Ինֆոտնային ծառայություններ

Այս բաժնում դուք կծանոթանաք Ինֆոտնային ցանցի կողմից մատուցվող ծառայություններին։ Ինֆոտնային ցանցը հիմնադրվել է 2011 թվականին և կարճ ժամանակում հայտնի դարձել իր յուրահատուկ, բազմակողմանի գործունեությամբ։ Ինֆոտները հանդիսանում են տեղեկատվական կենտրոններ և հիմնականում գործում են մարզկենտրոններում, սակայն նրանց շահառուների շրջանակը չի սահմանափակվում միայն մեկ համայնքով։ Նրանք մշտապես ընդլայնում են իրենց գործունեության շրջանակը, լսարան հավաքագրելով նաև հարևան համայնքներում։ ԻնֆոՏնային ցանցը միակն է Հայաստանում, որն ապահովում է ծառայությունների՝ միջոցառումների կազմակերպման, դասընթացների և նախաձեռնությունների իրականացման ծածկույթ բոլոր տասը մարզերում։

Այս տարիների ընթացքում Ինֆոտները մասնագիտացել են տարբեր ոլորտներում․նրանք բացի իրենց հիմնական գործունեությունից, մատուցում են նաև տարբեր ծառայություններ՝ սկսած ադմինիստրատիվ գործունեությունից մինչև բովանդակային օժանդակություն։ 

Եթե դուք ցանկանում եք կազմակերպել միջոցառում, համագործակցել լրատվամիջոցների և տեղական իշխանությունների հետ, լուծել համայնքային խնդիրներ, իրականացնել ստարտափեր, սակայն չգիտեք ինչպես սկսել, ապա այս և այլ հարցերում ձեզ օգնության կգա Ինֆոտնային ցանցը։

Միջոցառումների կազմակերպում

Ինֆոտներն ունեն մշտական տարածք, կամավորներ և շահառուներ։ Լինելով տեխնիկապես հագեցած ռեսուրս կենտրոններ, բոլոր հնարավորություններն ունեն տարատեսակ քննարկումներ, պրեզենտացիաներ և ցանկացած այլ մասշտաբի և ֆորմատի միջոցառումներ կազմակերպելու համար։ Օրինակ, եթե դուք ցանկանում եք ձեր արտադրած ֆիլմը ցուցադրել ոչ միայն Երևանում, այլ նաև հանրայնացնել այն Հայաստանի բոլոր մարզերում, Ինֆոտունն այս հարցում կօգնի ձեզ թե՛ տեխնիկապես, թե՛ իր վրա վերցնելով կազմակերպչական գործերը։

Դասընթացների կազմակերպում

ԻնֆոՏները կազմակերպում են մեդիագրագիտության, քաղլրագրության, ֆոտո և վիդեո լրագրության, տեքստեր գրելու, մեդիա արտադրանք թողարկելու, վլոգինգի, SMM, տեղական ինքնակառավարման թեմաներով դասընթացներ։ Դասընթացները կազմակերպվում են ոչ միայն երիտասարդների, այլև մեծահասակների, համայնքապետարանների, նրանց աշխատակիցների, տեղական ՀՈԱԿ/ՊՈԱԿ-ների, գործընկեր ՀԿ-ների աշխատակիցների համար։

Համագործակցություն տեղական իշխանությունների հետ

ԻնֆոՏները ծառայություններ են մատուցում տեղական ինքնակառավարման ոլորտում ևս։ Նրանք, վերապատրաստվելով մասնագետների կողմից, ակտիվորեն համագործակցում են տեղական իշխանությունների հետ։ ԻնֆոՏները օգնում են ՏԻՄ-երին և միջնորդ են հանդիսանում ՏԻՄ-բնակիչ արդյունավետ կապն ապահովելու համար։ Բարձրաձայնում են հրատապ խնդիրներ, մշակում են դրանց լուծման հնարավոր տարբերակներ, խորհրդատվություն և մարդկային ռեսուրսներ են տրամադրում ՏԻՄ-երին։ Ունենալով ակտիվ ֆեյսբուքյան էջեր՝ նրանք կիսում են նաև կարևոր ինֆորմացիա, որը տեղադրվում է համայնքապետարանների կայքերում։

Ինֆոտները տիրապետում են բոլոր մասնակցային գործիքներին, որոնք անհրաժեշտ են համայնքային խնդրի լուծման սխեմա առաջարկելու համար։ Դե ինչ, եթե տեսնում եք խնդիր, որը գտնվում է տեղական իշխանությունների լիազորությունների տիրույթում, ունեք այն լուծելու գաղափար, կարող եք դիմել ձեր գործընկեր Ինֆոտներին։

