Այս գործիքը հնարավորություն է տալիս ոչ առևտրային կազմակերպություններին ինքնուրույն գնահատել սեփական կարողությունները՝ կազմակերպության կարողությունների զարգացման գործընթացում։
Կազմակերպական կարողությունների զարգացման գործիքը ստեղծվել է Եվրասիա համագործակցության հիմնադրամի համար «ՀԿ Դեպո – հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում։ Ծրագիրը խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և բարձրացնում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ)՝ որպես բարեփոխումներն առաջ մղող և վերահսկող դերակատարների կարողությունները, բարելավում է ծառայությունները և նպաստում առավել արդյունավետ կառավարմանը տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական ոլորտներում:
ԻՆՉ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԻՔԸ
Գնահատման գործիքի նպատակն է աջակցել ոչ առևտրային կազմակերպությունների կազմակերպական կարողությունների գնահատմանը և զարգացմանը։
Կազմակերպական կարողությունների զարգացման գործընթացը պլանավորվում և իրականացվում է ըստ կարիքների և իրավիճակի։ Այն ընդգրկում է հետևյալ չորս քայլերը.
- կազմակերպական զարգացման կարիքի և նպատակների բացահայտում
- կազմակերպության կարողությունների ոլորտների սահմանում
- գնահատման նախապատրաստում և իրականացում
- կազմակերպական զարգացման գործընթացի պլանավորում կամ այդ պլանի վերանայում։
Զարգացման նպատակները հստակեցնելիս, կազմակերպությունը գիտակցում է կարողությունների գնահատման օգտակարությունը։ Դա ապահովում է գնահատման արդյունավետությունը և առաջարկված քայլերի հետևողական իրագործումը։ Հակառակ դեպքում գործընթացը էական արժեք չունի։ Սա պետք է հաշվի առնել, հատկապես, երբ կազմակերպության կարողությունների գնահատումն իրականացվում է արտաքին պատվիրատուի (դոնորի) պահանջով։
ՔՀԿ-ների ղեկավարները, իրենց աշխատակիցների, խորհրդի անդամների և հրավիրված փորձագետների հետ միասին, գործիքը կարող են օգտագործել կազմակերպության ուժեղ կողմերի և կամ կարողությունների բարելավման ենթակա կողմերի բացահայտման, ժամանակի ընթացքում տեղի ունեցած՝ կազմակերպության կարողությունների փոփոխությունները չափելու, ինչպես նաև կազմակերպության առկա և պահանջվող կարողությունների վերաբերյալ տարբեր տեսակետներ վեր հանելու և քննարկելու համար։
Երկու մասից բաղկացած գործիքը հնարավորություն է ընձեռնում.
- ստուգելու անհրաժեշտ փաստաթղթերի, ընթացակարգերի և քաղաքականությունների առկայությունն ու կիրառումը և
- գնահատելու կազմակերպության կարողությունների հիմնատարրերը և դրանց ընկալումը կազմակերպության անդամների կողմից:
Զարգացման մասնագետը դա անում է կարողությունների վերաբերյալ յուրաքանչյուր հարցին տրված հնարավոր պատասխաններից ընտրելով այն, որը լավագույնս է նկարագրում կազմակերպության ներկայիս կարգավիճակը կամ համապատասխան գործառույթի իրականացումը։
ԳՈՐԾԻՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Գնահատման առաջին փուլում իրականացվում է կազմակերպության հիմնական փաստաթղթերի և կիրառվող քաղաքականությունների ստուգում։ Այնուհետև անցկացվում է կազմակերպության գործառույթների ընկալման գնահատում։ Գնահատման գործիքը բաղկացած է հետևյալ վեց հիմնական բաժիններից.
-
Կառավարում
- Ղեկավարում և վարչարարություն
- Մարդկային ռեսուրսներ
- Ֆինանսական կառավարում
- Հաղորդակցություն և հանրային կապեր
- Ծրագրեր և ծառայությունների մատուցում։
ՔՀԿ-ների վեց գործառութային ոլորտներից յուրաքանչյուրը դիտարկվում է ըստ կազմակերպական զարգացման հետևյալ չորս մակարդակների.
- Կարողության զարգացման բացահայտ կարիք
- Կարողության սկզբնական մակարդակ
- Կարողության միջին մակարդակ
- Կարողության բարձր մակարդակ
Վերջին՝ չորրորդ մակարդակը ձևակերպված է այնպես, որ ստեղծի ձգտելու կարիք, սակայն դրան համապատասխանելը հեշտ չլինի:
Այժմ դիտարկենք գնահատման գործիքի վեց բաժինները։
- Կառավարում (governance)
Կառավարումն ու ռազմավարությունը բնորոշում են, թե ինչպես են պլանավորվում և հաստատվում կազմակերպության առաքելությունը, գործունեության ուղղություններն ու ծրագրերը, և թե ինչպես են բաշխված անձնակազմի, ղեկավարների և խորհրդի անդամների դերերը։ Կազմակերպության կառավարման համակարգերը փաստաթղթավորում են կազմակերպության կառուցվածքը և կառավարման հիմնական սկզբունքները։ Կառավարման համակարգերը կազմակերպություններին թույլ են տալիս որոշելու իրենց համընդգրկուն նպատակներն ու իրականացվող ծրագրերը և սահմանելու կազմակերպության առաքելությունն իրականացնելու համար անհրաժեշտ ռազմավարական առաջնահերթություններն ու այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ բյուջեն։
- Ղեկավարում և վարչարարություն (management and administration)
Այս բաժնում գնահատվում է կազմակերպության ղեկավարման և վարչական համակարգերի որակն ու վիճակը, ղեկավարման կարողությունները զարգացնելու և կիրառելու հեռանկարները, ինչպես նաև այդ ոլորտում քաղաքականության և ընթացակարգերի առկայությունը և աշխատակիցների գիտելիքները։
- Մարդկային ռեսուրսներ (talent management)
Այս բաժնում գնահատման նպատակն է որոշել, թե որքան է կազմակերպության կարողությունը՝ գոհ ու հմուտ աշխատուժ պահպանելու, հավաքագրելու, զարգացնելու. կառավարելու համապատասխան գործառույթները. արդյունավետ օգտագործելու աշխատակազմի ժամանակը և որակյալ ծրագրեր իրականացնելու։
- Ֆինանսական կառավարում
Այս բաժինը բաղկացած է ֆինանսական համակարգեր, ֆինանսական քաղաքականություն և ընթացակարգեր, բյուջեի պլանավորում և վերահսկում, ծախսերի կիսում կամ համատեղ օգտագործում (cost sharing), ֆինանսական հաշվետվություն, աուդիտ և ֆինանսական կայունություն ենթաբաժիններից։
- Հաղորդակցություն և հանրային կապեր (communication)
Արտաքին աշխարհի՝ ԶԼՄ-ների, դոնորների, գործընկերների և այլ թիրախային խմբերի հետ հարաբերությունների զարգացումը կազմակերպության կարևորագույն գործառույթներից է։ Հաղորդակցման մեթոդները հետևողականորեն կիրառելով, ասելիքը ճիշտ և հասանելի միջոցներով ձևակերպելով, կազմակերպությունները կարող են իրականացնել մարքեթինգային նպատակներ ծառայությունների մատուցման և ընդհանուր ֆինանսական կայունության համար։ Այս գործառութային ոլորտի հիմնական բաղադրիչներն են հաղորդակցության քաղաքականությունն ու հասարակայնության հետ կապերի ռազմավարությունը։ Այս ոլորտում կարևոր է, թե ինչպես է կազմակերպությունը պատկերացնում իր հեղինակությունն իր արտաքին լսարանների, մասնավորապես դոնորների և լրատվամիջոցների հետ հաղորդակցության մեջ, իր անդամների (եթե կիրառելի է) և իր շահառուների կամ ծառայություններից օգտվող հաճախորդների հետ։
- Ծրագրեր և ծառայությունների մատուցում
Սովորաբար շահույթ չհետապնդող աշխարհում «ապրանքներն» ու «ծառայությունները» պատկերացնում են որպես «ծրագրեր», ուստի և այս գործառութային տարածքում միջամտություններն ուղղված են լինում արտաքին հաճախորդներին (համայնքներ, դոնորներ, անդամներ և / կամ գործընկերներ) որակյալ ծառայություններ մատուցելու կազմակերպության կարողությունների ամրապնդմանը։ Արտադրանքի և ծառայությունների մատուցման գնահատման կարևոր գործոններից է որակի չափանիշների առկայությունը և մշտադիտարկման ու գնահատման պրակտիկան։ Այս բաժնի մեկ այլ կարևոր բաղադրիչ է ամբողջ աշխատակազմի պատկերացումը թափանցիկության և հաշվետվողականության մասին, որ պահանջվում են ծրագրի արդյունավետ կառավարման համար։
- Եթե ցանկանում եք գործիքը կիրառել Ձեր կազմակերպության կարողությունները գնահատելու նպատակով, կարող եք որպես ուղեցույց օգտագործել ՀԿ Դեպո պորտալում տեղադրված գործիքը.http://www.hkdepo.am/hy/evaluationtool
- Եթե ցանկանում եք մանրամասն քննարկել Ձեր կազմակերպության կարողությունները, և արդյունքում ունենալ կազմակերպության զարգացման խորհրդատվական պլանը, կարող եք դիմել ԵՀՀ-ի մասնագետների աջակցությանը և կազմակերպել խորհրդատվական գործընթացը, լրացնելով հետևյալ հայտը: