ԵՀՀ-ն փնտրում է փորձագետներ տեղեկատվական ձեռնարկներ պատրաստելու և ներածական դասընթացներ իրականացնելու նպատակով
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
փնտրում է փորձագետներ
Քաղաքացիական հասարակության կառույցների համար Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ոլորտների մասին տեղեկատվական ձեռնարկներ պատրաստելու և ներածական դասընթացներ իրականացնելու նպատակով
Նպատակը. Ուժեղացնել Հայաստանում գործող ՔՀԿ-ների կառուցողական ազդեցությունը երկրում տեղի ունեցող քաղաքական և բարեփոխումների գործընթացների վրա, իրավագիտակական կարողությունների և վերլուծական հմտությունների զարգացման միջոցով։
Հայաստանում գործող ՔՀԿ-ները զգալի փորձ են ձեռք բերել խնդիրներ հայտնաբերելու, վերլուծելու և լուծումներ առաջարկելու ուղղությամբ, հատկապես համայնքային մակարդակում կամ առանձին թեմատիկ ուղղություններով։ Ներկա իրավիճակում, երբ ՔՀԿ-ների ներգրավման հնարավորությունը կառավարման հարցերում և ոլորտային բարեփոխումների գործընթացներում մեծանում է, այդ բնագավառներում ՔՀԿ-ների կարողությունների հետագա զարգացմանը կոնստրուկտիվ մասնակցություն ցուցաբերելու հավելյալ կարիք է առաջացել։
Այս նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հրավիրում է անհատ փորձագետ(ներ)ին կամ աշխատանքային խմբ(եր)ին՝ դիմելու ծառայությունների մատուցման սույն հնարավորությանը։
ԵՀՀ-ն ՔՀԿ-ների կարողությունների զարգացման նպատակով աշխատում է «ՔՀԿ-պետություն համագործակցության ռազմավարականացում» թեմայի շուրջ։ Սույն մրցույթով աշխատվելիք ձեռնարկները կընդգրկվեն ԵՀՀ կազմակերպելիք դպրոցի ուսումնական պլանում։ ՀՀ-ում գործող ՔՀԿ-ները կհրավիրվեն մասնակցելու ԵՀՀ-ում գործող «ՔՀԿ դպրոցի» դասընթացներին։ Փորձագետները կներգրավվեն ՔՀԿ կարողությունների զարգացման գործին, կընդգրկվեն ՔՀԿ խորհրդատուների ցանցում, հետագայում նաև կմասնակցեն ՔՀԿ-ների համար գործնական ռազմավարությունների մշակման գործին։
Դիմորդ փորձագետ(ներ)ը պիտի մշակեն և ներկայացնեն ուսումնական նյութ-ձեռնարկ (մինչև 40 էջ՝ պատկերներով հանդերձ) յուրաքանչյուր ստորև նշված թեմայոի համար: Ձեռնարկը կհամապատասխանի ՔՀԿ-ների կարողությունների զարգացման կարիքներին և կընդգրկի ստորև թվարկված ոլորտային ծավալուն թեմաներից մեկն ամբողջությամբ կամ դրա մի մասը: Դիմորդներն ազատ են թեմաները վերաձևակերպելու՝ ըստ իրենց կարծիքով հավելյալ նպատակահարմարության, քաղաքացիական հասարակության զարգացման կարիքն ունենալով որպես ռազմավարական նպատակ: Դիմորդները պիտի նաև մշակեն և ներկայացնեն իրենց պատրաստած տեղեկատվական ձեռնարկի հիման վրա կազմակերպվելիք դասընթացի մեթոդիկան: Թեմատիկ ձեռնարկների հավելյալ գաղափարները ողջունելի են:
Ակնկալվող թեմաներ.
- Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանցում
Հայաստանի մասնակցությամբ միջազգային համաձայնագրերը, Հայաստանի պարտավորությունները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներում, և ինչպես կարող է այդ գիտելիքն օգտագործվել քաղաքացիական հասարակության կողմից։ Այդ խնդիրները հասցեագրող հայաստանյան կառույցները, նրանց գործառույթները, քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորություններն այդ գործառույթներին։ ՀՀ-ում գործող միջազգային կառույցների (որոշ դեսպանություններ, Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, ՄԱԿ-ի առանձին կառույցներ, ԱՄՆ ՄԶԳ, ԵՄ, ԵԽ և այլն) գործառույթները նույն ուղղությամբ:
- Հայաստանի արտաքին հարաբերությունների առաջնայնությունները. ինչ պիտի իմանա ՀԿ-ն Հայաստանի հարաբերությունների մասին այլ պետությունների հետ:
- Ինչ պիտի իմանա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչը Հայաստանի կառավարման համակարգի մասին
Ինչպես է գործում Հայաստանի կառավարման համակարգը՝ տեսություն (օրենքներ, կանոններ) և պրակտիկա: Հայաստանի կառավարման համակարգը՝ ներածություն: Սահմանադրության գլխավոր դրույթները: Կառավարության մարմինները. վարչապետ, նախարարություններ, գլխավոր տեսչություններ: Ազգային ժողովի կառուցվածքը, նրա փոխկապակցվածությունը կառավարությանը: Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսոթյան, Տնտեսական զարգացման և ներդրումների, Ֆինանսների և այլ նախարարությունների գործառույթները, ընթացիկ ռազմավարությունները, բարեփոխումների ծրագրերն ու միջազգային պարտավորությունները։ Գերատեսչություններին կից հանրային խորհուրդներ, տեղեկատվություն դրանց գործառույթների և նրանց մասնակցելու հնարավորությունների մասին: Ուշադրութուն. սույն հետազոտության նպատակը զուտ նկարագրողական ներածությունը չէ, այլ քաղաքացիական հասարակությանն անհրաժեշտ տեղեկությունների հաղորդումը, ինչը նախ և առաջ թույլ կտա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ակտիվորեն ներգրավվել կառավարման գործընթացներին, դրանք մշտադիտարկել և ստուգել, առաջարկել բարեփոխումներ:
- Ինչ պիտի իմանա ՀԿ-ն Հայաստանի օրենսդրության և իրավական համակարգի վերաբերյալ
Ամենակարևոր օրենքները, ենթաօրենսդրական ակտերը և կառավարության որոշումները, դրանց կիրառման պրակտիկան. անհրաժեշտ գիտելիքները ՀԿ-ի անխափան գործունեության ապահովման համար:
- Հնարավոր հավելյալ թեմաներ
- Հայաստանի տնտեսության կառուցվածքը. հիմնական ռեսուրսները, մարտահրավերները
- Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտը. հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները
- Հայաստանի բնապահպանության ոլորտի ընդհանուր բնութագիրը, խնդիրները, ռեսուրսներն ու մարտահրավերները
- Հայաստանի ժողովրդագրական խնդիրները
- Պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտների խնդիրները
Աշխատանքի նկարագիր
Բացի ձեռնարկից, ինչպես վերը նշեցինք, փորձագետներից կամ աշխատանքային խմբերից ակնկալվում է վերը նշված թեմաներով մշակել նաև ուսումնական նյութի պլան (դասավանդման մեթոդիկա)։ Ձեռնարկը և ուսումնական մեթոդը պիտի արտացոլեն Հայաստանում տեղի ունեցող ակտուալ զարգացումները։
Մրցույթին մասնակցելու դիմումի նկարագրողական մասը.
Նկարագրողական մասի ծավալը. Մինչև 5 էջի սահմաններում, գումարած հղումներ օգտագործվելիք տեղեկատվության աղբյուրներին։
Նկարագրողական մասի կառուցվածքը.
- Ձեռնարկի վերաբերյալ տեղեկատվություն.
- Առաջարկվող թեման
- Ձեռնարկի վերնագիրը
- Ձեռնարկի նպատակը
- Կառուցվածքը (թեմաներ, ենթաթեմաներ)
- Տվյալ կառուցվածքի հիմնավորում
- Ինչպես է դիմումից երևում, որ ձեռնարկը նախատեսված է հատկապես քաղաքացիական հասարակության և/կամ ՔՀԿ-ների համար
- Դասընթացի վերաբերյալ տեղեկատվություն.
- Դասավանդման մեթոդը
- Դասավանդող(ներ), վարող(ներ), հրավիրված մասնագետներ
- Դասընթացի տևողությունը
- Ընդհանուր փաթեթին վերաբերող տեղեկատվություն.
- Կից նյութեր, հղումներ
Պահանջվող որակավորումները
Դիմողները պիտի ունենան պետական, հանրային քաղաքականության ոլորտ(ներ)ի, քաղաղացիական հասարակության կառույցների վերաբերյալ գրելու և հրապարակվելու, այդ ոլորտներում աշխատանքի և/կամ դասավանդման փորձառություն:
Ընտրող հանձնաժողովի կողմից հատուկ ուշադրություն կդարձվի նախատեսվող ձեռնարկի և ընտրված թեմաների նորարարական մեկնաբանմանը:
Գերադասելի է ինտերակտիվ և մասնակցային մեթոդներով դասընթացներ վարելու փորձի ցուցադրումը դիմումում:
Դիմելու կարգը
Դիմելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- Հետաքրքրվածության կարճ նամակ, նշելով թեման, առաջարկվող ժամկետը և ակնկալվող վարձատրության չափը
- Դիմումի նկարագրողական մասը (տե՛ս վերը)
- Դիմողների կենսագրություններ, որոնցում կարտացոլվեն. վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար համապատասխան որակավորումը, նման աշխատանքի նկարագրությունը, հղումներ
- Որպես առդիր՝ հատվածներ կատարված նման աշխատանքներից (եթե հղում չկա) (ողջունելի է)
Ժամկետները և ընտրության գործընթացը
Դիմումի փաթեթը պիտի լինի հայերեն, կցվող նյութերը կարող են լինել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։
Հայտի ներկայացման վերջնաժամկետն է՝ ս.թ. հունիսի 25-ը: Ուղարկել հայտը [email protected] էլ.հասցեին։
Կողմնորոշիչ նախապատրաստական (հարց-պատասխան) հանդիպում հետաքրքրված մասնագետների հետ` ս.թ. մայիսի 30-ին, ժ. 16։00, ԵՀՀ գրասենյակում։ Հանդիպմանը մասնակցելու համար նախապես գրանցվել էլ. նամակ ուղարկելով [email protected] հասցեով, վերնագրի տողում նշելով` ՀԿ Դեպո կողմնորոշիչ հանդիպում։
Ձեռնարկի նախնական տարբերակի ստեղծման աշխատանքները պիտի ավարտվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 1։ ՔՀԿ-ների ուսուցման պրոցեսը (2-3 օր տևողությամբ) կկազմակերպվի ձեռնարկի հաստատումից հետո, 2019 թ. աշնանը։
Հանձնաժողովի ընտրությունը կկատարվի դիմողների որակավորման, թեմայի, առաջարկվող բովանդակային մոտեցման, ժամկետի և առաջարկված գնի համադրությամբ:
Հաղթողներին կտրամադրվի ԵՀՀ «Հրապարակման ուղենիշը», որպեսզի տեքստի ձևակերպման կանոնները համապատասխանեն ԵՀՀ ստանդարտներին, սկսած նախնական տարբերակից: Հաղթողների հետ ԵՀՀ-ն կաշխատի, արվելիք գործը հնարավորինս հստակորեն թիրախավորելու համար ըստ ԵՀՀ վերը նշված առաջնայնությունների և տեքստը վերջնական տարբերակի հասցնելու համար:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել ԵՀՀ ծրագրի ղեկավար Լիլիթ Արզոյանին՝ [email protected] հեռ. 093 25 15 91 կամ ԵՀՀ Ծրագրի տնօրեն Գայանե Մկրտչյանին` 095-25-15-68 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստով։
=============================================================================
Սույն ծրագիրն իրականացվելու է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո-Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և ուժգնացնում ՀԿ-ների կարողությունները՝ որպես բարեփոխումներն առաջ մղող, ծառայությունները բարելավող և տնտեսական, ժողովրդավարական ու սոցիալական ոլորտներում արդյունավետ կառավարմանը նպաստող դերակատարներ:
Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: