Աշխատանքը մարդկային գործունեության ունիվերսալիա է, որը բնորոշ է բոլոր ժամանակների հասարակություններին։ Մյուս կողմից, աշխատանքի դրսևորումներն ունիվերսալ չեն. դրանք հարափոխվում են մարդկության պատմական զարգացման ողջ ընթացքում։ Մեր ժամանակաշրջանում դրս`ևորվող աշխատանքի առանձնահատկությունների ձևավորման հարցում առանցքային են նախորդ դարի կեսերին՝ մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած հասարակական փոփոխությունները։ Այս ժամանակաշրջանը բնորոշվում է կայուն աշխատանքում պարբերական ընդգրկվածության ստանդարտ ձևերի (որոնք տիպական են Առաջին համաշխարհայինին հաջորդող հետպատերազմական, ֆորդիստական հասարակությանը) փոխարինմամբ պրեկարային աշխատանքի ճկուն ձևերով, որն իր հերթին դիտարկվում է որպես ուշ արդիականության կապիտալիզմի խորհրդանիշ (MacDonald, 2009, p. 183)։ Աշխատանքի դրսևորման «նոր» ձևերն ունեն տարբեր բնորոշումներ՝ ոչ ստանդարտ, ոչ ավանդական, ոչ ֆորմալ, այլընտրանքային և այլն։ Դրանք ամփոփված են պրեկարային աշխատանքի (precarious work) գաղափարում։ Վերջինս սահմանվում է որպես աշխատանք, որն անկայուն է, անկանխատեսելի և ռիսկային աշխատողի տեսանկյունից (Kalleberg, 2009, p.2)։ Պրեկարային աշխատանքի դրսևորումները կարող են բազմազան լինել, աշխարհում այդպիսիք են համարվում, օրինակ` ամրագրված տևողությամբ (ժամանակավոր) աշխատանքը, ազատ գրաֆիկով աշխատանքը, սեզոնային աշխատանքը և այլն։ Կարևոր է ընդգծել, որ նշվածներն ուղղակիորեն պրեկարային աշխատանքի ենթատեսակներ չեն։ Այս կամ այն զբաղվածությունը կարող է որպես այդպիսին բնորոշվել՝ կախված դրա անկայունության, ռիսկայնության, առաջընթացի հնարավորության, իրավունքների պաշտպանվածության տարբեր մակարդակներից և այլն: