2017-ը հարուստ էր մի շարք հաջողություններով: ԵՀՀ Մարդու Իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը Հայաստանում աշխատող միջազգային հանրության կողմից պարգևատրվեց Ազատության պաշտպան պարգևով, ի նշումն իր նվիրյալ գործունեությանը՝ կրոնական հանդուրժողականության և այլ ազատությունների ու իրավունքների պաշտպանության ասպարեզում: ԵՀՀ-ն հրատարակեց «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» հետազոտությունների ժողովածուն, շարունակելով իր ճիգերը՝ հասարակությանը դրդել արժեքային քննարկումները տանել համաշխարհային և ազգային արժեքների խաչմերուկներ, այլ ոչ թե խխունջանալ մեկ կամ մյուս ծիրում: Այս տարի ԵՀՀ-ն առաջին անգամ համագործակցեց հայության ամեենախոշոր համաշխարհային ոչ կառավարական կազմակերպության՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ՝ Երոպական միության ֆինանսավորմամբ քաղաքացիական հասարակության զարգացմանը նվիրված ևս մեկ ծրագիր իրագործելու նպատակով: Այս ծրագիրը, ինչպես և ԵՀՀ բոլոր նախորդները, մեթոդաբանական նորույթ մտցրեց քաղաքացիական հասարակությունը զարգացնելու մեր մոտեցումներում, հասցեագրելով մասնագիտական կոնկրետ խմբեր այսպես կոչված «ուղղահայաց»՝ մասնագիտացված մարզումների միջոցով: Հասցեագրվեցին էկոլոգիական, կանանց իրավունքների, մշակույթի հարցերով զբաղվող՝ թանգարանների, գրողների, էլեկտրոնային գրքեր ստեղծողների և այլ նախաձեռնություններ: Կապեր հաստատվեցին Սփյուռքի կամավորների և հայաստանյան ՀԿ-ների միջև:
Թուրքիայում 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը հնարավորություն տվեց Էրդողանի կառավարությանը լայնատարած հարձակում սկսել քաղաքացիական հասարակության և լրագրողների հանդեպ: Հազարավոր մարդիկ բանտարկվեցին, ոմանք հեռացան երկրից: ԵՀՀ աշխատանքը Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ ազդվեց այդ իրադարձություններից. շատ գործընկերներ հետապնդումների թիրախ դարձան: Ավաղ, 2017 թ. աշնանը բանտարկվեց ԵՀՀ կարևորագույն գործընկեր Օսման Քավալան՝ «Անադոլու Կուլտուր» կազմակերպության ղեկավարը, Թուրքիայի քաղաքացիական հասարակության խարիզմատիկ առաջնորդներից մեկը: Չնայած միջազգային հանրության բողոքներին, Օսմանը մնաց բանտում: Սակայն նույնիսկ այդ իրադրության մեջ նա քաջալերեց իր կազմակերպությանը և գործընկերներին՝ շարունակել երկխոսական ծրագրերը Հայաստանի հետ, որպեսզի հայաստանյան և Թուրքիայի հասարակությունները շարունակեն միմյանց ճանաչելու և անցյալի հարցերը ճշտելու դժվարագույն գործընթացը:
Նյութի վերջին խմբագրումը․ 26 հունիս, 2021