Համագործակցություն լրատվամիջոցների հետ

ԻնֆոՏները հանդիսանում են տեղական այլընտրանքային մեդիաներ, ունեն շահառուներ և քաղ․լրագրողներ, ովքեր ակտիվորեն համագործակցում են խոշոր մեդիաընկերությունների հետ։ Ինֆոտները բարձրաձայնում են հատկապես այն խնդիրները, որոնք հիմնականում դուրս են մնում զանգվածային լրատվական միջոցների ուշադրությունից, սակայն տեղի բնակչության համար մեծ նշանակություն ունեն։ Քանի որ խոշոր լրատվամիջոցները տեղակայված են Երևանում, համայնքները հիմնականում դուրս են մնում լրատվամիջոցների գործունեության դաշտից։ Այս բացը ինչ որ չափով լրացվում է ԻնֆոՏների շնորհիվ, ովքեր  թղթակցում են մեդիաների հետ և տրամադրում նյութեր տեղական խնդիրների կամ իրադարձությունների մասին։

Մոնիտորինգ և լոբբինգ

Ինֆոտները տարբեր ոլորտներում իրականացնում են մշտադիտարկում։ Ուսումնասիրում են կոնկրետ ոլորտի պատասխանատուների գործունեությունը, տարբեր մասնակցային գործիքների օգնությամբ դիմում են պատասխանատուներին՝ բացերը շտկելու առաջարկություններ անելով։

Կատարելով տվյալ ոլորտի մշտադիտարկում, ԻնֆոՏները հավաքագրում են անհրաժեշտ տվյալներ և տեղեկատվություն, խորհրդակցում են փորձագետների հետ, կազմում առաջարկությունների փաթեթ և հասցեագրում տվյալ խնդիրները պատասխանատուներին։

Ստարտափերի նախագծում և իրականացում

Ինֆոտները այս տարիների ընթացքում իրականացրել են սոցիալական նշանակության մի շարք ստարտափեր։ Ինֆոտները կարող են օգնել ստարտափերի հեղինակներին, դրանք իրականացնողներին, տրամադրել տեղեկատվություն, ներգրավել պետական, համայնքային և բիզնես սեկտորների ներկայացուցիչներին տվյալ նախագծում։  Ինֆոտները ունեն շահառուների տարբեր թիրախային խմբեր, ովքեր ներգրավվելով այդ աշխատանքներին, կարող են օգնել ձեզ իրագործելու ձեր նախագծած ստարտափը։ Բերենք մի քանի հաջողված օրինակներ։

Եթե մի օր այցելեք Արարատ քաղաք, կենտրոնական փողոցներից մեկում կտեսնեք կանաչ գույնի յուրահատուկ աղբաման, որը բաղկացած է ապակյա և պլաստիկ շշերի համար նախատեսված բաժիններից։  Աղբամանը «խելացի» է․ այն ունի վահանակ, որը նախատեսված է համապատասխան կոդը մուտքագրելու համար։ Բնակիչներին խրախուսելու նպատակով ստեղծվել է նաև կայք, որտեղ բնակիչները գրանցվում են և ստանում համապատասխան կոդը։ Կոդը մուտքագրելով՝ բնակիչները կուտակում են միավորներ։ Ամենաշատ միավորներ հավաքած քաղաքացիների աղբահանության գումարը համայնքապետարանը զրոյացնում է։ Այս ծրագրով նախաձեռնողները և տեղացիները փորձում են զարգացնել աղբի տեսակավորման մշակույթը։

Մարտունու Երևանյան փողոցում վերջերս տեղադրվել է հեծանիվի արձան։ Ձեզ մոտ անպայման հարց կառաջանա, թե ինչ է այն խորհրդանշում։ Արձանի գաղափարը ծագել է Մարտունու Ինֆոտան և նրա շահառուների մոտ, որի դերը հեծանվային սպորտի խթանումն է համայնքում։ Այս արձանը պատրաստվել է ՏԻՄպուլս ծրագրի շրջանակում, որի նպատակն էր ավագանու անդամների վրա «ազդելով» ստիպել նրանց լուծում տալ տեղական կարևոր խնդիրների։ Մարտունի Ինֆոտան կամավորները ի վերջո հասան ծրագրի նպատակին՝ համայնքապետարանը թույլատրեց տեղադրել արձանը և համաձայնեց հեծանվային արահետի գծանշումներ անել Երևանյան փողոցում՝ ճանապարհաշինական աշխատանքների իրականացմանը զուգահեռ։

Հաջողության պատմությունները բազմաթիվ են և դրանց մասին իմանալու համար կարող եք հետևել Ինֆոտների ֆեյսբության էջերին ու հիշել, որ Ինֆոտունը ձեր գործընկերն է Հայաստանի բոլոր համայնքներում։

Ինֆոտան հետ կապվելու համար անհրաժեշտ է գտնել ձեր բնակավայրին ամենամոտ Ինֆոտան կոնտակտները: