2009 թվականին ԵՀՀ-ն վերլուծեց Հայաստանում առկա կարիքները, ինչպես նաեւ կազմակերպության ռազմավարություններն ու կարողությունները: ԵՀՀ-ի կողմից ընդունված նոր ռազմավարությունը էական ուշադրություն էր հատկացնում Եվրոպական միություն (ԵՄ) - Հայաստան հարաբերություններին եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրին: Այս ուշադրությունը պայմանավորված էր այն գիտակցությամբ, որ ԵՄ չափանիշներին մոտարկումը Հայաստանի համար առավել ակնառու աշխարհաքաղաքական հնարավորություններից մեկն է՝ լուծելու իր բարեկեցության հիմնական խնդիրները, այդ թվում՝ կապված զարգացման, ժողովրդավարության խորացման, անվտանգության եւ մարդկային կապիտալի հետ: Հետեւաբար, իր «Եվրոպա» ծրագրի շրջանակներում ԵՀՀ-ն, սահմանափակ կերպով, ներգրավվեց Բոլոնիայի գործընթացի լույսի ներքո բարձրագույն կրթության բարեփոխման գործընթացում: Բոլոնիայի գործընթացը մասնակից պետություններին եւ համալսարաններին հնարավորություն է ընձեռում առաջ ընթանալ դեպի միացյալ եւ մրցունակ կրթական շուկա՝ կրթական եւ ակադեմիական չափանիշների մոտարկման միջոցով: