ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ զեկույցների ներկայացում․ դասընթաց մարզային ՀԿ-ների համար
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մարդու իրավունքների ոլորտում գործունեություն ծավալող մարզային ՀԿ-ներին և ակտիվիստներին դիմելու ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ զեկույցների ներկայացման վերաբերյալ դասընթացին մասնակցելու համար։ Դասընթացը տեղի կունենա Երևանում, ԵՀՀ գրասենյակում ս․թ․ հուլիսի 9-10։ Դասընթացի օրակարգը հասանելի է այստեղ։ Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը (ճանապարհածախս, գիշերակաց, սնունդ) հոգում է ԵՀՀ-ն։
Դասընթացը կազմակերպվում է «GPS+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է հզորացնել Հայաստանի մարզային ՔՀԿ-ների կարողությունները՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին, ինչպես նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին հասցեագրված որակյալ, հիմնավորված այլընտրանքային զեկույցների մշակման հարցում: Նշենք, որ առաջիկայում Հայաստանի կառավարությունը պիտի ՄԱԿ-ի մարդու իրավունքների պայմանագրային մարմիններին ներկայացնի հետևյալ միջազգային պայմանագրերի կատարման վերաբերյալ ազգային զեկույցները՝ 1) Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա, որի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2019 թ․-ի հունվարի 22-ը; 2) Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր, որի ներկայացման վերջնաժամկետն է 2019 թ․-ի մայիսի 30-ը:
Երկօրյա դասընթացը վարելու են մարդու իրավունքների ոլորտում բարձր որակավորում ունեցող փորձագետներ։ Դասընթացը կենտրոնանալու է ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման առանցքային փուլերի ու գործնական հմտությունների ձևավորման վրա: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան ընդգկրվելու ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ զեկույցների մշակման գործընթացում։ Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում մինչև 2019թ․ հուլիսը նախապատրաստվելու և ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտե, ինչպես նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտե են ներկայացնել առնվազն չորս այլընտրանքային զեկույց։ Այլընտրանքային զեկույցներն անդրադառնալու են Հայաստանի չորս մարզերում առկա մարդու իրավունքների հետևյալ հիմնահարցերին․
- բավարար կենսամակարդակի իրավունք՝ Շիրակի մարզ;
- էթնիկ/կրոնական փոքրամասնությանը պատկանող երեխաների իրավունքներ՝ Արմավիրի մարզ;
- ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակի իրավունք՝ Գեղարքունիքի մարզ;
- աշխատանքի արդար և նպաստավոր պայմանների իրավունք (աշխատանքային իրավունքներ)՝ Սյունիքի մարզ։
Ինչպե՞ս դիմել․
Հետաքրքրված դիմումատուները պետք է ուղարկեն հետևյալ երկու փաստաթղթերը՝
- ինքնակենսագրություն (CV) և
- լրացված հայտ
Այն անձինք, որոնք դիմում են որպես մարզային ՀԿ ներկայացուցիչ, պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Այն անձինք, որոնք դիմում են որպես մարդու իրավունքների մարզային ակտիվիստներ պետք է լրացնեն հետևյալ հայտը։
Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրությունն (CV) ու լրացված հայտը Անուշ Մարգարյանին հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։ Նամակի առարկայի տողում անհրաժեշտ է նշել՝ Դասընթաց մարզային ՀԿ-ների համար և Ձեր անունը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունիսի 20-ը։
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ տեղերը սահմանափակ են։ Հաշվի առնելով ծրագրի ծածկույթը նախապատվությունը տրվելու է Շիրակի, Արմավիրի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից ստացված մասնակցության հայտերին։
«GPS+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է ԵՀՀ-ի կողմից՝ Democracy Reporting International (DRI)-ի աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» համաշխարհային ծրագրի շրջանակներում, որը DRI-ն իրականացնում է ինը երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: