Հայաստանյան դպրոցներում քաղաքացիական կրթությանը (citizenship education) առավելագույնս առնչվող նյութը դասավանդվում է «Հասարակագիտություն» առարկայի շրջանակներում: Իրականում այս թարգմանությունը չի կարելի ճշգրիտ համարել, քանի որ այն համապատասխանում է ռուսերեն «обществоведение» բառին, ինչը թարգմանաբար նշանակում է «հասարակության տեսություն»: Հենց այս անվանումն էր կրում քննարկվող առարկան խորհրդային տարիներին: Մինչդեռ իմաստային առումով հայերենում social science-ին համարժեք է սոցիալական գիտություն/ներ եզրը: Տվյալ առարկայի ներկայիս տարբերակը որևէ աղերս չունի Մարքսի, Լենինի կամ կոմունիզմի հետ, և, ինչպես ցույց է տալիս մեր վերլուծությունը, այդ առարկայի համար մշակված և ընդունման ենթակա նոր չափանիշները գրեթե ամբողջությամբ, եթե ոչ լիովին, համապատասխանում են քաղաքացիական կրթության պահանջներին: Բացակայում է, թերևս, ուսուցման ծրագիրը կազմելու մեթոդաբանությունը, և, հաշվի առնելով, որ անգամ չափանիշներն են առայժմ գտնվում մշակման փուլում, հարց է ծագում, թե ինչպես վերապատրաստել ուսուցիչներին այդ նոր չափանիշների համաձայն և ինչպես ընդգրկել քաղաքացիական մոտեցումը այլ առարկաների կրթական ծրագրերում: Դպրոցներին՝ որոշակի վերապահումներով, սեփական ուսումնական ծրագրեր մշակելու ազատություն է տրվել: Սակայն, եթե ուսումնական հաստատությունները չդիմեն անհապաղ և վճռական քայլերի, նրանք, ամենայն հավանականությամբ, դուրս չեն գա հնացած ձևաչափերից և միայն մակերեսորեն կհարմարվեն նոր չափանիշներին: Բարդությունը բխում է նաև այն հանգամանքից, որ որպես դպրոցական կրթության հիմնական ուղղություն բարեփոխումները որդեգրել են կարողունակությունների հայեցակարգը, ինչն, անշուշտ, արդիական մոտեցում է: Սակայն ո՛չ Հայաստանում, ո՛չ աշխարհում առայժմ չի համաձայնեցվել կարևորագույն հարցը. ինչպե՞ս չափել այդ կարողունակությունները և մասնավորապես՝ քաղաքացիական կրթության ոլորտին վերաբերող կարողունակությունները: Մինչև օրս համաձայնեցված սահմանում չի տրվել անգամ «կարողունակություն» հասկացությանը: Ավելին, Նոամ Չոմսկին՝ ժամանակակից լեզվաբանության վրա հսկայական ազդեցություն թողած գիտնականը, տարանջատում է լեզվական կարողունակությունները և դրանց դրսևորումը/կիրառումը խոսքում, այսպիսով առանձնացնելով լեզվի իմանալու և կիրառելու մակարդակները: Մինչդեռ կրթական բարեփոխումների նպատակն է ապահովել երիտասարդներին այնպիսի կարողություններով, որոնց շնորհիվ նրանք կկարողանան գործել թե՛ որպես տեղեկացված քաղաքացիներ, թե՛ որպես գրագետ մասնագետներ, ինչը նշանակում է, որ կարողունակությունների տեսական մակարդակը չպիտի էապես կտրվի կիրառման մակարդակից: