Image

Խտրականության վերաբերյալ ֆիլմի դիտում և քննարկում ԵՀՀ-ի կողմից Գյումրի և Վանաձոր Ինֆոտներում

Օգոստոսի 9-10-ը Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) շարունակել է խտրականության վերաբերյալ ուսուցողական ֆիլմիցուցադրությունների շարքը և մարդու իրավունքների` մասնավորապես խտրականության և անհանդուրժողականության խնդիրների վերաբերյալ քննարկումները, որոնք վարում է ԵՀՀ-ի «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի ղեկավար Անուշ Մարգարյանը: Այս անգամ ֆիլմի ցուցադրությունն ու քննարկումները տեղի են ունեցել Գյումրի ու Վանաձոր Ինֆոտներում՝ երիտասարդ ակտիվիստների, դպրոցի ուսուցիչների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակացությամբ:

Թե´ Գյումրու, թե´ Վանաձորի մասնակիցները ֆիլմի դիտումից հետո կիսվեցին Հայաստանում և մարդու իրավունքների, խտրականության և անհանդուրժողականության խնդիրների վերաբերյալ տարբեր մոտեցումներով: Այսպես, օրինակ, Գյումրի Ինֆոտանը ներառական կրթության ոլորտում պետական քաղաքականության քննարկման ընթացքում ուսուցիչներից մեկն իր մտահոգությունը հայտնեց վերջինիս արդյունավետության վերաբերյալ՝ հաշվի առնելով դպրոցների մատչելիության և բազմամասնագիտական թիմի ու ուսուցիչների վերապատրաստման ապահովման հարցում պետության նյութական միջոցների անբավարարությունը: Նշենք, որ ներառական կրթության նպատակն է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական դպրոցներում բոլոր երեխաների՝ խտրականության բացառմամբ և հավասար հիմունքներով կրթության իրավունքի իրացումը ապահովելու համար։ Մյուս կողմից, բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ, եթե պետությունն իր վրա է վերցրել բոլոր երեխաների համար հավասար հիմունքներով կրթության ապահովման միջազգային պարտավորությունը, ապա ֆինանսական միջոցների սղությունը չի կարող հանդիսանալ այդ պարտավորությունների չկատարման արդարացում:

Բոլոր մասնակիցները համաձայնեցին նաև, որ, չնայած խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրության բացակայությանը, «Հավասարության մասին» օրենքի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել 2017 թվականի վերջում, կծառայի իր նպատակին միայն դրա գործնական կիրարկումն ապահովող մեխանիզմների, հանդուրժողականության մթնոլորտի ու միմյանց հասկանալու ցանկության առկայության դեպքում: Վանաձոր ինֆոտան քննարկման մասնակիցները ոչ միայն հետաքրքրված էին ֆիլմով, այլև հարցեր էին ուղղում քննարկման վարողին խտրականության արգելմանն ու կանխարգելմանն ուղղված «Հավասարության մասին» օրենքի նախագծի ներկա զարգացումների և ոլորտում պետական քաղաքականության վերաբերյալ: Ավելին, նրանք կիսվեցին  իրավիճակներով, երբ անձամբ ենթարկվել են խտրական վերաբերմունքի: Քննարկման մասնակիցներից մեկը պատմեց մի դեպք, երբ ճանապարհային ոստիկանը կանգնեցրել էր իր ավտոմեքենան ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, սակայն հրաժարվել էր տուգանել, ասելով՝ «քեզ չեմ տուգանի, քանի որ աղջիկ ես, բարի ճանապարհ»: Մեկ այլ մասնակից, ներկայացնելով Հայաստանում խտրականության իրավիճակի իր ընկալումը, նշեց, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, որտեղ կախված իրավիճակից. «Սահմանադրություն կա և չկա, խախտումներ կան և չկան, մարդիկ արժեք են և չարժեք»: Քննարկման մասնակիցների կարծիքով Հայաստանում խտրականության և անհանդուրժողականության դրսևորումները մասսայական չիմացության հետևանք են, ինչն առաջին խոչընդոտներից է, որը պիտի հաղթահարվի՝ երկրում խտրականության բացառման և հանդուրժողականության հաստատման համար:  

Ավելին