ ունենան։
- Չմոռանանք, սակայն, որ կան ոլորտներ, որոնք տուժած էին հենց նախկին իրավիճակում, օրինակ՝ գեղարվեստական գրականության ընթերցանությունը: Պետք կլինի մտածել, ինչպես գոնե այսպիսի ոլորտները, որոնք, թվում է, այժմ հնարավորություն ունեն վերակենդանանալու, կարող են դառնալ ավելի մոնետիզացվող:
- Կփոխվի տնտեսության կառուցվածքը, մեծ պահանջարկ վայելող ապրանքների և ծառայությունների հիերարխիան կփոխվի։ Այստեղ ևս հետազոտական մեծ աշխատանքի կարիք կա։
Քաղաքացիական հասարակության՝ պետության հետ աշխատանքը
- Բարելավել պետություն-հասարակություն կոմունիկացիան բոլոր ուղղություններով: Ստեղծել (կամ օգտագործել եղած) առցանց հարթակներ, որտեղ հասցեագրվեն խնդիրները, խզումները և այլն:
- Քաղաքացիական հասարակությունը կարող է պետությանն օգնել մի շարք ասպարեզներում իր գործունեությունը բարենորոգելու հարցում, օրինակ, գնումների քաղաքականության փոփոխման սկզբունքների, ներառյալ տենդերները, դրամաշնորհները, որ դրանք դառնան ավելի վստահելի, թափանցիկ, արդար:
- Երկուսը պիտի միմյանց հնարավորինս արագ իրազեկեն իրենց կողմից կամ այլ շահառուների կողմից ստեղծվող օնլայն ծառայությունների մասին։ Նաև օգնել նոր օնլայն ծառայություններ մշակել ու ներդնել։
- Պետությունը տրամադրում է ինֆորմացիա, սակայն ոչ միշտ է այն լիարժեք։ Քաղաքացիական հասարակությունը պիտի լինի հետևողական, պահանջի, որ պատշաճ իրազեկեն։ Մյուս կողմից, կարող է խորհուրդ տալ, ինչպես ամրապնդել իրազեկումը: Օրինակ, հենց կորոնավիրուսի հարցում մարդիկ չունեն պատասխաններ բազում հարցերի, ներառյալ. արդյոք մեկ հատիկ վիրուսից կարո՞ղ է մարդ վարակվել, թե մոտավորապես քանի՛ վիրուս պիտի լինի: Մարդիկ չգիտեն, եթե հայտնեն, որ կասկածում են հիվանդություն, ինչ է կատարվելու հետո. ով է ժամանելու, ինչպես են իրենց հետ վարվելու, արդյոք տունը ախտահանելու դեպքում իրերը չեն փչանա, և այլն:
- Քանի որ հանրության և պետական մարմինների ուշադրությունը վիրուսի կանխմանն է ուղղված, տուժում են մի շարք ոլորտներ, դուրս մնալով քաղ. հասարակության ուշադրությունից։ Օրինակ, Ընտրական օրենսգիրքն առանց քննարկումների հաստատվել է, կամ՝ հանքարդյունաբերությունը շարունակվում է։ Նոր advocacy գործիքների ստեղծման անհրաժեշտություն է առաջանում։ Անհրաժեշտ է, որպեսզի քաղ. հասարակությունը համախմբվի, տեղյակ պահվի նախապես սպասվող փոփոխությունների մասին, նրա կարծիքը հաշվի առնվի:
- Քաղ. հասարկությունը պիտի սովորի օնլայն նույնպես արդյունավետ աշխատելել, ինչպես օֆլայն։
- Աջակցել պետությանը՝ կանխելու որոշ խմբերի կողմից լարված դրության օգտագործումը՝ ի շահ սեփական կարիքների:
ԵՀՀ ֆուտուրիստական (ֆուտուրոլոգիական) խմբի այս և հետագա մյուս առաջարկները կարող եք գտնել ԵՀՀ կայքի Միտք բաժնում։